«Հանրայինի խորհրդի անդամների և նախագահի գործառույթները հստակ չեն»

26.03.2019, Նյուսրում

Լրագրող

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ են ներկայացրել 23 թեկնածուներ: Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ խորհրդի անդամներն ու նախագահը մշտական աշխատողներ են, սակայն օրենքով նրանց գործառույթները նկարագրված չեն.

«Գործնականում ստացվում է, որ անդամները կարող են ընդհանրապես գործ չանել կամ իրենք որոշեն, թե ինչ անել: Իսկ խորհրդի նախագահը ամբողջ ընկերության լիիրավ ղեկավարն է և մնացածն ուղղակի իր ենթականերն են՝ անդամները, հեռուստառադիոընկերության աշխատողները, այդ թվում գործադիր տնօրենը: Օրենքում պետք է բոլորի գործառույթները հստակ սահմանվեն»:

Նրա կարծիքով, նման անորոշությունը ստեղծում է խառնաշփոթ, քանի որ այդ պաշտոներին հավակնող ցանկացած անձն ինքն է որոշում, թե ինչ է անելու, ինչպես է անելու, ինչ լիազորություններ է ունենալու:

«Հիմա տեսնում ենք, որ թեկնածուները և բազմաթիվ մարդիկ՝ ունենալով որոշակի ակնկալիքներ մրցույթից, թյուր ձևով են պատկերացնում հեռուստառադիոընկերությունում իրենց հարաբերությունները տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների հետ»,- ասում է նա:

Ըստ Նավասարդյանի օրենքում վաղուց պետք էր փոփոխություններ անել և դրա հնարավորությունը կար դեռևս 2018-ի մարտին, երբ լուրջ քննարկվում էին անդամների և տնօրենի գործառույթները, որոնք առողջ հարաբերությունների նախապայման են:

«Այդ քննարկումները տեղ գտան օրենքի նախագծում, որը սակայն ընդամենը երկու օր մնաց ԱԺ կայքում, հետո գաղտնի կերպով անհետացավ և օրենքի նախագիծն այլ փոփոխություններով մտավ քվերակության: Անցած տարի էլ կային հնարավորություններ, բայց տեսանք, որ նոր իշխանության ուշադրությունը մեդիաոլորտի նկատմամբ այդքան էլ մեծ չէր: Հետո կանգնեցինք փաստի առջև, երբ ռադիոյի և հեռուստառադիոխորհդի նախագահի համար թափուր տեղեր հայտնվեցին»:

Նախագահի թափուր տեղի համար նման մեծ հետաքրքրվածությունը ԵՄԱ նախագահը բացատրում է մեդիաոլորտի շատ պրոֆեսիոնալների այն հույսով, որ նոր Հայաստանում իրենք հնարավորություն ունեն այս կամ այն մրցույթում հաղթել:

«Հույս ունեմ, որ լուրջ զրույց է լինելու թեկնածուների հետ իրենց ներկայացրած հայեցակարգերի և պատկերացումների վերաբերյալ: Համոզված եմ, որ ձևական գործընթացի չի լինելու և ճիշտ ընտրություն է կատարվելու»,-ամփոփում է Բորիս Նավասարդյանը:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?