2011.12.16,

Քննադատ

Լրագրողի ներքին գրաքննությունը, ինչպես «Հայր մերը», պարտադիր է

Փառք Աստծո, խորհրդային տարիների տոտալ գրաքննության ժամանակները անցել են պատմության գիրկը, եւ մամուլն արդեն ունի ազատ արտահայտվելու հնարավորություն: Սակայն ինչպե՞ս են այդ ազատությունից օգտվում ԶԼՄ-ները, եւ արդյո՞ք  լրագրողների մոտ կա ինքնագրաքննության կամ պատասխանատվության զգացում:

Այստեղ, իհարկե, հարց է ծագում՝ ներքին ինքնագրաքննությունը ստեղծագործական ազատության թշնամի՞ն է, թե՞ լրագրողի իմաստուն խորհրդատուն: Իմ ներքին համոզմամբ` երկրորդը: Այս մոտեցման հետ կարելի է համաձայնել կամ ոչ: Բայց երբ որոշ թերթեր կամ կայքեր ես ընթերցում, որտեղ բազմաթիվ անձնական բնույթի վիրավորանքներ, անգամ հայհոյանքներ կամ  ուղղակի ապատեղեկատվություն  է տարածվում, մտածում ես, որ  ներքին գրաքննությունը լրագրողի համար պարզապես անհրաժեշտություն է:

Այլ բան է, որ ոմանք ուղղակի արժանի են կոշտ որակումներին, սակայն դա չի նշանակում, որ լրատվամիջոցները պիտի անտեսեն լրագրողական էթիկայի բոլոր կանոնները: Նույնիսկ տխրահռչակ «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» հոդվածի կիրառումը, որը նախատեսված էր մամուլի համար զսպաշապիկի դեր ստանձնել, չփոխեց իրավիճակը:

2010թ.-ին օրենսգրքում փոփոխությունը ներկայացրած մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով հետագայում էլ Սահմանադրական դատարանում վիճարկում էր իր իսկ հեղինակած դրույթի սահմանադրականությունը, նշում է. «Եթե այդ հոդվածը չեղյալ հայտարարվի, միևնույն է, մեկ հարվածով  չեն լուծվի բոլոր լրատվամիջոցների խնդիրները: Միաժամանակ դժվարանում եմ ասել համակարգային առումով դա ճիշտ կլինի, թե ոչ: Մի քանի թերթերի համար դրական լուծումներ ստանալով`կարող ենք հայտնվել օրենսդրական վակուումում`չպաշտպանելով անձի արժանապատվությունը»:

Ներքին գրաքննության անհրաժեշտությունը ես հատկապես զգացի տարիներ շարունակ հեղինակավոր օտարերկրյա լրատվամիջոցի սեփական թղթակից աշխատելու շրջանում: Այդ ընթացքում ես հասկացա, որ երբ տեղական մամուլում հրապարակվում է ինչ-որ փակ տեղեկատվություն, ապա այն կարող է քննարկվել միայն հասարակության շրջանում, բայց երբ նույն լուրը լույս է տեսնում արտասահմանյան լրատվամիջոցում, ապա իշխանությունների մոտ միանգամից հարց է ծագում՝ իսկ ո՞ր լրագրողն է այն տարածել:

Շատ դեպքերում, չգիտես ինչու, օտարերկրյա լրատվամիջոցների սեփական թղթակիցներին դիտում են, որպես լրտես, «հինգերորդ շարասյուն», որոնք «տան աղբը հանում են դուրս»: Հետաքրքիր է, իսկ ո՞վ է խնդրում այյդքան «աղբ»  կուտակել մեր «տանը» եւ ոչինչ չանել դրությունը շտկելու համար: Համենայնդեպս, ներքին գրաքննողը միշտ եղել է իմ մեջ: Երբ խոսքը Հայաստանի անվտանգությանը սպառնացող տեղեկատվության տարածման մասին էր, ես, անկեղծ ասած, աշխատում էի ինձ հայտնի դարձած լուրը չհրապարակել եւ չհետեւել «ամեն գնով փող աշխատելու» սկզբունքին:

Իհարկե, եղել են դեպքեր, երբ այս կամ այլ տեղեկատվության տարածումը դուր չի եկել  իշխանություններին, ինչի պատճառով էլ հայտնվել եմ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Օրինակ՝ հիշում եմ, որ առաջինն եմ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության լրահոսով հաղորդել, որ Հայաստանը պատրաստվում է ներդնել ազգային դրամ եւ, ըստ իս, ճիշտ եմ վարվել, քանի որ շատերը, լսելով այդ լուրը, սլացան բանկ` փոշիացումից փրկելու իրենց խնայողությունները:

Այն ժամանակ ես ստիպված էի համապատասխան բացատրություն տալ իրավապահ մարմիններին, թե որտեղից ինձ հայտնի դարձավ այդ լուրը: Իհարկե, այս օրինակը վկայում է ոչ թե իմ սեփական ինքնագրաքննության բացակայության, այլ ավելի շատ որոշ պաշտոնյաների` վերադասի հանդեպ ջանասիրություն ցուցաբերելու ձգտման մասին: Սա վառ օրինակ է, որ իշխանության եւ լրագրողների, լրատվամիջոցների մոտ գրաքննության մասին պատկերացումները կարող են շատ տարբեր լինել: Ամեն դեպքում ներքին գրաքննության բացակայությունն է լրագրողին բերում անպատասխանատվության եւ  ամենաթողության զգացողության. չէ՞ որ անկողմնակալ եւ ճշմարիտ լրատվության տարածումը նրա առաքելությունն է, ինչպես հավատացյալի համար «Հայր Մերը»:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *