Ինչպես «պաշտպանվել» լրագրողներից

03.10.2017, Քննադատ

Լրագրող

Լինում է այնպես, երբ մարդը մեկ առիթով հայտնվելով լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հետագայում չի կարողանում խուսափել լրագրողների գրոհներից:

Մարդկանց մասնավոր կյանքին անթույլատրելի միջամտությունները մեդիայի խնդիրներից են: Լրագրողի համար գայթակղիչ է անցնել հանրայինի ու մասնավորի սահմանը: Քիչ չեն դեպքերը, երբ տեղի ունեցած որևէ պատահար, իրադարձություն, որը հանրային նշանակություն չունի, լրագրողին առիթ է տալիս հրապարակել անձնական տվյալներ, որոնք ոչ մի խնդիր չեն լուծում, բայց խնդիր են ստեղծում մարդու համար:

Օրինակ,  լրատվամիջոցներից մեկը լուր էր հրապարակել մի նորածնի մահվան մասին: Լրագրողը կապ էր հաստատել երեխայի հոր հետ, նա հաստատել էր լուրը, միաժամանակ նշելով, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել: Լրագրողը հրապարակել էր ամբողջ խոսակցությունը, այդ թվում՝ որ սգի մեջ գտնվող հայրը չի ցանկանում խոսել զավակի մահվան մասին:

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության սկզբունքների մեջ նաև մարդուն իր մասին տեղեկատվության հսկողությունն իրականացնելու և անձնական բնույթի տեղեկությունները չբարձրաձայնելու հնարավորության ապահովումն է:

Եվրոպական Միության Արդարադատության դատարանում կա նախադեպ, որով ամրագրվել է մարդու մոռացված լինելու իրավունքը:

2014թ. մայիսի 13-ին Եվրամիության դատարանը (Court of Justice of the European Union) ընդունել է C-131/12 որոշումը, որը համարվում է շրջադարձային: 2010թ. Մարիո Կոստեխա Գոնսալեսը դիմել էր Իսպանիայի Տվյալների պաշտպանության գործակալություն` ընդդեմ La Vanguardia պարբերականի և ընդդեմ Գուգլի իսպանական գրասենյակի, պահանջելով, որպեսզի պարբերականն իր կայքից հեռացնի 1998թ. մի հրապարակում, որտեղ առկա են Գոնսալեսի անձնական տվյալները:

Խոսքն անշարժ գույքի աճուրդի հայտարարության մասին է՝ կապված Գոնսալեսի հարկային պարտքերի հետ: Եվ ամեն անգամ, երբ Գուգլ որոնողական համակարգով փնտրվում է Գոնսալեսի անունը, հայտնվում է իսպանացու պարտքի մասին տեղեկությունը, այնինչ նա վաղուց մարել է պարտքը:

Գուգլի գրասենյակը չէր ընդունել հրապարակումը հեռացնելու պահանջը, բայց ահա Եվրոպական Դատարանն ընդունել էր որոշում այն մասին, որ ոչ հանրային անձանց Եվրոպայում տրվում է որոնողական համակարգերի օպերատորներին դիմելու և իրենց անձնական տվյալները համակարգերից հեռացնելու իրավունք:

Մարդու մասնավոր կյանքի իրավունքը պաշտպանվում է Սահմանադրությամբ, ապահովագրեք այն ռիսկերից:

Մի մոռացեք, որ հրապարակվող տեղեկատվությունը բոլոր ժամանակների համար է, և հետագայում շատ դժվար կլինի ազատվել դրանից: Գրեթե անհնար:

Դուք եք որոշողը՝ տեղեկատվություն տրամադրե՞լ լրագրողներին, թե ոչ: Եթե ձեր հեռախոսահամարը ճշտել են, զանգերի տեղատարափ է, և դա ձեզ դուր չի գալիս, պարզապես հայտնեք լրատվամիջոցներին, չեք մեկնաբանում իրավիճակը և չեք ցանկանում հանրայնացնել ձեր մասնավոր կյանքը:

Խոսքը բնականաբար հանրային դեմքերի, այդ թվում՝ քաղաքական գործիչների մասին չէ: Խոսքն այն դեպքերին է վերաբերում, երբ պատմությունը հանրային շահի հետ չի բախվում և առավելագույնը սովորական վիճակագրություն է դառնալու:

Եթե ձեզ ընտանիքում վեցյակ է ծնվել, ապա դա գովազդի տեսանկյունից շատ կարևոր իրադարձություն է տվյալ առողջապահական կառույցի համար: Վստահ եղեք, որ տեղեկատվությունը հայտնվելու է լրատվամիջոցներում: Պարզապես կարող եք բժիշկներին արգելել հրապարակելու ձեր անձնական տվյալները, կամ մերժել նկարահանվելու առաջարկը:

Հատկապես գյուղերում ապրողների վերաբերյալ լրագրողները տեղեկություն են ստանում գյուղապետից: Իրավունք ունեք համայնքի ղեկավարից պահանջելու՝ ձեր անձնական պատմության վերաբերյալ տվյալներ չփոխանցել լրատվամիջոցներին:

Դժբախտ դեպքերին ևս մամուլն անդրադառնում է ամենայն մանրամասնությամբ, նշելով մարդու անուն-ազգանունը, թե որ զավակը որ ԲՈՒՀ-ի որ կուրսի ուսանող է, ինչ մասնագիտությամբ և այլն:

Ցանկացած մեկը, այդ թվում՝ հանգուցյալի շահերի ներկայացուցիչները, իրավունք ունեն լրատվամիջոցներից պահանջելու հրապարակումներում անձնական տվյալները չբացահայտել:

Եթե բանակցությունների արդյունքում չի ստացվում ձեր անձնական տվյալներ պարունակող հոդվածը հեռացնել տալ լրատվամիջոցի էջից, ապա կարող եք գործը քննության ուղարկել ԶԼՄ դիտորդ մարմնին:

Գագիկ Աղբալյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?