Ռընե Հովիվի վերադարձը

05.10.2018, հայ

Լրագրող, արվեստի քննադատ

Երգիծանկարիչ Ռենե Հովիվի (Հովիվյանի) կյանքն ու աշխատանքների բազմազանությունը կարող են մի քանի վեպերի ու ֆիլմերի նյութ դառնալ:

Հայաստանի ծանոթությունը Հովիվի հետ նոր է սկսվում, հոկտեմբերի 3-ին ՆՓԱԿ-ում բացված «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսով, որտեղ հավաքված են տարբեր հեղինակավոր թերթերի ու ամսագրերի, գրքերի ու ալբոմների համար արված նրա պատկերապատումներն ու գրաֆիկական աշխատանքները:

Նրա կյանքը կարծես անվերջ վերադարձների ու տեղաշարժերի շարան է՝ Ֆրանսիայից Երևան, հետո՝ Սիբիր, Մոսկվա ու կրկին Ֆրանսիա:

18 տարեկան Ռենե Հովիվի ընտանիքը Ֆրանսիայից տեղափոխվեց Սովետական Հայաստան, որը Եղեռն վերապրած հայերի համար միաժամանակ թե՛ ավետյաց երկիր էր, թե՛ նոր, կոմունիստական դրախտի հույս:

Հայրենադարձության ծրագիրը այն մեծ ու սպասումներով լի հորիզոնն էր, որը շատ հայրենադարձների համար վերածվեց սարսափի, զրկանքների ու քաղաքական հետապնդումների փուլի: Բազմաթիվ հայերի ճակատագրեր էին խեղաթյուրվում ու կտրուկ շրջադարձ անում դեպի անհայտը, ցուրտը, մասնագիտական ու ֆինանսական կորուստները:

Այդպիսի կտրուկ շրջադարձ եղավ նաև ֆրանսահայ Վահան և Շնողիկ Հովիվյանների և նրանց զավակների՝ Ռենեի, Բերժեի, Էդմոնի և Ալիսի հետ: 1947 թվականին նրանք եկան Երևան և 1949-ին բոլորը միասին աքսորվեցին Սիբիր՝ պիտակավորվելով որպես դաշնակցական, ինչը այն ժամանակ հավասարազոր էր «ազգի դավաճանի» ու հակասովետական գործունեությանը:

Ստալինյան բռնաճնշումների մեքենան ներգաղթած հայերին հենց դաշնակցական լինելու համար էր տեղահանում ու ուղարկում կայսրության հեռավոր շրջաններ, քանի որ ընդունված էր դաշնակներին նույնացնել վտանգի հետ:

Եվ Հովիվյանները հայտնվեցին Սիբիրի Ալթայի երկրամասի Բարնաուլ քաղաքում:

Սիբիրյան աքսորի կյանքն իր ողջ մանրամասներով նկարագրված է Ռընե Հովիվի հոր՝ Վարդան Հովիվյանի «Դեր Զօրից մինչը Սիբիր: Կյանքի ելևէջներ» հուշագրքում, որը այժմ վերահրատարակվել է ու դարձել վայրիվերումներով անցած մի հայ ընտանիքի կյանքի վավերացում: Մանրամասներով ու փաստերով լի այս գրքում ողջ Սովետն է՝ վերաիմաստավորված բոլորովին ոչ սովետական մարդու դիրքերից:

Աքսորի տարիներին երիտասարդ Ռընե Հովիվը, որը մինչ Սովետական Հայաստան տեղափոխվելը սովորել էր գեղարվեստի քոլեջում, ամեն հնարավորություն օգտագործում էր նկարելու համար: Նոր էր իրավիճակը, նոր էր լեզուն (ռուսերենը), նոր էր ամենօրյա ծանր ֆիզիկական աշխատանքի անհրաժեշտությունը…

