2014.07.08,

Նյուսրում

Լրադադար. Ինչպես կարգավորել վերահրապարակումների խնդիրը

Ինտերնետային լրատվամիջոցներում լրագրողական նյութերի վերարտադրման պայմանների եւ այդ պայմանների պահպանման խնդիրը մշտապես քննարկվողներից է:  2013 թվականի նոյեմբերի 9-ից ուժի մեջ են մտել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումները, որոնք կարգավորում են էլեկտրոնային կայքերից նյութերի վերարտադրման կարգը եւ պայմանները:

Մինչեւ օրենսդրական փոփոխություններն էլ լրատվամիջոցները փորձում էին ինքնակարգավորել դաշտը: Մասնավորապես, պայմանավորվում էին միմյանց նյութերը (նաեւ լուսանկարներն ու տեսանյութերը) արտատպել հիպերհղումներով, հեղինակային նյութերի դեպքում՝ նշել նաեւ հեղինակի անունը, պատշաճ հղում տալ օտարալեզու մեդիայից թարգմանված նյութերին եւ նյութերը (նաեւ լուսանկարների շարքերը) վերահրապարակել ոչ ամբողջությամբ, որպեսզի ընթերցող նաեւ սկզբնաղբյուրից օգտվի:

Սակայն, վերահրապարակումների կամ, ինչպես ընդունված է ասել, «copy-paste»-ի խնդիրը չի կարգավորվում:

«Լրադադար» ակումբը, որը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի վերջին տարիների նախաձեռնություններից է, քննարկեց հայաստանյան մեդիայում վերահրապարակումների խնդրի ներկա վիճակը:

Media.am-ը քննարկման ընթացքում հնչած կարծիքները, փաստերն ու առաջարկությունները ներկայացնում է կետերով:

Կարծիքներ եւ փաստեր.
– Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո դատական հայցերի նախպադեպեր կան, սակայն դատական լսումներ դեռ չեն կայացել:

– Օրենքը չի լուծել վերահրապարակումների խնդիրը: Կան լրատվամիջոցներ, որ ինչպես զբաղվում էին ոչ պատշաճ հղումով վերահրապարկումներով, այնպես էլ շարունակում են զբաղվել:

– Օրենքի ամենավիճելի կետը սա է «լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության եւ վարձատրության վճարման»: Օրենքով հստակ չէ, թե որն է նպատակն արդարացնող ծավալը:

– Մյուս տարածված խախտումը «վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է» կետն է:

– Կան կայքեր, որ անգամ կոնտակտային տվյալներ չեն հրապարակում եւ խախտման դեպքում նրանց հետ անգամ կապ հաստատելն է դժվար:

Առաջարկներ վերահրապարակումների խնդիրը կարգավորելու համար.
– Չսպասել դատական նախադեպերի, կազմակերպել խմբագիրների հավաք եւ սահմանել խաղի կանոններ:

– Սահմանել հակամրցանակ եւ ամեն տարի այն շնորհել հեղինակային իրավունքն ամենաշատը խախտած լրատվամիջոցներին:

– Նախաձեռնել օրենսդարական փոփոխություններ, աշխատել ԱԺ պատգամավորների հետ էլի մեկ անգամ փոփոխել հեղինակային իրավունքի մասին օրենքի լրատվական նյութերի հատվածը: Օրինակ, օրենքով սահմանել, թե որքան է  մեջբերման նպատակն արդարացնող ծավալը:

– Նոր դատական նախադեպեր ստեղծել, որպեսզի անբարեխիղճ լրատվամիջոցներին դաս լինի:

Առաջարկները քննարկելու, նոր առաջարկներ ներկայացնելու համար խնդրում ենք օգտագործել հոդվածի ներքեւի մեկնաբանությունների դաշտը:

P.S. Եզրակացությունների հեղինակները չեն նշվում, դրանք ներկայացնում են քննարկման ընդհանուր ոգին:

«Լրադադար»-ը լրագրողական մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: 

Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումների, ստեղծվող բովանդակության, գործող հարաբերությունների, հասունացող հակասությունների…

Քննարկումների մասնակիցները մեդիա ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, բեմադրիչներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *