«Լարը սկսեց պրոցեսորին թելադրել»

«Լարը սկսեց պրոցեսորին թելադրել»
Լուսանկարը «Ոսկե Ծիրան»-ի կայքից
« Երբ հեռուստատեսությունը դարձավ կինոֆիլմերի հիմնական պատվիրողը, կինոյի լեզուն էականորեն փոխվեց »

Կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան կինոն համեմատում է քանդակագործության հետ. «Քարը գաղափարն է, որը քայլ առ քայլ մշակում ես ու դեն ես նետում ավելորդությունները։ Նույնն էլ կինոյում է, որտեղ առաջնայինը գաղափարն է։ Հետո հայտնվում են էպիզոդները, կերպարները, հերոսները»։
Ուկրաինայում սովորած ու Գերմանայում ապրող բելառուսցի Սերգեյ Լոզնիցան սիրված ու սպասված հյուր է միջազգային կինոփառատոններում։ Մի քանի տարի առաջ նրա խաղարկային դեբյուտը՝ «Իմ երջանկություն» ֆիլմն իր նորարար կառուցվածքով ու դեպրեսիվ իրականության  գերխտացումով շոկային էֆեկտ ունեցավ։ Ֆիլմը բազմաթիվ մրցակների արժանացավ, այդ թվում նաեւ՝ երեւանյան «արծաթե ծիրանի»։ Իսկ այս տարի ակտիվ փառատոնային կյանք ունի «Մշուշում» պատմական ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում FIPRESCI մրցանակը ստանալուց հետո արժանացավ «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակի։

Սերգեյ Լոզնիցան մասնագիտությամբ մաթեմատիկոս-ինժեներ է  եւ մինչ կինո նկարահանելը Կիեւի Կիբերնետիկայի ինստոիտուտում զբաղվել է էքսպերտային համակարգերի մշակմամբ ու արհեստական ինտելեկտի ստեղծմամբ։ Եվ իր կինոպատումներն էր կառուցում է մաթեմատիկական բանաձեւերի կանոններով՝ հստակ ու ճշգրիտ։ Եվ արդյունքում զարմանալի բուռն ու հակասական ռեակցիա է ծնում հանդիաստեսի մոտ։ Լոզնիցայի կինոլեզուն կարող է սարսափեցնել ու հուսահատության անդունդը գցել (ինչպես «Իմ երջանկություն» կոշտ ու դաժան ֆիլմում) կամ էլ հիշեցնել դասական անալիտիկ կինոպատումի գրավչության մասին (ինչպես պատերազմում մարդ մնալու խնդիրը բարձրացնող «Մշուշում» դրամայում), սակայն հաստատ ոչ մեկին անտարբեր չի թողնում։

Սերգեյ Լոզնիցան սառնասիրտ ու բծախնդիր ռեժիսոր է, ով նախապատվությունը տալիս է ոչ թե սոսկ պատմության գծային զարգացմանը, այլ մթնոլորտի հետազոտմանը։ «Ինձ համար ոչ թե մահն է կարեւոր, այլ այն հարցը թե ինչպես է մահը ընկալում շրջապատը»,- ասում է նա՝ մեկնաբանելով «Մշուշում» ֆիլմի ամենացայտուն դրվագներից մեկը՝ զանգվածային սպանությունը։ Վասիլ Բիկովի համանուն վիպակը  Սերգեյ Լոզնիցան 11 տարի փորձում էր էկրանավորել՝ վստահ լինելով, որ ագրեսիան, մարդ սպանելու ներքին պատրաստակամությունը պատերազմի ակունքներում են։ Եվ այդ թեման այսօր շատ արդիական է։

Շոկային ազդեցություն թողնող «Իմ երջանկություն» ֆիլմով Դուք կարծես փորձեցիք ազատվել ավանդական դրամատուրգիայից ու նորովի կառուցեցիք ֆիլմը։ Իսկ «Մշուշումը» արդեն դասական կանոններով զարգացող ֆիլմ ստացվեց, որտեղ իսկական (դասական իմաստով) հերոսներ են ապրում։

