PUBLIQ. Բլոկչեյնն ու մեդիադաշտը

25.05.2018, Քննադատ

ՏՏ լրագրող

Ապակենտրոնացված համակարգերի շուրջ աշխատանքները սկսվել են դեռևս վաթսունականներին, իսկ բլոկչեյնի հիմնական սկզբունքները նկարագրվել են իննսունականների սկզբին։

Բլոկչեյնի վրա հիմնված ամենահայտնի նախագիծը, որը մասսայական ուշադրություն գրավեց, բիթքոինն է, որը գործում է 2009-ից ու առաջին ապակենտրոնացված կրիպտոարժույթն է։

Այդ պատճառով էլ շատերը կարծում են, որ բլոկչեյն տեխնոլոգիան կապված է միայն կրիպտոարժույթի հետ։ Սակայն բլոկչեյնն ապակենտրոնացված տվյալների շտեմարան է, որը պահվում է մասնակիցների մոտ և որտեղ կարելի է ավելացնել նոր տվյալ միայն մասնակիցների համաձայնությամբ։

Բլոկչեյն տեխնոլոգիան ունի տարբեր կիրառումներ ու վիկիպեդիան բլոկչեյնի հիմնական նկարագրության մեջ դրա կիրառման երեք հիմնական օրինակ է բերում, որոնցից մեկը PUBLIQ-ն է։ Նկարագրության մեջ ասվում է՝ 2017 թվականին հիմնադրված PUBLIQ-ի նպատակն է ապահովել բովանդակության ստույգությունը, բացառել գրաքննությունն ու պայքարել կեղծ նորությունների դեմ։

The Next Web-ը  PUBLIQ-ը ներկայացրել է որպես կեղծ նորությունների դեմ պայքարում հեղափոխական գործիք, իսկ Mashable-ը PUBLIQ-ը ներառել է 2017 թվականի լավագույն փիչերի ցանկում։

Մեդիադաշտում տեղի ունեցող ու սպասվող հնարավոր փոփոխությունների մասին զրուցել ենք  Blockchain R&D Hub-ի,  PUBLIQ-ի համահիմնադիր Արման Ալեքսանյանի հետ։

Արման Ալեքսանյան, PUBLIQ-ի համահիմնադիր

Նախքան PUBLIQ-ի հիմնադրումը Արմանն ու գործընկերները երկար ժամանակ զբաղվել են ու շարունակում են զբաղվել վեբ տեխնոլոգիաներով, իսկ դրան զուգահեռ որոշ ժամանակ ընկերներով ամսագրեր են հրատարակել Հայաստանում և մի քանի այլ երկրներում։

Հենց այդ ժամանակ էլ գործնականում ծանոթացել են ոլորտի խնդիրներին ու որոշել ստեղծել PUBLIQ-ը՝ հիմքում ունենալով նորագույն տեխնոլոգիաները։

PUBLIQ-ի հիմնական նպատակն է ապակենտրոնացնել մեդիա համակարգում կենտրոնացված կառավարումը։ Այն բացառում է ավելորդ միջնորդների ու գործընթացների անհրաժեշտությունը կամ որոշ դեպքերում պարզապես տանում է այդ ազդեցությունների հավասարակշռման։

Այսինքն՝ կան միջնորդներ, որոնց դերը շատերի կարծիքով արդարացված է, բայց կան դեպքեր, երբ այդ միջնորդները մենաշնորհ դիրքերում են ու ճիշտ չեն օգտագործում իրենց լիազորությունները։

Միջնորդի գործողություններն ավտոմատացնելու ճանապարհով հնարավոր է ապահովել արդարություն ու որոշ գործառույթների մի քանի անգամ ավելի արագ իրականացում։ Հատկապես՝ ինչպես նշում է Արմանը, երբ այս դեպքում պրոդուկտը, որի հետ գործ ունեն գիտելիքն է ու տեղեկությունը։

Տեղեկությունն իր բուն արժեքից բացի նոր արժեքներ է ստանում, երբ այն սկսում են օգտագործել որպես գործիք։ Տեղեկության միջոցով, օրինակ, հնարավոր է մանիպուլյացիա անել։ Հետևաբար ստեղծել են մի բան, որը տարբեր փուլերում թույլ է տալիս զերծ մնալ հնարավոր բոլոր ազդեցություններից։

PUBLIQ-ի աշխատանքային գործընթացը PUBLIQ-ը բովանդակության ստեղծողներին՝ հեղինակներին, թույլ է տալիս լինել մեդիադաշտի կենտրոնում՝ նրանց համար ապահովելով արդյունավետ ու վստահելի էկոհամակարգ։

