Ռաբիսը մեր մեջ

Ռաբիսը մեր մեջ
Ծաղրանկարը՝ Անի Պողոսյանի
« Ինչպես եւ ինչքան երգիչներն ու երգչուհիները, նույնպես եւ նույնքան լրագրողներն ու լրագրողուհիները կարող են ռաբիս լինել, ինչպես նաեւ` բանաստեղծներն ու գրողները, ինչպես նաեւ` քաղաքական գործիչներն ու բոլորը »

Նախորդ անգամ անդրադարձանք շատերի կողմից սիրված երգիչ  Թաթային, ավելի ճիշտ` ՀՀ վաստակավոր երգիչ Թաթա Սիմոնյանի  հանդեպ մեր վերաբերմունքին, որը չափազանց անհասկանալի ու  հակասական է:

Շատերն, իհարկե, անկեղծորեն կզարմանան, որ Թաթային նախորդ անգամ էդքան անդրադարձա ու հիմա էլ շարունակում եմ անդրադառնալ` այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ու քաղաքական առավել լուրջ հարցեր են շուրջկալել մեզ, բայց Թաթայի ու հատկապես ռաբիսի հարցը  կարեւորելով` հատկապես էս պահին եմ կարեւոր համարում հիշեցնել, որ Թաթային եւ ուրիշներին ռաբիս համարելով` մենք մեր մեջ գոյություն ունեցող ռաբիսից չենք ազատվում ու ազատագրվում։

Եվ որպեսզի ռաբիսից ազատագրվենք, նախ եւ առաջ հենց մեր ներսի ռաբիսից պիտի ազատագրվենք, որովհետեւ ռաբիսը ոչ թե արհեստ ու մասնագիտություն է, այլ` էություն։

Ինչպես եւ ինչքան երգիչներն ու երգչուհիները, նույնպես եւ նույնքան  լրագրողներն ու լրագրողուհիները կարող են ռաբիս լինել, ինչպես նաեւ`  բանաստեղծներն ու գրողները, ինչպես նաեւ` քաղաքական գործիչներն ու  բոլորը։ Եվ քաղաքական գործիչները հատկապես ու առանձնապես, որովհետեւ մեր օրերում քաղաքականությունն ամենաշահավետ  զբաղմունքն է, քաղաքականությունը նույնիսկ բիզնեսից է ավելի շահավետ, եթե չասենք, որ մեզանում ու մեր օրերում քաղաքականությունը ամենաշահավետ բիզնեսն է։

Մեզանում ու մեր օրերում բիզնեսմենների բիզնեսն ուղղակիորեն է քաղաքականությունից ու քաղաքական էլիտայից կախված, եւ քաղաքական էլիտա ասելով` ոչ թե իշխանություններին ու իշխանության հասած քաղաքական գործիչներին նկատի ունեմ, այլ` բացառապես  հաջողակ քաղաքական գործիչներին, որովհետեւ իշխանության չհասած  ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ էլ գոյություն ունեն  հաջողակներ ու անհաջողակներ։ Եվ քաղաքական գործչի հաջողությունը հիմնականում կախված է տվյալ քաղաքական գործչի պոպուլիզմի որակից ու մակարդակից, իսկ տվյալ քաղաքական գործչի պոպուլիզմի որակն ու մակարդակն էլ կախված են նրանից, թե ինչքանով են տվյալ քաղաքական գործչի խոսքն ու հռետորաբանությունն ազդում ժողովրդական զանգվածների վրա։

Որովհետեւ, ինչպես որեւէ երգչի հանդիսատեսն ու ունկնդիրը, նույնպեսեւ   քաղաքական գործչի հանդիսատեսն ու ունկնդիրը հիմնականում ազդվում  է ելույթ ունեցողի զգայացունց ու զգայական խաղերից ու  հռետորաբանությունից։

Եվ ինչպես որ էսօրվա Հայաստանում դասական ոճով դասական ստեղծագործություն կատարող երգիչը չի կարող պատկառելի մեծության  դահլիճ լցնել, նույնպեսեւ որեւէ քաղաքական գործիչ չի կարող  ընտրողներից զգալի քանակությամբ ձայներ կորզել, եթե տվյալ գործիչն իր  նախընտրական հռետորաբանության մեջ ոչ թե մարդկանց  զգացմունքներն արթնացնող ու բորբոքող անհավանական խոստումներ ու  երդումներ է տալիս, այլ ընդամենը ճշգրիտ ու խելոք մտքեր է  արտահայտում, եւ ներկայացրած ծրագրերն էլ միանգամայն  իրատեսական ու իրագործելի են։

Բայց հենց էս նախադասությանս վրա ձեզանից շատերը կհակաճառեն ինձ,  եւ շատ ճիշտ էլ կանեն, որովհետեւ մեզանում իսկապես հանգիստ մտածող  եւ իրատեսական ու իրագործելի ծրագրեր ներկայացնող քաղաքական  գործիչներ չկան։ Եվ շատ բնական է, որ չկան, եւ եթե լինեին էլ, նույնիսկ  «Միավորված հայերից» քիչ ձայներ կհավաքեին, որովհետեւ միայն  քաղաքական պոպուլիզմի միջոցով է հնարավոր մեր քաղաքացիների ու  մանավանդ գյուղացիների ձայներն ու քվեները կորզել։

Իսկ քաղաքական  պոպուլիզմը, ինչպես արդեն ենթադրեցինք, հենց քաղաքական ռաբիսն է։ Եվ իմ էս ենթադրությունը հենց ենթադրություն էլ  կմնա, քանի դեռ ստույգ չգիտենք` ինչ է ռաբիսն ու որն է ռաբիսի բուն  էությունը։ Եվ նմանապես չգիտենք ու չենք էլ ուզում իմանալ, որ ռաբիս  երեւույթը քաղաքականության, գրականության, լրագրության եւ այլ  բնագավառներում նույնքան է առկա` որքան երաժշտության մեջ ու  երգարվեստում։ Եվ լրագրողներս, հատկապես ու առանձնապես  լրագրողների՛ս ներսերում բուն դրած ու թաք կացած ռաբիսից ենք  անտեղյակ։ Եվ չէր էլ կարող էդպես չլինել, որովհետեւ մենք առավոտից  իրիկուն ռաբիսից խոսելով ու գրելով եւ սրան ու նրան ռաբիս անվանելով,  կարելի է ասել, ընդհանրապես գաղափար ու պատկերացում չունենք  ռաբիսից ու ռաբիսի բուն էությունից։ Եվ որ ամենահետաքրքիրն է, չենք էլ  ցանկանում գաղափար ու պատկերացում ունենալ:

Արմեն Շեկոյան

Հեղինակի մասին

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License