Նրան հաջողվեց աշխատանք գտնել Բարնաուլի հրատարակչությունում, որտեղ նկարազարդում ու ձևավորում էր մանկական գրքեր: Ռընե Հովիվը մնաց բարնաուլցիների հիշողության մեջ որպես «ալթայան ֆրանսիացի»:

1956-ին, Ստալինի մահից ու զանգվածային համաներումներ հայտարարելուց հետո, Հովիվյանները վերադառնում են Հայաստան, բայց թերևս արդեն կապը հայրենիքի հետ ու թարմ հուշերը թույլ չեն տալիս նրանց հույս փայփայել, որ հետագա կյանքը կարող է ենթարկվել տրամաբանական զարգացման:

Քիչ անց վայրէջք  կկատարենք մայր-հայրենիքի հողի վրա. խնդրում ենք կապել ամրագոտիները և հանել թաշկինակները:

Ռընե և Էդմոն Հովիվյանները որոշեցին կյանքի նոր փուլ բացել, արդեն Մոսկվայում, որտեղ Ռենեն ջանասիրաբար ու մեծ դժվարությամբ կարողանում էր համագործակցել տարբեր սովետական թերթերի ու ամսագրերի հետ, որտեղ հարկավոր էր ծաղրանկարիչ: Նրա աշխատանքները հայտնվել են «Մոսկովսկիե նովոստի», «Օգոնյոկ», «Կրոկոդիլ» ու տարբեր մանկական պարբերականներում:

Ռընե Հովիվը փոքր ֆորմայի նկարչությունը, որը թե՛ արվեստ է, թե՛ ռեպորտաժ, զարգացրել է՝ հասցնելով զարմանալի բազմազանության ու թեմաների անսամանության: Միշտ արել է այն, ինչ համարել է իրենը, անգամ, երբ դրա հնարավորությունը եղել է չնչին:

Մոսկվայում ապրելու տարիներին նա մասնակցել է առաջին մուլտիպլիկացիոն կուրսերի, հետո աշխատել հայտնի մուլտիպլիատոր Ֆյոդոր Խիտրուկի հետ ու ներգրավվել «Չիպոլլինո» և «Մեկ հանցագործության պատմություն» հայտնի մուլտֆիլմերի ստեղծագործական թիմում:

Բայց նրա կյանքը ոչ մի կերպ չէր դասավորվում: Մի տեղ տեղավորվում է աշխատանքի, բայց կարճ ժամանակ անց նրան հեռացնում էին՝ Մոսկվայի մշտական գրանցում չունենալու պատճառով: Վերջին անգամ նրան արդեն աշխատանքից հեռացրեցին ոստիկանության միջամտությամբ:

Եվ հենց այդ ժամանակ նա որոշեց, որ ժամանակն է վերադառնալ Ֆրանսիա:

Վարդան, ո՞նց ես կարողանում այդ աստիճան գռեհիկ լինել այս աստիճան վեհ պատկերի առջև:

Ցուցահանդեսի նախաձեռնող, սցենարիստ ու հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը պատմում է, որ երբ հարցազրույց էին անում Հովիվի ընտանիքի անդամների հետ, երեխաներն ասացին, որ իրենք գրեթե ոչինչ չգիտեն հոր կյանքի սովետական շրջանի մասին, քանի որ նա երբեք այդ մասին չէր պատմում: Սիբիրյան հուշերը նա ավելի շատ ներկայացնում էր որպես հեքիաթային դրվագներ, որտեղ գործող անձիք սառած ձեռքերով խուլ տայգայում ծառեր են հատում կամ, գետի սառույցը կոտրելով, ձուկ որսում:

Ռընե Հովիվի դուստրը պատմեց, որ մանուկ հասակում իրենք չէին էլ պատկերացնում, որ հայրիկի գիշերվա հեքիաթները իրական հուշեր էին:

Աղետ վերապրած մարդը չէր ուզում խոսել անցյալի մասին, որը ցավալի ու ամոթալի էր, (նույն մոտեցումը կար նաև ցեղասպանություն վերապրածների վարքագծում), այլ ուզում էր մոռանալ այն ու շարժվել առաջ:  

