Հեռանալու մշակույթը

20.12.2018, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

2018-ի մայիսից սկսած Հայաստանում տեղի է ունենում վիճակախաղի պես մի պրոցես, որը կարելի է անվանել՝ գուշակիր հրաժարականի ժամկետն ու ձևը:

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պարզ էր, որ անխուսափելի են լինելու այլ՝ ավելի մանր տրամաչափի հրաժարականները: Եվ արդեն նշանակություն չուներ, թե դրանք ինչպիսին կլինեն՝ արագ ու ինքնակամ, թե ճնշման ու ոչ հրապարակային պայմանավորվածության արդյունքում:

Կարևորը կարծրացած համակարգի սասանումն էր՝ մարդկային գործոնի տեղաշարժով:

Հրաժարականների ու նոր նշանակումների մասին լուրերը ամենապահանջվածն էին (և են) մեդիա դաշտում, քանի որ թույլ են տալիս թրիլերի ժանրում հետևել փոփոխություններին ու կռահել հետագա զարգացումներն ու հեռանկարները: Կամ էլ ընդհակառակը՝ այնպես են խճճում հեռանկարները, որ հնարավոր չէ բացատրել հրաժարական-նշանակում հավասարման տրամաբանությունը:

Եվ հիմա, երբ հեղափոխությամբ հիանալու ու հպարտանալու զգացումն արդեն իր տեղը զիջել է ավելի սթափ գնահատականների ու սպասելիքների, պաշտոնից ստիպված հրաժարվելու շղթայական լուրերի հետևում սկսում ենք տեսնել նաև անհատների, որոնք, իհարկե, չէին ցանկանա հեռացման դիմում գրել, բայց անում են այդ քայլը:

Հեռանալու մշակույթը կարող է շատ բան պատմել հեռացողի մասին, այդ թվում նաև այն հիմնարկի կամ կազմակերպության ներքին զգացողության, որը, ի վերջո, դառնում է հեռացողի համար ճակատագրական:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականը տեղի ունեցավ արագ: Լրատվամիջոցները տարածեցին ռադիոյի աշխատակիցների անստորագիր նամակը, որտեղ դժգոհություն կար ռադիոյի ղեկավարության գործելաոճի ու աշխատանքային խնդիրների մասին ու նաև գզուշացում՝ սկսելու գործադուլ: Այդ նամակը ընդամենը մեկ օր հետո շարունակություն ստացավ աշխատակիցների ու նրանց ղեկավարի հանդիպման տեսքով:

Որքան կարելի է կռահել այլևս նախկին տնօրենի գրառումից, դա իրոք ընդամենը հանդիպում էր, առանց որևէ քննարկման ու մտքերի փոխանակման: Տնօրենը, որն այս հանդիպման նախաձեռնողը չէր, լսեց մարդկանց, հրաժարականի դիմում գրեց, հետո Ֆեյսբուքում բացատրեց (ռուսերեն լեզվով), որ գերադասեց լուռ անել իրենից սպասվող քայլը:

Սոցցանցային այդ գրառման ոճն ու բառերի ընտրությունը ցույց տվեցին վիրավորված մարդու, որը արհամարհում է իրենից հրաժարական պահանջողներին: Իսկ հետո մասնակցեց ասուլիսին, որտեղ խնդրեց իրեն ժամանակ տալ, որպեսզի հանդարտվի իր հուզական վիճակը ու անցնի լարումը: Մարկ Գրիգորյանը պատրաստ էր խոսել  «օֆ դը ռեկորդ» լրագրողների հետ, այսինքն՝ ոչ հրապարակային:

Նման լարված հանգամանքներում վերջերս հայտնվեց նաև Երևանի Համազգային թատրոնը, որտեղ դերասանների խումբը պահանջում էր մեկ տարի առաջ տնօրեն և միաժամանակ գեղարվեստական ղեկավար դարձած Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:

Լրատվական դաշտում այս հակամարտությունը նմանվել էր սերիալի, որտեղ լրահոսը անընդհատ թարմացվում էր նոր առիթներով՝ ասուլիսով, նամակով, պատասխան նամակով, խոստումներով, գործադուլի նախապատրաստությամբ:

