Սոցիալական մեդիայի քաղաքական դեմքերը. երբ նախագահն «ընկերանում» է ինտերնետում

18.03.2011, Քննադատ

Լրագրող, Թվային մարդաբանության մասնագետ: Լուսինեն ղեկավարում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագիրը:

«Ձեր թուիթը ցույց եմ տվել Վ. Յու. Սուրկովին: Զանգեք ընդունարան ու պատմեք, թե ով է փող շորթում»: Այսպես է փետրվարի 28-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը արձագանքել քաղաքացիներից մեկի թուիթին. ընթացք է տվել ահազանգին ու այդ մասին «թուիթել». ավելին, ինչպես պարզ է դառնում նրա էջից, գրառումն արվել է iPad-ից:

Դեռ անցած տարվա հունիսին, երբ Մեդվեդեւն այցելեց Թուիթերի գրասենյակ ԱՄՆ-ում, ստեղծվեց KremlinRussia էջը (ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով), որը հիմա զուտ պաշտոնական տեղեկատվություն է տարածում` հաղորդումներ նախագահի օրակարգի ու նորությունների մասին: Ավելի ուշ բացված MedvedevRussia-ն նախագահի անձնական էջն է, որը փորձում է ապահովել անմիջական շփում քաղաքացիների հետ. հարց-պատասխան, շնորհավորանքներ տոներին, մտորումներ, բողոքներ…

Թուիթերում Մեդվեդեւի ռուսերեն գրառումներին հետեւում է ավելի քան 207.000 մարդ, անգլերեն էջին` ավելի քան 80.000 մարդ: Տպավորիչ է, բայց, թերեւս, ավելի հետաքրքիր է, թե ինքը Մեդվեդեւն ում է հետեւում Թուիթերում` Օբամային, Շվարցենեգերին, Բրիտանիայի վարչապետին… Դե ինչո՞ւ քնելուց առաջ  չստուգել` ինչպես է անցել գործընկերների օրը:

Խոշոր տերությունների ղեկավարները նոր չէ, որ ուշադրություն են դարձրել ինտերնետի ու հատկապես սոցիալական մեդիայի հնարավորություններին: Օբաման, որ հայտնի է որպես սոցիալական մեդիայով ընտրված նախագահ, փորձում է հավատարիմ մնալ այդ տիտղոսին ու պահում է իր օնլայն կապն ընտրողների հետ մի քանի տարբեր ձեւաչափերով (My.BarackObama.com, http://www.youtube.com/barackobama, http://twitter.com/#!/barackobama):  Նրա Թուիթեր էջին գրեթե 7 միլիոն մարդ է հետեւում` այդ թվում նախագահներ ու ղեկավարներ: 

«Եգիպտոսում եմ անցկացրել ուսանողական տարիներս: Թող օրհնված լինի այս երկիրը եւ  թեւակոխի ապահով ու բարգավաճ նոր դարաշրջան»,- արձագանքելով Եգիպտոսի հեղափոխությանը՝ (որում դարձյալ սոցիալական ցանցերը մեծ դեր խաղացին) գրում է Հորդանանի թագուհի Ռանիան: Գրեթե 1.5 մլն ընթերցող ունի թագուհու Թուիթեր էջը: Նրա գրառումները սովորաբար բավական անմիջական են` միշտ առաջին դեմքով: Ֆեյսբուքում նա մոտ 600.000 ընկեր ունի. այստեղ գառումներից բացի կարելի է տեսնել ու մեկնաբանել թագուհու ընտանեկան եւ պաշտոնական նկարները: 

Պաշտոնական հաղորդագրություններից հոգնած մարդկանց համար օրական մի քանի բառ Թուիթերում կամ Ֆեյսբուքում գրող թեկնածուն, նախագահը, վարչապետը, նույնիսկ թագավորն ու թագուհին ավելի վստահելի, անմիջական ու մոտ են թվում. նրանք դառնում են քաղաքացիների վիրտուալ «ընկերը», ինչը շատ ձեռնտու է քաղաքական տեսանկյունից հատկապես նախընտրական շրջանում:  Նախընտրական PR գործիքը ընտրություններից հետո սովորաբար պասիվանում է, իսկ հաճախ վերածվում է հետընտրական ժողովրդավարության ու թափանցիկ կառավարման կարեւոր բաղադրիչի: 

Սակայն ինտերնետն ամեն դեպքում գործիք ու միջոց է, որի նպատակն ու գործառույթը կախված է նրանից, թե ում ձեռքում կհայտնվի: Ինչպես պնդում է  ինտերնետ մեդիայի մասնագետ Եվգենի Մորոզովը իր նոր «Net Delusion» գրքում, ինտերնետը որքան ազատության, նույնքան էլ բռնապետության ու քարոզչության գործիք է: Մորոզովի խոսքով` Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի պես երկրները ինտերնետը հմտորեն կիրառում են բռնապետական վարչակարգը պահպանելու համար:

Բայց եթե ասենք Մեդվեւին հաջողվում է դա անել անմիջականորեն, ապա օրինակ մեր հարեւան Ադրբեջանի նախագահ Իլհամ[[wysiwyg_imageupload:36:]]
Ալիեւի Թուիթեր էջը խիստ պաշտոնական ու քարոզչական է, իհարկե, դատելով միայն դրա անգլերեն տարբերակից: Եթե մյուս ղեկավարները փորձում են գոնե Ֆեյսբուքում կամ Թուիթերում անմիջական նկարներ դնել, խոսքն ավելի մտերմիկ կառուցել, ապա Իլհամ Ալիեւն իր էջում նստած է գահին ու բարձրից է նայում  ընթերցողին: Նրա կարգախոսն է. «Մենք իրականացնում ենք գաղափարները»:

Իսկ գրառումները հիմնականում նման բնույթի են. «Մենք ինքնաբավ երկիր ենք ու կախում չունենք միջազգային ֆինանսական ու քաղաքական կենտրոններից», «Մենք միշտ առաջ ենք նայում, հաճախ նույնիսկ մի քանի քայլ առաջ», «Մենք պիտի աշխատենք այնպես, ասես ոչ գազ ունենք, ոչ նավթ, քանի որ այն երկրներն են հասել մեծագույն ձեռքբերումների, որոնք չունեն այսպիսի ռեսուրսներ»: Ալիեւի անգլերեն ու ադրբեջաներեն գրառումներին մոտ 3.5 հազար մարդ է հետեւում. դրանց մեջ նախագահներ չկան:  

Հայաստանի նախագահը սոցիալական մեդիայում ներկայություն չունի: Սերժ Սարգսյանի բլոգը LiveJournal-ում դժվար է համարել նախագահի բլոգ, նախ որովհետեւ այն բացվել ու գործել է 2008թ մարտին միայն, երբ նա դեռ նախագահ չէր, եւ երկրորդ` բլոգում ընդամենը մի քանի գրառում կա, այն էլ ակնհայտորեն Սերժ Սարգսյանն անձամբ չի կատարել:

[[wysiwyg_imageupload:37:]]Մեր երկրի սոցիալական մեդիայի  քաղաքական դեմքը վարչապետ Տիգրան Սարգսյանն է` բլոգեր, ֆեյսբուքային «ընկեր», ռոքի սիրահար… Ավելի քան 2000 ընկեր ունի Ֆեյսբուքում, իսկ LiveJournal-ում նրա բլոգը ինտելեկտուալ քննարկումների դաշտ է: Վարչապետի վերջին գրառումը` հայ-վրացական հարաբերությունների մասին (17.02.11), ավելի քան 60 մեկնաբանություն է ստացել, իսկ բողոքների համար առանձնացված բաժնում ավելի քան 500 բողոք է կուտակվել: Իհարկե, ի տարբերություն Վլադիմիր Պուտինի, մեզանում Sargsyan Party դեռեւս չի կազմակերպվում, բայց Տիգրան Սարգսյանն օնլայն միջավայրում բավական շատ համակիրներ ունի:  

Վերջերս նաեւ Երեւանի քաղաքապետն է էջ բացել ֆեյսբուքում կամ, ինչպես էջում է ասվում,[[wysiwyg_imageupload:39:]]
 «մի խումբ կամավորներ» են այն բացել: Թվում է՝ քաղաքապետը լրջորեն է որոշել զբաղվել Ֆեյսբուքային PR-ով, անգամ վճարովի գովազդ է պատվիրել այստեղ: Մարիշ Մանուչարյան-Կիրակոսյանն անցած շաբաթ տեսել էր գովազդն ու տեղադրել իր էջում: 

Հիշելով 2008 թվանակի մարտին Սերժ Սարգսյանի բլոգում ընթերցողների ու գրառումների ակտիվությունը, կարելի է պնդել, որ պաշտոնյաների հետ անմիջական դաշտում շփվելու պահանջարկ կա: Իհարկե, այդ ակտիվությունը պայմանավորված էր  Մարտի 1-ով ու արտակարգ իրավիճակով, բայց այսօր էլ հարցերն ու ասելիքը քիչ չեն:

Սակայն դարձյալ ամեն բան գալիս հանգում է օֆլայն իրականությանը: Երբ Բրիտանիայում վարչապետը կամ ցանկացած պաշտոնյա իր բլոգում որեւէ խոստում է տալիս, հետո նա իսկապես իր ընտրողների առջեւ հաշվետու է դրա համար: Օնլայն արտահայտություններն այնքան են կարեւորվում, որ անգամ արքեպիսկոպոս Փիթեր Բրոդբենթը մի քանի ամսով հեռացվեց ծառայությունից` Ֆեյսբուքում արված գրառման համար. արքեպիսկոպոսն ընդամենը գրել էր, թե հաշվի առնելով թագավորական ընտանիքի պատմությունը` արքայազն Ուիլիամի` ապրիլին կայանալիք ամուսնությունը դժվար թե երկար կյանք ունենա:

Արդյո՞ք Հայաստանում բլոգում կամ Ֆեյսբուքում գրվածը արտացոլում է իրականությունը կամ որեւէ շարունակություն է ունենում ինտերնետից դուրս:  Առհասարակ իշխանության կողմից մեդիայի կիրառումը Հայաստանում` լինի ինտերնետ, թե հեռուստատեսություն, քիչ կապ ունի իրականության հետ:  Ինտերենտը մի առավելություն ունի` այստեղ այդ կապը ստեղծում են ընթերցողների մեկնաբանությունները, որոնք, օրինակ, վարչապետի բլոգի լավատեսական, կառուցողական ու երբեմն ուտոպիստական գաղափարներին հակադրում են ամենօրյա խնդիրներն ու ոչ այնքան լուսավոր հեռանկարները: Դրական տեղաշարժն այն է, որ իշխանությունն ամեն դեպքում համաձայն է լսել մարդկանց կարծիքը բլոգային հարթությունում ու երբեմն նույնիսկ պատասխանել: Սակայն մարդիկ գոնե առայժմ չեմ ապրում միայն վիրտուալ իրականությունում:

Լուսինե Գրիգորյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?