«Իմ երջանկություն» ֆիլմում հերոս որպես այդպիսին չկար, նա ընդամենը ուղեկցորդ էր տարածության մեջ։ Ֆիլմը պատկերում էր մի տարածք, որի կառուցվածքը փլվում է, երբ հասարակական կապերն են խզվում՝ անհետանում է վստահությունը, փոխարենը հայտնվում է թշնամանքը, ագրեսիան.. Իսկ «Մշուշում» ֆիլմում հերոսը հերոս է, որը որոշում է ընդունում եւ քայլ է անում։ Այո, որոշ իմաստով դա դասական կառուցվածք ունեցող էպիկական պատմություն

Վստահ եմ, որ ցանկացած մարդու կրթության հիմնասյուները մաթեմատիկան ու երաժշտությունն են

է, որի կենտրոնում հերոսի ճակատագիրն է։ Այս ֆիլմում ես կառուցում եմ պատմությունը, այլ ոչ թե՝ քանդում։

Ինֆորմացիոն հոսքերը հիմա չափազանց արագացել են, ինչպե՞ս է դա ազդում մարդու ինքնազգացողության վրա։

Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ ինֆորմացիոն հոսքերով շրջապատված ենք մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը։ Եւ դրանց ազդեցությունը կախված է կոնկրետ մարդուց։ Ես օրինակ, վաղուց արդեն հեռուստատեսություն չեմ նայում (այն ինձ պարզապես հետաքրքիր չէ), թերթեր չեմ կարդում (հազվադեպ բացառությամբ), իսկ ինտերնետը դիտարկում եմ հիմնականում որպես դեպի ահռելի քանակություն պարունակող գրականության աշխարհի դարպաս։ Հաճախ եմ ինտերնետից գրքեր գնում։

Իսկ կինոն այս հանգամանքներում փոխվո՞ւմ է։ Կա կարծիք, որ կինոֆիլմը մեծամասամբ վերածվում են աուդիո-վիզուալ արտադրանքի։

Ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ, կինոն ինչպեսեւ կերպարվեստը, գրականությունը, երաժշտությունը կամ ճարտարապետությունը առաջին հերթին մարմնավորված միտք են։ Եվ եթե միտք գոյություն ունի, ապա դա արդեն իսկ ստեղծագործություն է։

Թվանշային գործիքները տարածումը հեշտացրեց կինոյի ստեղծումը։ Իսկ նպաստե՞ց արդյոք։

Կինոն պատրանքն է, եւ շատ բան կախված է որակյալ պատկերից։ Եթե ուզում եք լավ պատկեր, լավ ձայնային որակ ու լավ դերասանական խաղ, ուրեմն բջջային հեռախոսով ֆիլմ չեք նկարահանի։ Ֆինանսներն ու լավ տեխնիկան կարեւոր են կինոյում։ Ի վերջո, կինոժապավենը բոլորովին այլ ընկալման վրա է հիմնված։ Իհարկե կարելի է Բեթհովենի սիմֆոնիան նվագել նաեւ մեկ լար ունեցող գործիքի վրա, բայց դա բոլորովին այլ երաժշտություն կլինի։
Ռեսուրսները կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս։ Փողը հնարավորություն է, ոչ ավելին, քանի որ ստեղծագործելու համար հարկավոր է լեզվին տիրապետել։

Դուք ասացիք, որ կինոյի լեզուն առավելապես փոխեց հեռուստատեսությունը։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Երբ հեռուստատեսությունը դարձավ կինոֆիլմերի հիմնական պատվիրողը, կինոյի լեզուն էականորեն փոխվեց։ Ալիքները սկսեցին թելադրել իրենց ուզածը։ Իսկ դա հիմնականում խոշորությունն էր։ Ընդհանրապես խոշորությունը կինոլեզվի էլեմենտ է, բայց պատկերացրեք, որ գոյություն ունի պրոցեսոր, եւ հանկարծ պրոցեսորին սկսում է թելադրել նրա էլեմտներից մեկը, ասենք՝ լարը։ Այդ թելադրող լարը ուզում է, որ այսուհետ փոփոխվեն հաշվարկների կանոնները կամ էլ օրինակ, ռեգիստրների քանակը։ Կյանքում նման բան պարզապես հնարավոր չէ։ Բայց արի ու տես, որ մոտավորապես դա է տեղի ունենում մեր կինոյի հետ։ Ես

