«Ճանաչենք արվեստ պղծողներին». մամուլը տալիս է նման հնարավորություն

24.07.2018, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Ինչպե՞ս կարող է լրագրողը կոնկրետ իրադարձությունը ներկայացնել այնպես, որ ընթերցողին իրադարձության բովանդակության մասին բացարձակ որևէ տեղեկություն չհաղորդի, սակայն հաջողացնի մանիպուլյացիայի միջոցով  վիրավորել կոնկրետ մարդկանց , նրանց հանդեպ անհանդուրժողականություն  քարոզել:

Դա հաջողվել է «Իրավունք» թերթի «Նախարարի համար մշակույթի գործչի չափանիշ են այլասերվածություն քարոզողնե՞րը» հոդվածի հեղինակին:

Հուլիսի 17-ին Մեդիա կենտրոնում քննարկում էինք կազմակերպել «Հեղափոխություն մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով: Ձևաչափն այսպես էինք մտածել՝ կմասնակցեն մշակույթի նախարարը և այն արվեստագետները, որոնց, որպես կանոն, չենք հանդիպում «վարչապետ (նախարար)-մշակութային գործիչներ» հանդիպումներին, սակայն որոնք մեդիայում, սոցցանցում իրենց նկատառումներն էին ներկայացրել Հայաստանում մշակութային քաղաքականության մոդելի վերաբերյալ: Եվ բացի այդ, ժամանակակից արվեստի հետաքրքիր ու ինքնատիպ դեմքեր են:

Հրավիրեցինք բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանին, նկարիչ Սամվել Սաղաթելյանին, ճարտարապետ Միսակ Խոստիկյանին և «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին, որը ևս հետաքրքիր առաջարկներ ուներ նախարարին:

Քննարկման մասնակիցները հանդիպեցին Մեդիա կենտրոնում, ընդ որում՝ աշխատանքային օրվա ավարտին, քանի որ Մշակույթի նախարարն աշխատանքի ժամին չէր կարող մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցավ քննարկում-բանավեճ: 

Եվ, ահա, վերոնշյալ հոդվածում գրվում է, թե մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը «իրական մշակույթով ապրողների ու արարողների համար»  ժամանակ չունի, բայց ժամանակ ունի հանդիպելու «մշակույթի միջոցով այլասերվածություն քարոզող» անձանց, «արվեստ պղծողներին».

«Օրեր առաջ, - նշում է հոդվածի հեղինակ Լիլիթ Եղիազարյանը, - նախարարության իր գրասենյակում (նախարարն-խմբ.) ընդունել էր օտարերկրյա քաղաքացի, ֆիլմերում մերկ նկարահանվելու մեծ փորձ ունեցող, կանադահայ դերասանուհի ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԻՆ, իսկ 2 օր առաջ էլ` հայհոյախառն ու պոռնոպոեզիայի մեծ վարպետ ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ու սեփական սեռական օրգանից զարմացած ու այն իր նկարներում արտացոլած լոսանջելեսաբնակ նկարիչ-ճարտարապետ ՍԱՄՎԵԼ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ քննարկում էր արել` «Հեղափոխություն մշակույթով, թե` առանց մշակույթի»:

Մշակույթի, արվեստի մասին գրող լրագրողը իր հոդվածում հատուկ ընդգծում է , թե այսինչ դերասանուհին «ֆիլմերում մերկ նկարահանվելու մեծ փորձ ունի»...

Հոդվածի հեղինակի մասնագիտական պատրաստվածության մասին ոչինչ չեմ գրի. նա աշխատում է, նրա հոդվածները «Իրավունք» թերթում պահանջված են: Որևէ խնդիր չկա:

Սակայն խնդիր է, երբ հոդվածի հեղինակը մանիպուլյացիա է անում և չի ներկայացնում իրականությունը: Նա չի պարզաբանում, թե որտեղ է տեղի ունեցել  մշակույթի նախարարի ու արվեստագետների հանդիպումը՝ այդպիսով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելով:

Ստացվում է, որ «Զօրուգիշեր Հայաստանի պայմաններում իրական մշակույթով ապրողների ու արարողների համար ժամանակ չունեցող նախարարը» ժամանակ է գտնում հանդիպելու «այլասերվածություն քարոզող» արվեստագետներին:  

Ի՞նչ է առաջարկել Վիոլետ Գրիգորյանը նախարարի հետ հանդիպմանը, ի՞նչ են քննարկել արվեստագետները, ոչ մի խոսք: Բայց հոդվածի հեղինակը հրատապ է համարել ներկայացնել Վիոլետ Գրիոգորյանի բանաստեղծությունից մի հատված, ընդ որում, նախապես ներողություն խնդրելով բարեպաշտ ընթերցողից.  «Ծլի, ծլի, ծլիկս,պստըլիկ խլիլիկս...»:

Ո՞վ է «գենդերամոլ ու անդամասեր» Սամվել Սաղաթելյանը: Նկարչի մասին պատկերացում չունեցող ընթերցողին հոդվածի հեղինակն այսպես է ներկայացվում. «Դեռեւս 2013 թվականին, երբ բոլոր ցուցասրահները հրաժարվեցին նրա գռեհիկ լուսանկարների ցուցադրության համար, որը նվիրված էր տղամարդու և կնոջ սեռերի միախառնմամբ տարօրինակ գենդերային կերպարների` տրանսվեստիտների գովաբանելուն, իրենց հարկի տակ տրամադրել տարածք, վերջինս ապաստան գտավ կինոգետ Շահանե Յուզբաշյանի բնակարանում, որտեղ էլ ընդհատակյա կազմակերպեց իր խայտառակ ցուցահանդեսը»:

Ինչու՞ հոդվածի հեղինակը չի նշել, որ մշակույթի նախարարի հետ հանդիպմանը ներկա են եղել նաև  ճարտարապետ Միսակ Խոստիկյանը և լրագրող Արայիկ Մանուկյանը, ինչու՞ է բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանի գործերից առանձնացրել «Ծլի, ծլի, ծլիկս...», Սամվել Սաղաթելյանի գործերից էլ՝ «ֆալոսները» :

Հոդվածի հիմքում ընթերցողին մանիպուլյացիայի ենթարկելն է: Մշակույթի նախարարը ներկայացված է իբրև «այլսերվածություն քարոզող», «արվեստ պղծողներին» աջակցող մեկը:

Արվեստագետների ստեղծագործական կյանքին անծանոթ ընթերցողներին դերասանուհի Արսինե Խանջյանը ներկայացված է իբրև «մերկ նկարահանվելու փորձ» ունեցող դերասան, Վիոլետ Գրիգորյանը՝ իբրև «հայհոյախառն ու պոռնոպոեզիայի մեծ վարպետ», նկարիչ Սամվել Սաղաթելյանը՝ իբրև «սեփական սեռական օրգանից զարմացած», «անդամասեր»:

Հոդվածի հեղինակը ճարտարապետ Միսակ Խոստիկյանին և լրագրող Արայիկ Մանուկյանին պիտակավորելու «նյութեր չունենալով» և, հետևաբար, նրանց անդրադառնալու անհրաժեշտություն չտեսնելով՝ նրանց մասին ընդհանրապես մոռացել է:

Որպես «Հեղափոխություն մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» քննարկման կազմակերպիչ և վարող՝ ներողություն եմ խնդրում քննարկման բոլոր մասնակիցներից՝ «Նախարարի համար մշակույթի գործչի չափանիշ են այլասերվածություն քարոզողնե՞րը»  հոդվածի համար:

Պատրաստվում եմ դիմել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ ակնկալելով նաև նրա գնահատականը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?