«Ամերկահայ լինելն ազդել է իրողությունների իմ ընկալման վրա»

28.02.2017, հայ

Լրագրող

Փիթըր Մուսուրլյանն ազգությամբ հայ լրագրող, վավերագրող ռեժիսոր է, ով այս պահին որպես ավագ պրոդյուրսեր աշխատում է «The Burbank Channel»-ում  և վավերագրական ֆիլմեր ստեղծում «Globalist Films»-ի համար: Նա երկու անգամ արժանացել է «Los Angeles Area Emmy»-ի և տարբեր անվանակարգերում առաջադրվել ութ անգամ:

Պրն Մուսուրլյան պատմեք Ձեր մասնագիտացման մասին: Ինչպե՞ս ընտրեցիք հեռուստատեսային ժուռնալիստիկան:

Ես գրում էի ավագ դպրոցի ամսագրի համար երբ դեռ 15 տարեկան էի,  հասկանում էի, որ ուզում եմ նորություններ հաղորդել: Հեռուստատեսային լրագրությունը ձայնատեսողական տարրեր ունի, որոնք հետաքրքրում էին ինձ, այսպիսով դպրոցում ընտրեցի այդ ուղղությունը և այլևս հետ չկանգնեցի:

1983թ-ին ավարտեցի USC լրագրողական դպրոցը Լոս Անջելեսում: Մեկ տարի անցկացրի Մոնտանայում, երկու տարի Տախասում և ևս երկու տարի Վաշինգթոնում որպես հեռուսատեսային նորությունների հաղորդավար:

Արդեն մոտ 20 տարի է աշխատում եմ «The Burbank Channel»-ի համար, որը ստեղծում է նորություններ և մարդկային պատմություններ Բըրբենքի  քաղաքացիների համար (քաղաքը սահմանակից է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքին):

Բայց, ամենահետաքրքիր և բովանդակային աշխատանքն անում եմ իմ արտադրական ընկերության միջոցով, որը կոչվում է «Globalist Films»: Երկար տարիներ հավաքած մասնագիտական հմտությունները հաջող օգտագործում եմ՝ նկարահանում, հաղորդում և խմբագրում: Այս ծրագրերում ես ունեմ լիակատար խմբագրական վերահսկողություն: Ես չէի կարող դա անել, երբ դեռ նոր էի փորձում ինձ այս մասնագիտության մեջ, քանի որ բավական երիտասարդ էի և չափազանց անփորձ:

Միացյալ նահանգներում հետընտրական քննարկումներ են: Ինչպե՞ս եք Դուք վերաբերում Դոնալդ Թրամփի և մեդիայի միջև առաջացած լարվածությանը:

«Մեդիա» ասվածը լայն տերմին է: Նախագահ Թրամփի կողմից ազդեցության ենթարկվող լրագրողներն ազգային, հիմնական մեդիաներից են, օրինակ Washington Post-ից, New York Times-ից, CNN-ից, և այլ լրատվամիջոցներից:

Սա հազվադեպ պահ է, երբևէ եղած նախագահներից ամենաշատը Թրամփն է   քննադատվում մամուլում: Շատերը վախենում են լրատվամիջոցների հանդեպ ավտորիտար հետապնդումներիից այնպես, ինչպես Ռուսաստանում կամ Թուրքիայում: Այս պահին, Թրամփի բառերը կոպիտ են և քննադատական, բայց փաստացի գործողություններ չկան անհատ լրագրողների կամ լրատվամիջոցների դեմ:

Այստեղ մեդիան պետք է զգոն լինի, անի աշխատանք, որը պաշտպանված է Միացյալ Նախագների Սահմանադրության առաջին փոփոխություններով և հավատարիմ մնա որակյալ լրագրության արժեքներին:

Ի՞նչ եք կարծում Ձեր գործունեությամբ կարողանում եք ինչ-որ բան փոխել: Ունե՞ք ստեղծագործական ազատություն, ինչպե՞ս եք այն իրացնում:

Ես բախտ եմ ունեցել իմ կարիերայի ողջ ընթացքում ունենալ ստեղծագործական ազատություն: Ստեղծագործական ազատության մասին պետք չէ խոսել նորությունների դեպքում, քանի որ կա որոշակի բանաձև: Այն հավասարակշռված է, ներկայացվում է առանց տեսակետի:

Փիթըր Մուսուրլյան

Բայց, վավերագրությունները և պատմությունները, որոնք ես անում եմ  «Globalist Films»-ի համար, ինձ տալիս են ստեղծագործական ազատություն, որը ես կարծում եմ իմ սերնդի ցանկացած ներկայացուցչի համար, այս մասնագիտության մեջ, մեծ ձեռքբերում է:

Արել եմ մի քանի հետաքրքիր և տեղեկատվական աշխատանք Հայաստանում, Թուրքիայում, Հունգարիայում և այլ երկրներում, որոնք իմ կարծիքով մեծ ուշադրության չեն արժանացել: Լուսաբանել եմ հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսի Օհայոյի գործը կապված կոնգրեսական մի կնոջ հետ, ով Թուրքիայի հետաքրքրություններին մոտ լինելը զրպարտություն էր համարում:

Մյուս պատմությունը, որը հիմա ավարտում եմ, Կալիֆոռնիայի մի քաղաքական գործչի մասին է, ով շատ թշնամական էր տրամադրված  որոշ ամերիկահայերի դեմ:

Ինչպե՞ս է աշխատում Հայաստանի մեդիան, հետևու՞մ եք:

Ինտերնետն անշուշտ թույլ է տալիս ամերիկահայերին տեղեկանալ ինչ է կատարվում Հայաստանում: Ես գրացված եմ անգլերեն լեզվով շատ թերթերի, կայքերի: Փորձում եմ նայել որոշ հայկական ալիքներ, որոնք հասանելի են Գլենդելում: Բայց հիմնականում ինտերնետն է, որը անվերջանալի աղբյուր է Հայաստանից ստացվող տեսանյութերի և պատմությունների համար: Բայց միևնույն է ես դեռևս զգում եմ ինձ անտեղյակ:

Մարդիկ խնդիր ունեն տարբերակելու, որն է լավ և որն է կողմնակալ լրագրությունը: Ունեմ հայ ընկերներ և գործընկերներ, ովքեր տիրապետում են Հայաստանի բոլոր խնդիրներին: Ես որոշ անձական եզրակացություններ կարող եմ անել, բայց համոզված չեմ, որ նորություն հայտնող մեկ աղբյուրը բոլոր թեմաների մասին ամբողջական տեղեկատվություն կարող է հայտնել:

Ես քաղաքական ակտիվիստ չեմ, ես լրագրող եմ: Բայց հասկանում եմ, որ Հայաստանում տեսակետների արտահայտման և շահերի պաշտպանության լրագրություն է ստեղծվում: Մյուս կողմից այդտեղ ավանդական լրագրություն էլ կա, որը մեծ խնդիրներ է բացահայտում:

Հայ լինելն ազդե՞լ է Ձեր մասնագիտական ընտրության վրա:

Իմ հայրիկի հայրը, ծնված 1899թ-ին, Կեսարիային մոտ գտնվող մի գյուղից է եղել: Նա, իր մայրը և երեք եղբայրները փրկվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Իմ պապի կինն Ադանայից է եղել: Մայրս ծնվել է Ստամբուլում և եկել է Միացյալ նահանգներ 1950-ական թթ-ներին:

Մայրս և հայրս ներշնչել են ինձ անհագ հետաքրքրություն Հայաստանի հանդեպ: Այդ հետաքրքրություններն ինձ ուղեկցում են նաև այսօր, ես ուզում եմ Հայաստանի մասին միշտ տեղեկացված լինել:

Չեմ կարծում, որ հայ լինելն իմ մասնագիտական ընտրության հարցում դեր է խաղացել: Հեռուստատեսային լրագրությունն անձնապես ուրախացնում է, բայց միշտ չէ, որ ֆինանսապես ձեռնատու է: Ամերկահայ լինելն ազդել է իրողությունների ընկալման վրա, հատկապես սոցիալական արդարության և դիրքի չարաշահման հարցերում: Դու չես կարող ունենալ կառավարության կողմից արված ցեղասպանության միջով անցած ընտանիք և չժառանգել առողջ թերահավատություն քաղաքական և պետական գործիչների նկատմամբ:

Ես միշտ որպես լրագրող փորձում եմ մնալ անկողմնակալ: Բայց ոտնձգությունների նկատմամբ անհանդուրժող եմ և անընդհատ զբաղվում եմ պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ պատմություններով:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?