Պետք է ընտելանալ այն մտքին, որ մեզ շրջապատող հոսքերը, որոնք կյանք են կոչվում, անընդհատ փոխվում են։ Եվ այդ հոսքերը աքցաններով պահելու ցանկացած փորձ միշտ տապալվելու է

դա անվանում եմ՝ ոչ իրավասու միջամտություն։ Բայց ի՞նչ արած, այդպես է։

Հեռուստատեսությունը (վիդեոն) ոչ թե օգնում, այլ խանգարում է կինոյին, քանի որ  թույլ չի տալիս երկար եւ ընդհանուր պլաններով աշխատել։ Վիդեոն խոշոր պլաններ է սիրում, իսկ կինոն խուսափում է դրանցից։

Դուք երկար կինոպլանների վարպետ եք, չե՞ք կարծում, որ դանդաղ, «ծորացող» կինոռիթմը հաճախ չի ընկալվում կլիպային արագությանը ընտելացված հանդիսատեսի կողմից։

Ես կտրականապես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Արագ, 3 հազար մոնտաժված կադրերով առատ ֆիլմերի կողքին շատ են գրեթե «անտանելի» երկար պլաններով ֆիլմերը։ Եվ դրանք հիանալի ֆիլմեր են, որտեղ զգացվում է կադրի հագեցվածությունը, արժեքը։

Իսկ «կլիպային մտածողություն» դարձվածքը ճիշտն ասած՝ ինձ համար անհասկանալի է։ Արդյոք կլիպայի՞ն է մտածում, օրինակ Արտավազդ Փելեշյանը, ում ֆիլմերը շատ արագ ռիթմ ունեմ։ Վերջիվերջո, եթե մտածողություն կա, ապա նշանակություն չունի թե այն ինչպիսին է։ Կարեւորը, որ միտք լինի։

Հայաստանում օրօրի մեծանում է Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ մեղմ ասած՝ ոչ բոլոր հայաստանցիներին է դա դուր գալիս, քանի որ Ռուսաստանը կրկնօրինակման լավագույն օրինակներից չէ։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանը (ենթադրաբար նաեւ Հայաստանը) հետագա 10 տարիների ընթացքում։

Օ՜ (ծիծաղում է- խմբ)։ Ռուսաստանում հիմա ամեն ինչն այնքան անկանխատեսելի է, որ անհնար է որեւէ տրամաբանական կանխատեսում անել։ Համենայնդեպս, այսօրվա Ռուսաստանի իրավիճակը ոչնչով չի տարբերվում այն իրավիճակից, որը կար 1917, 1930, 1940 թթ. եւ այլն եւ այլն։ Դա մեկ գիծ է, որը դեռ շարունակվում է։ Եթե պատմական հեռանկարներով զննենք իրադարձություններն ու դրանք մի շարքում տեղադրեք, ապա կհամոզվենք, որ գաղափարների ու էության տեսակետից ոչ մի նոր բան չի հայտնվել։ Ոչ մի նոր բան։

Կլինի՞ արդյոք նոր բան10 տարի հետո։ Չգիտեմ։ Բայց եթե այս «ոչ նորի» անդադար ընթացքը շարունակվի, ընդամենը «ոչ նորի» աստիճանը կփոխվի, իսկ էությունը կմնա նույնը։ Եթե համեմատենք, օրինակ խորհրդային եւ ժամանակակից ռուսական կինոն, շատ նմանություններ կտեսնենք։ Բայց այսօրվա կինոյի անկման ու քայքայման աստիճանը անհամեմատելի մեծ է։ Նույն իրավիճակը թերեւս ցանկացած ոլորտում է։

Քաղաքականությունը հաճախ անսպասելի ու կտրականապես ներխուշում է ստեղծագործողի կյանք։ Դուք կարծես կարողանում եք քաղաքական դաշտից զերծ մնալ։

Քաղաքականությունը ոչ թե քաղաքական գործիչներն են, այլ՝ մարդիկ։ Իսկ  քաղաքական գործիչները հայտնվում են դաշտում միայն այն պատճառով, որ մարդիկ են այդպես մտածում։ Եվ խնդիրը հենց դրանում է։ Մենք կարող ենք քննադատել քաղաքական գործիչներին կամ էլ գոռալ, որ նրանք պետք է հեռանան, բայց ի՞նչ