Հեղինակներն ունենում են ազատ խոսքի իրավունք, նյութերը չեն ենթարկվում գրաքննության, ինչպես նաև բլոկչեյնի ընձեռած հնարավորոթյունների շնորհիվ հստակ պահպանվում է հեղինակային իրավունքը։

PUBLIQ-ի հիմքում բլոկչեյնն է, իսկ դրա անբաժան մասն է ապակենտրոնացված կուտակիչների համակարգը (Distributed storage)։ Բովանդակության մասին տեղեկությունը պահպանվում է բլոկչեյնում, հետևաբար բովանդակության մեջ աննկատ փոփոխություններ անելն ուղղակի անհնարին է։

Իսկ հենց բովանդակությունը պահպանվում է ոչ թե մի կենտրոնում, որը հնարավոր է վնասել, այլ ապակենտրոնացված կուտակիչներում, որտեղից այն հնարավոր չէ սխալմամբ կամ մտածված վերացնել։

Եթե շատ ընդհանուր դիտարկենք, ապա PUBLIQ-ի բլոկչեյնի դերը կարելի է խմբավորել երեք հիմնական մասի։

Առաջինը՝ բոլոր մասանկիցների մասին տվյալների պահպանում բլոկչեյնում։

Երկրորդը՝ բովանդակության վերաբերյալ տեղեկություն, որի շնորհիվ բովանդակության մեջ հնարավոր չէ անհետևանք ինչ-որ բան փոխել։

Երրորդ՝ հենց բլոկչեյնի հիման վրա է գործում ներքին պայմանական միավորը` PBQ-ն, որը ոչ թե ինքնանպատակ կրիպտոարժույթ է, այլ միջոց` ստեղծված արժեքը մասնակիցների միջև բաժանելու համար:

PUBLIQ-ում կա ներգրավված 6 հիմնական կողմ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ դերն ու շահը։

Առաջին՝ NODE-եր, որոնք ապահովում են բլոկչեյնի հատվածը, հաստատում են, որ ինչ-որ տեղեկություն ներմուծվել է բլոկչեյն ու, օրինակ, մայն են անում նոր PBQ- ներ։

Երկրորդ՝ SEEDER-ներ, որոնք տարածք են տրամադրում իրենց կոշտ սկավառակից, որի վրա էլ հենց պահպանվում է PUBLIQ-ի պարունակությունը։

Երրորդ՝ հեղինակներ։ Բովանդակություն ստեղծողը կարող է լինել անհատ, մարդկանց խումբ կամ կազմակերպություն։

Չորրորդ՝ բովանդակության տարածման CHANNEL-ներ, որոնք իրենցից ինչ-որ կայքեր են ներկայացնում, որոնց հիմքում PUBLIQ-ն է, բայց ընթերցողի համար այն պարզապես սովորական կայքի տեսք ունի։

Հինգերորդ՝ գովազդատուներ, որոնք PUBLIQ-ի գովազդային համակարգով գովազդ են տեղադրում և դրա համար վճարում են ներքին վճարման համակարգով՝ PBQ-ներով։ Վերջինս բաժանվում է մյուս կողմերի՝ հեղինակների, SEEDER-ների, NODE-երի միջև։

Վեցերորդ կողմն էլ հենց սպառողներն են՝ ընթերցողները։

Իսկ հիմա այն մասին՝ ինչպես է տեղի ունենում ամբողջ գործընթացը։

Շատ բան ավտոմատացված է՝ լրատվամիջոց ստեղծել ցանկացողն այլևս կարիք չունի հայտարարություն տալ, լրագրողներ գտնել, ընտրել նրանցից մի քանիսին, գովազդատուներ փնտրել, պայմանավորվածություններ ձեռք բերել։

Դրա փոխարեն հեղինակները ստեղծում են նյութեր՝ ցանկացած թեմայով ու լեզվով, ապա տեղադրում PUBLIQ-ում։ Իսկ եղած հոդվածների հիման վրա լրատվամիջոց ունենալ ցանկացողը պարզապես ստեղծում է իր Channel-ը։

Ի՞նչ է անում։ Ընտրում է, թե որ հեղինակի որ թեմայով նյութերն է ցանկանում իր Channel-ով տարածել։

Պետք է նկատել, որ այստեղ գրաքննություն չկա։ Անկախ ամեն ինչից՝ նյութը PUBLIQ-ում է, ու ոչ ոք չի կարող փոխել դրա բովանդակությունը կամ այն վերացնել։ Պարզապես ցանկացած Channel-ի հեղինակ ինքն է որոշում, թե որ նյութերը տարածի։