Ի տարբերություն Մարկ Գրիգորյանի՝ Վիգեն Չալդրանյանն ամեն ինչ անում էր չհեռանալու համար, բայց անում էր նույն կերպ. արհամարհում էր թատրոնի աշխատակիցներին՝ իր դիրքից ու պատվից ցածր համարելով քննարկել որևէ փոխզիջում անշնորհակալ կոլեկտիվի հետ:

Սակայն նա էլ, ի վերջո, գրեց հրաժարականի դիմում ու հանրային բացատրության պես տեքստ պատրաստեց, որը սկսեց Խորենացու ոճով. «Ողբում եմ քեզ, Համազգային թատրոն», հետո «ստահոդ» անվանեց իր հասցեին հնչած մեղադրանքներն ու հեռացավ վիրավորվածի կեցվածքով:

Մեդիային հատկապես հետաքրքրել էր, որ թատրոնի տնօրենը վստահություն էր հայտնել, թե դերասանները հեշտ փոխարինելի են, չեն ուզում, թող գնան: Կարծես խախտվել էր մի ճշմարտություն. ղեկավարը պատրաստ էր ղեկավարել ցանկացած հանգամանքներում: Ի հեճուկս ղեկավարել:

Մարկ Գրիգորյանն էլ իր տեքստում էր գրել, որ իր գործողությունից դժգոհողներից մի քանիսին պատրաստվում էր գործից ազատել:

Իհարկե, ցանկացած բարդ ու տարաբնույթ աշխատանք ենթադրող կոլեկտիվ (թատրոն, մեդիա միավոր, գիտական հաստատություն կամ հանրային պատասխանատվություն ստանձնած այլ կազմակերպություն) ունի չլուծված խնդիրների իր բեռը, որը շատ դեպքերում ձգվում է դեռ սովետական կառավարման արատավոր պրակտիկայից:

Եվ ճիշտ ժամանակին ու ճիշտ կերպ հեռանալու մշակույթը արգելակել է նաև այն պատճառով, որ պետական ֆինանսավորում ունեցող հաստատություններում տարիների ընթացքում ստեղծվել են կեղծ հիերարխիկ նշաններ՝ կոչումներ, շքանշաններ, ստվերային պայմանավորվածություններ ու ոչ թափանցիկ նշանակումներ:

Դրանք ընդամենը դեկորացնելու միջոցներ են, որոնք իրականում խանգարել են բարդ կոլեկտիվներին ձևակերպել իրենց համատեղ քայլերը: Նաև այն պատճառով, որ սեփական սխալն ընդունելու մշակույթը համարվել է թույլ դիրքերից խոսելու նշան:

Պարտադիր է եղել կամ անպայման հաղթել (ասենք, դերասաններին) կամ արհամարհել (ինչպես ռադիոյի որոշ աշխատակիցներին): Իսկ եթե չի ստացվել հաղթել, ուրեմն ընդունել վիրավորվածի, չհասկացվածի, դիսիդենտի կերպար ու այդպես փորձել պահպանել սեփական դեմքը:

Իհարկե, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի ռադիոյի ու թատրոնի հետագա ընթացքը, միգուցե ղեկավարների շրջապտույտը վարակելու է նաև այլ կազմակերպությունների (օրինակ, նախարարությունների), բայց բոլոր դեպքերում արժե հիշել, որ «Ես սխալ էի...» ասելը երեբեմն ամենաազդեցիկ ու ուժեղ քայլն է: Ասենք, սխալ էի, քանի որ բաց թողեցի քննարկման պահը:

Ի վերջո, պատմության մեջ մնալու է Սերժ Սարգսյանի խոսքը՝ «Ես սխալ էի, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ»:

Դա դասական վերջին խոսքի նմուշ է, որից հետո թատրոնում իջնում է վարագույրը: Ու տեղ թողնում, որ թատրոնը, լրատվամիջոցը կամ ողջ հանրապետությունը շարունակի կյանքն առանց մեկ մարդու, բայց փոխվելու հույսով:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?