Մարդիկ շարունակելու է մտածել նույն կերպ, ինչպես տարիներ շարունակ են մտածել։ Եվ նույն սխալներն են գործելու

կարող ենք անել մարդկանց հետ։ Հո՞ չի ստացվի մեկ շարժումով, մեկ կտտոցով նրանց մտածողությունը փոխել։ Նրանք շարունակելու է մտածել նույն կերպ, ինչպես տարիներ շարունակ են մտածել։ Եվ նույն սխալներն են գործելու։

Ազգային գաղափարները հաճախ կառուցվում են վախի վրա։ Կարծում եմ, եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում այդպես է. իշխանություններն ասում են՝ ընտրեք մեզ, թե չէ՝ վատ կլինի։ Կայունությունը կսասանվի, օրինակ...

Instability-ի գաղափարը որպես աշխարհի գոյության հիմնաքար վաղուց արդեն ապացուցված է։ 1977 թվականի քիմիայի եւ ֆիզիկայի ոլորտների նոբելյան մրցանակակիր Իլյա Պրիգոժինը ապացուցեց, որ աշխարհն ի սկզբանե անկայուն է։ Ուրեմն կայունության կոնսերվատիվ գաղափարը խորապես արատավոր է։ Պետք է ընտելանալ այն մտքին, որ մեզ շրջապատող հոսքերը, որոնք կյանք են կոչվում, անընդհատ փոխվում են։ Եվ այդ հոսքերը աքցաններով պահելու ցանկացած փորձ երբեք հաջողությամբ չի պսակվելու ու միշտ տապալվելու է։

Կարող ես, իհարկե, ստեղծել դեգրադացման իրավիճակ, որը հանդարտության պատրանք կթողնի, բայց այդ իրավիճակը միեւնույն է վաղ թե ուշ պայթելու է եւ շատ ավելի վատ հետեւանքների է հանգեցնելու, քան կարելի է կանխատեսել։ Դա ամենակարեւոր եզրակացությունն է, որը արվում է քիմիայից, ֆիզիկայից եւ ընդհանրապես՝ ցանկացած գիտությունից։ Այդ եզրակացությունը հայտնի է, բայց այն ընդունելն է բարդ։ Դա գիտակցության հարց է։

Իսկ վախի գործոնը շատ հստակ է։ Վախը մարդու գոյության հիմնական մոտիվներից է։ Ցանկացած իշխանություն վախի վրա է կառուցվում ու գոյատեւում։ Եվ եթե վախի ու համաձայնության բալանսը պահպանվում է, ապա պահպանվում է նաեւ իշխանությունը։ Իսկ երբ վախը սկսում է գերազանցել ներքին համաձայնությանը (դիմանում ենք իշխանությանը միայն այն պատճառով, որ վախենում ենք), ապա իշխանությունը փլուզվում է։

Գիտեք, ինձ միշտ հետաքրքրել է՝ իսկ ի՞նչ է լինելու հետո։ Ասենք, իշխանությունը փլուզվեց։ Հո՞ չենք կարող նստել ու երկնային մանանա սպասել։ Կարծում եմ, մանանայի աղբյուրը հենց մարդն է։ Ավելի ստույգ՝ յուրաքանչյուր մարդու աշխարհհայացքը։ Բացի մեզանից՝ մեզ ոչ ոք ոչինչ տալ չի կարող։ Մենք ինքներս ենք մեզ ստեղծում։ Վերեւներում են նստած մարդկանց մեղադրելը հեշտ է, իսկ հասկանալ, որ ցանկացած իշխանություն եթերային մի սուբստանցիա է, բարդ է։ Հենց այդ գիտակցումն է պակասում եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում, եւ ընդհանրապես՝ ամենուրեք։ Անգամ Գերմանիայի ու Ֆրանսիայի խնդիրներն են ներքին։ Մարդը փրկվելու համար ներքուստ պետք է փոխվի։ Իսկ փրկության միակ ճանապարհը կրթությունն է։

Վստահ եմ նաեւ, որ ցանկացած մարդու կրթության հիմնասյուները մաթեմատիկան ու երաժշտությունն են։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License