Նկուղից դեպի համացանց. թվայնացվում է հանրային ռադիոյի արխիվը

28.02.2018, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Լավագույն բաները միշտ կուտակվում են նկուղում, այսինքն՝ այնպիսի վայրում, որտեղ մուտք են գործում ոչ բոլորը:

Նկուղը դեռ սովետական ժամանակներից եղել է թանկարժեք պահոցի սիմվոլ, որտեղ նյութերը պահվում էին մինչ լավ ժամանակները: Եվ եթե բացվում էին նկուղների դռներն ու հանրայնացվում էին փաստաթղթերը, ուրեմն տեղաշարժվում էր միտքն ու ժառանգությունը (ոչ միշտ հաճելի):

Հանրային ռադիոյի նկուղում պահվող արխիվային ձայնագրությունները այժմ նախապատրաստվում են լույս աշխարհ (այս դեպքում՝ համացանց) տեղափոխվել: Եվ ինչպես ասում է ռադիոյի արխիվի թվայնացման գործն իրականացնող Արթուր Իսպիրյանը, այն հասանելի կլինի բոլորին ու առանց բովանդակային խմբագրումների, քանի որ ամեն ինչն էլ իր տեղն ունի:

Հանրային ռադիոյի արխիվը երկար տարիներ եղել է տարօրինակ վիճակում: Այն կար, բայց կարծես պիտանի չէր օգտագործման, քանի որ կրիչների տարբեր սերունդներ են անցել-գնացել, իսկ արխիվային նյութերի հասանելիությունը մնացել է սահմանափակված միայն ռադիոյի շենքի տարածքով:

Արթուր Իսպիրյանը պատմում է, որ այժմ պահոց-ձայնադարանում կա 97 հազար նմուշ, որոնցից 28 հազարը հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են:

Թվերն այսպիսին են. կամերային երաժշտություն՝ 1 200, սիմֆոնիա՝ 600, օպերա՝ 200, ռոմանս՝ 1900, էստրադային երգ՝ 1 700, կինոերաժշտություն՝ 350:

Հիմա թվայնացվում են առաջին հերթին հայ կոմպոզիտորների գործերը՝ մոտ 28 հազար ձայնագրված նմուշներ, որոնք ենթարկվում են «մասթերինգի»՝ մշակվում ու մաքրվում են, հետո տեղադրվում Հայկական ռադիոյի արխիվի կայքում, որը այժմ պատրաստաման ու համալրման փուլում է:

Կլինեն դասակարգումներ՝ դասական, ժողովրդական, էստրադային, ծրագրեր, հատուկ ելույթներ, մեծերի խոսքեր, ռադիոբեմադրություններ և այլն:

Թվայնացվելու են նաև բոլոր ռադիոհաղորդումները, ռադիոներկայացումները և ընդհանրապես ամեն ինչը:Կայքում աուդիոֆայլերը կուղեկցվեն նաև լուսանկարներով ու տեքստերով:

«Երեսս պնդացնելով, գնում եմ տարբեր մարդկանց մոտ ու խնդրում նրանց ֆոտոարխիվները, քանի որ նոր կայքում ձայնադարանը պետք է լրացվի նաև ֆոտոարխիվով»,- ասում է Արթուր Իսպիրյանը:

Հանրային ռադիոյի արխիվը ծանր փորձության ենթարկվեց 1993 թվականին, երբ այրվեց արխիվի որոշ հատվածն ու ոչնչացվեց ձայնագրման 6-րդ ստուդիան (երկու ռոյալով, ջութակներով ու տարբեր գործիքներով), որտեղ և կատարվում էր երաժշտական ձայնագրությունների մեծ մասը:

Այդ չարաբաստիկ տարեթվից էլ դադարեցվել է (կամ ավելի ճիշտ՝ կտրուկ սահմանափակվել է) նոր ձայնագրությունների արխիվացումը, քանի որ ժապավեններով արխիվային աճ այլևս չի եղել:

1993 թվականից հետո դասական ու էստրադային երաժշտությունը ձայնագրվել է միայն Տերյան փողոցում գտնվող ստուդիայում, բայց ոչ կանոնավոր պարբերականությամբ:

Արթուր Իսպիրյանն ասում է. «Արխիվն այրողը կամ այրումը թույլ տված մարդը մշակույթին հասցրել է ահռելի հարված, քանի որ ստուդիայի ու ձայնադարանի կործանումը շատ վատ ազդեցություն է ունեցել մեր ժառանգության վրա: Իսկ մինչ այդ աշխատում էր իսկական «մեքենա», որը ձայնագրում ու պահպանում էր հայ կոմպոզիտորների գրեթե բոլոր ստեղծագործությունները»:

Ամենամեծ վնասը հասցվել է հատկապես կինոյի բաժնին: Ռադիոյի արխիվում հայտնաբերվում են կորսված ֆիլմերի համար գրված երաժշտական ձայնագրություններ:

Ֆիլմերը չկան, պահպանվել է միայն երաժշտությունը: Հատկապես շատ են 1960-ականներին նկարահանված ֆիլմերը, որոնց գոյության մասին փաստում է միայն դրանց երաժշտական ձևավորումը:

Ռադիոյի արխիվի թվայնացման աշխատանքները սկսվել են անցյալ տարի:

«Հիմա ավելի արագ ենք աշխատում ու արդեն թվայնացրել ենք 4 հազար օրինակ: Կարծում եմ, երեք տարում կավարտենք ողջ արխիվի թվայնացման պրոցեսը»,- ասում է նա:

Եվ ավելացնում է, որ կան նաև ուրիշ արխիվներ, որոնք պետք է թվայնացվեն: Օրինակ, Կոմպոզիտորների միության արխիվը, որը շատ վատ վիճակում է.

«Պետք է թվայնացվի նաև Կինոֆոտոաուդիո արխիվի «Հայրենիքի դավաճաններ» կոչվող բաժինը, որը հայտնի է «ճիճուների արխիվ» անվանմամբ: Այնտեղ հավաքվում էին այն ստեղծագործությունները՝ ֆիլմերը, երգերը, որտեղ ժամանակին հայտնաբերվել էին «հակասովետական» մտքեր, բառեր, կան հեղինակներից մեկը լքել էր Սովետական միությունը: Օրինակ, այնտեղ է գտնվում Սասուն Պասկևիչյանի ողջ արխիվը, քանի որ նա ժամանակին հեռացել էր Սովետական Հայաստանից»:

Երբ օրինակ, երգի խոսքերի հեղինակը հեռանում էր Խորհրդային Հայաստանից,  նրա մասնակցությամբ ստեղծագործությունը միանգամից հայտնվում էր փակի տակ: Օրինակ, կա երգ, որի բանաստեղծը հեռացել է, իսկ արդյունքում տուժել է Ռոբերտ Ամիրխանյանը, քանի որ երգի կատարումը արգելվել է:

«Իրականում, մենք պիտի հավաքենք այն ամենն, ինչ ունենք: Մեր ժառանգությունը հիմա հատվածային է պահպանված ու տարբեր տեղերում: Բացի դրանից՝  1993 թվականից հետո էլ շատ գործ է արվել դասական ու էստրադային երաժշտության ոլորտում ու ձայնագրվել CD-ներով: Այդ ամենը նույնպես պետք է թարմացվի ու մեկ ձևաչափով ներկայացվի»,- ասում է Արթուր Իսպիրյանը:

Նախկինում փորձ է արվել արխիվը պահպանել CD կամ MP3 ստանդարտով, բայց դրանք հիմա չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին՝ դրանցով արխիվ չի պահպանվում.

«Հիմա թվայնացնում ենք ամենաբարձր ստուդիական ձևաչափով, որից ավելի լավն այժմ չկա: Ճիշտ է այդ ֆորմատի ձայնագրությունները զբաղեցնում են ավելի շատ տեղ, բայց ավելի կարևոր բան, քան մեր մշակութային արխիվն է, պարզապես չկա: Հիմա ինձ համար ամենաերջանիկ տարիներն: Բացի նրանից, որ թվայնացնում եմ, նաև լսում եմ ու զուգահեռաբար լիքը նոր բան սովորում»,- ասում է նա:

Երաժիշտ լինելու փաստը Արթուր Իսպիրյանին ավելի զգայուն է դարձնում «նկուղային» բովանդակության հանդեպ: Նա վստահեցնում է, որ հանրային արխիվը հանրային նշանակության ժառանգություն է և պետք է հասանելի և բաց լինի իր բոլոր շերտերով:

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?