Իր հերթին ընթերցողն էլ ունենում է հնարավորություն ընտրելու, թե որ Channel-ին հետևի ու ինչ նյութեր ստանա։ Channel-ի ստեղծողը կարող է հստակ որոշել, որ ինքը տարածում է հոդվածներ միայն սպորտի մասին և միայն անգլերենով ու ըստ դրա արդեն ընտրի հեղինակներ։

Հեղինակի գործողությունները PUBLIQ-ում

Շատ կարևոր է, որ այս դեպքում պահպանվում է նաև հեղինակային իրավունքը։

Գոյություն ունի բլոկչեյն explorer հասկացություն, որի միջոցով հնարավոր է մտնել և ստուգել՝ ով է նյութի հեղինակն ու համոզվել, որ օրիգինալը հաստատ դա է եղել։ Այսինքն՝ հնարավոր չէ նույն նյութը տարածել այլ հեղինակի անունով։

Նույն հեղինակի նույն հոդվածը կարող են տարածել տարբեր Channel-ներ, ու որքան շատ տարածվի, հեղինակն այնքան շատ կվճարվի։

Եթե հիմա գրագողությունը շատ տարածված է, ու երբ լրատվականը հրապարակում է այլ լրատվամիջոցի հեղինակի նյութը՝ առանց հղման, հարցը հասնում է դատարան, իսկ շատ դեպքերում նույնիսկ անլուծելի էլ մնում է, ապա  PUBLIQ-ը լուծում է այդ խնդիրը ու նաև հնարավորություն տալիս, որ հեղինակն ավելի շատ վճարվի միայն այն բանի համար, որ իր հոդվածը տարբեր Channel-ներով է տարածվել։

Հոդվածի հեղինակի գումարի չափը կախված է նրա վարկանիշից։ Գոյություն ունեն արդեն մշակված Smart contract-ներ, որոնց միջոցով գումարը փոխանցելու գործընթացը ավտոմատացված է։

Վարկանիշը ձևավորվում է նյութի ընթերցումների քանակի ու դրան տրված «բացասական» կամ «դրական» գնահատականների հիման վրա։ PUBLIQ-ն այդ բոլոր թվերը վերլուծում է հատուկ բանաձևով ու վերածում վարկանիշի, որն էլ ինչ-որ չափով դժվարեցնում է մանիպուլյացիան։

Եթե, օրինակ, 100 պայմանական միավոր է նախատեսված PUBLIQ-ում գրող հեղինակների համար, ապա այն, ըստ վարկանիշների, բաժանվում է հեղինակների միջև՝ անկախ նրանից, թե ում համար են գրել և որտեղ է այն տարածվել։

PUBLIQ-ում կարող են գրանցվել նաև գործող լրատվականները։

Արդեն իսկ իր ունեցած բովանդակությամբ լրատվականը տեղափոխվում է PUBLIQ ու շարունակում իր աշխատանքը կա՛մ իր լրագրողներով, կա՛մ ընթացքում ավելացնում է նոր հեղինակներ։

Այս քայլին լրատվականները հիմնականում դիմում են իրենց բովանդակության համար լրացուցիչ մոնետիզացման տարբերակ գտնելու ու իրենց ստեղծած բովանդակությունն ապահով պահելու համար։

Հենց այդ տարբերակով PUBLIQ-ին են միացել Գերմանիայի ամենահայտնի լրատվամիջոցներից երկուսը՝ Tagesschau-ն ու Funk-ը։ Հիմա, երբ մտնում եք PUBLIQ, տեսնում եք բոլոր տեղադրված հոդվածները, իսկ երբ մտնում եք այդ լրատվականի էջը՝ Channel-ը, ապա տեսնում եք միայն այն հոդվածները, որոնք իրենք են ցանկանում տարածել։

PUBLIQ-ն ունի արդեն նոր գործընկերներ Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից, որոնք ցանկանում են իրենց արխիվը տեղափոխել PUBLIQ ու այնտեղ շարունակել իրենց գործունեությունը։

PUBLIQ-ը, մեծ հաշվով, նպաստում է նաև քաղաքացիական լրագրության զարգացմանն ու բլոգերների համար պրոֆեսիոնալ մեդիային համապատասխան հնարավորություների ստեղծմանը։

Բլոգերն ունենում է բովանդակություն ստեղծելու, այն տարածելու, դրա համար հավասարապես վճարվելու ու միևնույն ժամանակ խոսքի ազատությունը չկորցնելու հնարավորություն։  

Կարևոր է նշել, որ այս համակարգը նպաստավոր է նաև այն հարթակների համար, որոնք կապ չունեն լրագրության հետ, բայց բովանդակություն են ստեղծում։

Օրինակ, կան կայքեր, որտեղ մարդիկ հարց են գրում, մյուսները պատասխանում են, իսկ կայքը ստեղծողը գովազդ է տեղադրում ու դրանից գումար ստանում։ Այսինքն՝ եկամուտ ունի միայն կայքը ստեղծողը։

Սակայն PUBLIQ-ի միջոցով ներքին պայմանական միավորը բաժանվում է նաև հարցերը գրողների և պատասխանողների միջև։ Այսինքն՝ ստեղծված բովանդակության մոնետիզացնելու երկու հիմնական ձև կա ՝ վճարովի ու անվճար։

Մի դեպքում մարդը վճարում է ստացվող բովանդակության համար, որը կարող է լինել և՛ լրագրողական նյութ, և՛ ֆիլմ, և՛ երաժշտություն, իսկ մյուս դեպքում բովանդակությունը հանրային է, իսկ ստեղծողը գումար է ստանում գովազդից։

PUBLIQ-ում վաճառքը ուղիղ վաճառք է։ Այսինքն՝ չկա ոչ մի միջնորդ օղակ, այդ թվում բանկ, որի միջոցով կատարվում է վճարումը։ Սպառողը ներքին պայմանական միավորով ուղիղ վճարում է բովանդակության ստեղծողին։

Գովազդից եկամուտ ստանալու դեպքում կարևոր է ունենալ ներքին գովազդային համակարգ, որպեսզի կախվածություն չլինի արտաքին ոչ մի գործոնից։

Հետաքրքիր է, որ առցանց գովազդի համաշխարհային շուկան մոտ 220 միլարդ է (այս թիվն, իհարկե, շատ փոփոխական է), որի մեծ մասը՝ գրեթե 70%-ը, կիսում են Google-ն ու Facebook-ը։

Ընդհանրապես բովանդակություն ստեղծող կայքեր մարդիկ այցելում են կա՛մ որոնման արդյունքում, կա՛մ հղումը Facebook-ում տեսնելուց հետո։

Հիմա շատ կարևոր հարց՝ պե՞տք է բովանդակություն ստեղծող կայքն այդքան կախված լինի սոցիալական ցանցերից կամ այլ արտաքին գործոններից։

Այս դեպքում շատ մեծ վտանգ կա, որ, օրինակ, Facebook-ի հիմնադրի ցանկացած որոշում կարող է ազդեցություն ունենալ մեդիադաշտի վրա։ Սա շատ ռիսկային ու վտանգավոր է։

Բացի այդ, շատ մարդիկ սոցիալական ցանցերը համարում են մեծ լրատվական կենտրոն, որտեղ տեղեկություն են ստանում ու շատ դեպքում իրենց համար միևնույն է, թե որն է նյութի աղբյուրը։

Դրա համար PUBLIQ-ը հետաքրքիր լուծում ունի։ PUBLIQ-ի հիմքում AI-ն  է՝ արհեստական բանականությունը, որի շնորհիվ համակարգը վերլուծում և հասկանում է, թե ինչի մասին է նյութը ու դրան զուգահեռ առաջարկում է նույն նյութի թեմայով ամբողջությամբ հակառակ բովանդակությամբ մեկ այլ նյութ կամ նյութեր։ Քանի որ PUBLIQ-ում գրում են աշխարհի տարբեր ծայրերից, ապա այն շատ լավ հնարավորություն է նույն պահին միանգամից տարբեր տեսակետների ծանոթանալու համար։

Կան նաև այլ խնդիրներ։ Օրինակ՝ ինչ-որ երկրում որոշում են, որ տվյալ լրատվականն այլևս չպիտի գործի ու արգելում են դրա գործունեությունը։

Պատահում են նաև դեպքեր, որ ինչ-որ լրատվակններ, կոնկրետ նյութերի դեպքում արգելափակում են մեկնաբանություններ գրելու հնարավորությունը։ PUBLIQ-ը ստեղծում է առողջ էկոհամակարգ, որտեղ նմանատիպ դեպքերը պարզապես բացառվում են, ու յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն կարողանում է ազատ գործել։

Փաստացի PUBLIQ-ն ապահովում է այն հիմքը, որի վրա կարող են ստեղծվել տարբեր կազմակերպություններ, բիզնես միավորումներ,  լրատվական ծառայություններ և այլ համակարգեր, որոնք անմիջական կապ չունեն PUBLIQ-ի հետ, բայց կարող են օգտվել դրա հնարավորություններից՝ ստեղծելու համար ավելի հեշտ ու արդյունավետ աշխատանքային միջավայր:  

Մանե Գևորգյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?