«Վիրավորանքի և զրպարտության» հոգեբանություն

«Վիրավորանքի և զրպարտության» հոգեբանություն
« Անվերջ դատավարությունները եւ տուգանքները ոչ թե առողջացրել են խոսքի ազատությունը, այլ ձեւավորել են վախի մթնոլորտ՝ պարտադրելով «մի՛ գրիր, որ չդատվես» սկզբունքը »

ԶԼՄ-ներում ցանկացած հրապարակում պաշտոնատար անձանց, հանրային դեմքերի գործունեության վերաբերյալ ի սկզբանե նպատակ ունի ձեւավորելու հասարակական կարծիք`մարդկանց ներշնչելու կամ համոզելու միջոցով: 

Սրա նպատակը մարդկանց գիտակցությունը փոփոխելն է, քանի որ այս ձեւով նրանք կարող են դառնալ  համախոհներ: Պետք է նշել նաեւ, որ սկանդալային նյութերի մեծ պահանջարկը պայմանավորված է նաեւ պաշտոնյաների վերաբերյալ գոյություն ունեցող բացասական կարծրատիպերով: Նրանց նկատմամբ հասարակության դժկամությունը, հասարակ քաղաքացու անզորությունը ձեւավորում է նաեւ թաքնված վրեժխնդրության զգացում:

Իսկ պաշտոնյայի վերաբերյալ «համեմված» հրապարակումները յուրահատուկ հնարավորություն են բացասական էմոցիաները լիցքաթափելու համար («ոնց սիրտս հովացավ, որ … մասին գրել էին…», «ինչ համարձակ լրագրող է»): Իհարկե, իրականում սա լիցքաթափման իմիտացիա է: Որպես կանոն՝ նման հրապարակումներն ունեն բարձր հուզական ձեւավորում, դրանց թիրախը մարդկանց զգացմունքներն են, գնահատականը, ոչ թե փաստերի վերլուծությունը (արել է/չի արել, այլ արել է/պատժել):  

Սրա վերջնական նպատակը լսարանի գիտակցության մեջ դիրքորոշումներ ձեւավորելն է, իսկ եթե այդպիսիք արդեն կան, դրանք ամրապնդելը՝ մարդու մեջ առաջացնելով դրական կամ բացասական հույզեր: Եվ ստացվում է, որ մի կողմից սպառողը ստանում է այն, ինչ ակնկալում էր, մատակարարը՝ ռեյտինգ եւ վաճառք:  

Ի՞նչ ունենք այսօր: Շատ դեպքերում ինֆորմացիան անբարեխիղճ մատուցողներ, առանց ճշտելու փաստերը, հետապնդելով յուրահատուկ շահեր՝ «ես պիտի վաճառվեմ, սկանդալ է պետք», մյուս կողմից՝ այդ ինֆորմացիան պահանջող լսարան, եթե հաշվի առնենք, որ մեր էթնոհոգեբանությանը հատուկ է նաեւ այլ անձանց մասնավոր կյանքով մեծ հետաքրքրվածությունը, մյուս կողմից հանրային համարվող դեմքեր, որոնք, այնուամենայնիվ, դեռ չեն գիտակցում այն պարզ հանգամանքը, որ հանրային դեմք լինելը նշանակում է նաեւ լինել հասարակության մշտական վերահսկողության ներքո:

Սակայն ներկայումս ֆիզիկական ներգործության միջոցը փոխարինվեց ֆինանսական ներգործությամբ, ինչը հոգեբանական բացասական ֆոն է ձեւավորել լրատվության դաշտում՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ տեղեկատվություն փնտրողների  համար:

Անվերջ դատավարությունները եւ տուգանքները ոչ թե առողջացրել են խոսքի ազատությունը, այլ, շատ դեպքերում, հասնելով ծայրահեղության, ձեւավորել են վախի մթնոլորտ՝ պարտադրելով «մի՛ գրիր, որ չդատվես» սկզբունքը:

Երբ օրենքը զսպող մեխանիզմից վերածվում է պատժիչ մեքենայի, ինչը, իսկապես, ոչ միայն մոտենում է գրաքննությանը, այլեւ վնասում նույնիսկ մեր իմիտացիոն ժողովրդավարությանը:

Չենք գտել ոսկե միջին ու չենք էլ փնտրում: Երբ լրագրողը չի ուզում մի քիչ ավելի շատ իրեն նեղություն տալ, գտնել ու հրապարակել փաստեր, որպեսզի սպառողը ինքը կարծիք կազմի հանրային դեմքի մասին, ապա դրա փոխարեն նա պիտի միլիոններ արժեցող մակդիրներով համեմի նյութը:

Կա սահման, ուր վերջանում է քննադատությունը եւ սկսվում է վիրավորանքը: Փաստն այն է, որ մեր լրատվամիջոցներից որոշը կանգնած են այդ եզրին, իսկ շատերը վաղուց հատել են այդ սահմանը: Սակայն մյուս կողմից սնանկացումը այն միակ միջոցը չէ, որով պետք է լրագրողին վերադարձնել հավասարակշիռ նշագծին:

Բոլոր հարաբերություններում միշտ կան երկրորդային շահեր: Նժարին դրել ենք խոսքի ազատությունը եւ մարդու բարի համբավը: Իրար հավասար արժեքներ, ըստ էության, բայց իրենց ներկայիս կիրառմամբ միմյանց բացառող: 

Ինֆորմացիա ստանալու բազմաթիվ աղբյուրներ ունենք. ուզում ես կարդալ բամբասանք եւ հայհոյա՞նք՝ աղբյուրները՝ ինչքան ուզես, ուզում ես ականջդ շոյել դիֆերամբներո՞վ, թե Հայաստանում ամեն ինչ փայլուն է՝ ինչքան ուզես, սակայն այս խայտաբղետության մեջ իրականում ապահովված չէ մի խումբ այն սպառողների իրավունքը, ովքեր փնտրում են օբյեկտիվ, ստուգված եւ անկողմնակալ տեղեկատվություն, ովքեր դեռ կարող են եւ ուզում են մտածել եւ ինքնուրույն կազմել կարծիքներ. խնդիրը հենց այստեղից է գալիս:

Ինձ մատուցում են սարքած կարծիքներ, եւ ես աստիճանաբար դադարում եմ մտածելուց. ստրուկների հոգեբանություն…

 Սոֆյա Ավագյան

Հեղինակի մասին

Հոգեբանական գիտությունների թեկնածու, փորձագետ:

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License