Սովետական էջը նրա համար փակվեց, բայց մնած որպես ծաղրանկարների թեմա ու ենթատեքստ:

Ստալինի վերջին զոհը

Ռընե Հովիվը 1964 թվականին Մոսկվայից հեռանալուց հետո երբեք չի եկել Հայաստան (ո՛չ սովետական, ո՛չ անկախ): Եվ հիմա առաջին անգամ արդեն նկարչի մահից հետո նրա այրին ու երեխաները այցելել են Հայաստան:

Ռընե Հովիվը Ֆրանսիա տեղափոխվելուց հետո բառիս բուն իմաստով ծաղկեց: Կարծես երկար դեգերումներից հետո հայտնվեց հարազատ՝ ազատ, իրոնիկ ու երգիծական արվեստ գնահատող միջավայրում:

Հումորի մշակույթը առաջին հերթին ենթադրում է, որ չպիտի լինեն փակ թեմաներ: Ոչ մի տաբու՝ քաղաքականությունից սկսած մարդու մարմնի ցուցադրությամբ վերջացրած: Եվ դա այն միակ ու կարևոր նախապայմանն է, որը թույլ է տալիս գնահատել ազատությունը, այդ թվում նաև՝ մեկնաբանելու:

Դա ֆրանսիական մշակույթի մեջ տարալուծված ազատությունն է, որի դեմն առնելը չստացվեց անգամ «Շարլի Էբդոյի» դեմ կատարված ահաբեկչական քայլով:  

Եվ Ռընե Հովիվը այդ ազատության լավագույն պահապաններից է, որը նույն հաջողությամբ ու սրությամբ ծաղրելու բան էր գտնում թե՛ քաղաքականության, թե՛ պատմության, թե՛ հավատքի ու թե՛ բարոյական կարծրատիպերի դաշտում:

Նրա աշխատանքները տպագրվել են «Cotidien de Paris»-ում, «Paris Match»-ում «Lui»-ում, «Le Quotidien de Paris»-ում, գերմանական «Stern»-ում, հայտնի «Playboy»-ում և այլն:

Ռընե Հովիվի Վինսենթ Վան Գոգը՝ Դանիել Դելամերի արվեստի նախագծում, որտեղ ծաղրանկարիչները վերաիմաստավորում են հայտնի նկարիչներին

Հայաստանյան թերթերի հետ Հովիվը քիչ է աշխատել, մի քանի նկարներ է արել «Ոզնիի» համար: Իսկ արդեն Ֆրանսիայում ոչ միայն հրապարակվել է տարբեր հեղինակավոր թերթերում ու ամսագրերում, այլև մի քանի ալբոմներ ու ծաղրանկարների գրքեր է հրատարակել:

Օրինակ, «Կոմանդանտե» ալբոմն ամբողջությամբ նվիրված է կոմունիզմին, թե՛ ԽՍՀՄ-ի ղեկավար կուսակցությանը, թե՛ Ֆրանսիայի կոմկուսին: Երկու գրքերի թեմա է դարձել հայրենադարձությունը ու ընդհանրապես հայ համայնքի կյանքը: Նաև էրոտիկ ծաղրանկարները:

Ռընե Հովիվի ծաղրանկարները այն մեծ մշակութային շերտ են, որի հետ ծանոթանալիս հասկանում ես, թե որքան արժեքավոր է միջավայրը, որը ոչ թե ճնշում է գաղափարախոսությամբ կամ բարոյական կլիշեներով, այլ հեգնանքի դաշտը ընդլայնում է մինչև անվերջություն:

Ու ծաղրանկարները սկսում են խաղալ լրատվական առիթի դեր, որը տանում է դեպի սուր խնդիրների խորքերը ու հետո փոսից հանում դուրս, դեպի ուրախն ու ժպիտը:

 

Նունե Հախվերդյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?