Քայլ դեպի վճարովի բովանդակություն

14.02.2017, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Լրատվամիջոցները նոր բիզնես մոդելներ են որոնում: Խառը ժամանակներ են, ինֆորմացիան տեղափոխելու խողովակները շատ են և երբեմն իրար հակադրվող ու արագ սպառվող: Ֆինանսավորումը մեդիայի կենսունակության հիմքն է, քանի որ նա, ով վճարում է մեդիային, սովորաբար թելադրում է նաև թեմաների օրակարգը: Իսկ մեդիան ուզում է ինքը թելադրել օրակարգ: Այս պայմաններում լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը հավասարվում է սեփական դեմքը պահպանելու բնազդային ցանկությանը:

Հայաստանում լրատվամիջոցներից շատերի ֆինանսական սնուցումը թափանցիկ չէ, հետևաբար թափանցիկ չեն նաև թեմաների ընտրությունն ու դրանց կարևորության սանդղակը:

«Մեդիայում աշխատող ցանկացած մարդ, որը խոսում է և գրում, պիտի հստակ իմանա, թե որտեղից է վարձատրվում: Երբ լրագրողը հասկանա, թե որտեղից է գոյանում իր գումարը, կհասկանա նաև, թե ինչի համար է այն տրվում: Մեր աշխատողները թեև շատ բարձր գումարներ չեն ստանում, բայց հստակ գիտեն, թե ինչի համար են ստանում: Նաև գիտեն, որ վաղը ստիպված չեն լինելու որևէ օլիգարխի գովաբանել»,- վստահ է «Լրատվական ռադիոյի» փոխտնօրեն Դավիթ Խումարյանը:

Ըստ նրա՝ ռադիոկայանի ֆինանսական հոսքերը գոյանում են գովազդից, տարբեր այլ մեդիա ծառայություններից (օրինակ, վերահեռարձակումից) և վերջին երեք ամսվա ընթացքում նաև՝ բաժանորդագրությունից:

«Լրատվական ռադիոն»  «խոսող» ռադիոյի օրինակ է, որտեղ աշխատում է մոտ մեկ տասնյակ մարդ՝ թողարկելով լուրեր և 15 հեղինակային հաղորդաշար: Չկան սուր բանավեճեր, ավելի շատ զրույցներ են, որոնց ընթացքում հաղորդավարները չեն ընդհատում ու չեն առարկում հյուրերին: «Եթե հյուր ենք կանչում, ուրեմն հյուրի կարծիքը կարևորում ենք: Սա մոտեցման հարց է»,- ասում է Դավիթը:

«Լրատվական ռադիոյի» մոտեցումը սա է. 100 մարդու է հետաքրքիր հարթակը, ուրեմն թող այդ 100-ը վճարեն, իսկ մենք կաշխատենք հենց նրանց համար:

Հայաստանի մեդիա դաշտում սա բաժանորդագրության առաջին հաջող օրինակն է, որը փաստում է. լսարանը պատրաստ է վճարել բովանդակության դիմաց:

Բաժանորդները թանկ լսարան են

«Մեզ համար պարզ է, որ վաղվա մեդիան վճարովի մեդիան է: Եթե աշխարհում ոչինչ անվճար չէ, լրատվությունն էլ չի կարող անվճար լինել: Տեղեկատվությունը պրոդուկտ է, որն ինչ-որ մեկի կողմից վճարված է: Եթե դուք չեք վճարում, ուրեմն որևէ մեկը դա անում է ձեր փոխարեն: Վճարովի բովանդակության բուն իմաստը հենց այն է, որ բաժանորդներն են պահում մեդիան»,- ասում է «Լրատվական ռադիոյի» ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանը:

2016 թ. նոյեմբերից «Լրատվական ռադիոն» փակեց իր ինտերնետային բովանդակության մի հատվածը՝ հասանելի դարձնելով միայն բաժանորդներին: Այն կարելի է դիտել՝ որոշակի գումարվ վճարելով: Գումարը մեծ չէ (օրական՝ 220 դրամ, ամսական՝ 1000 դրամ): Ռադիոն շարունակում է անվճար մնալ, վճարովի դարձան ինտերնետային հավելված-ծառայությունները:

«Ըստ էության՝ մենք ոչ թե հաղորդումներն ենք վաճառում, այլ դրանք սպառելու ձևերից մեկը: Մեզ վճարում են կոնտենտը հարմար ժամի, հարմար սարքով և հարմար ձևաչափով սպառելու համար:  Վաճառքի առարկան ոչ թե կոնտենտն է, այլ սպառման ռեժիմը»,- ավելացնում է Դավիթ Խումարյանը:

«Լրատվական ռադիոյի» հաղորդումներն ունեն աուդիո և վիդեո տարբերակներ, կա նաև ներբեռնելու հնարավորություն: Նախապես որոշվում է, թե որ հաղորդումը կլինի ազատ օգտագոծման, իսկ որը կմտնի վճարովի փաթեթի մեջ: Պատրաստվում են կարճ անոնսներ, որպեսզի լսարանը ինքը ընտրի՝ արժե դիտել, թե ոչ: Այդպես լրատվամիջոցը փորձում է չկորցնել թե՛ փող, թե՛ լսարան:

Դավիթ և Գարեգին Խումարյանները«Հայկական մեդիա դաշտում շատերին թվում է, որ մեդիան աշխատում է B2B սկզբունքով (business to business): Այսինքն, մեդիան մատուցվում է մեկ այլ բիզնեսին, օլիգարխին, քաղաքական գործչին, միգուցե նաև շատ լավ որևէ ընկերությանը կամ մարդուն: Մենք կարծում ենք, որ մեդիայում կարևորը B2C սկզբունքն է (business to consumer), ըստ որի՝ մեդիա արտադրանքի պատրաստման համար չպիտի վճարի ո՛չ օլիգարխը, ո՛չ քաղաքական գործիչը, ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ իշխանության ձգտողները: Մեդիա պրոդուկտի համար պիտի վճարի անմիջական սպառողը: Եվ վճարի միայն այն ժամանակ, երբ իրեն պետք է այդ պրոդուկտը»,- ասում է Դավիթը:

Բաժանորդների թիվը «Լրատվական ռադիոն» չի շտապում հրապարակել, բայց կանգուն աճից գոհ է: Բաժանորդաճարները տարբեր կլինեն, եթե սպառողները հայաստանցիներ չեն: «Արտասահմանում ապրող մեր հայրենակիցներն ու սփյուռքի նոր սերնդի համար բովանդակությունը կթարգմանվի անգլերեն և ռուսերեն: Եվ այդ դեպքում վճարները երկու-երեք անգամ կավելանան»,- ասում է Գարեգինը:

Հետաքրքիր է, որ բաժանորդներից շատերը պատրաստ են վճարել ոչ թե վիդեո, այլ աուդիո տարբերակի համար:

«Սկզբում կարծում էինք, որ վիզուալ հատվածը ուժեղացնելով, այլևս միայն ձայնային բովանդակության կարիք չենք ունենա: Բայց հասկացանք, որ լսարանը ուզում է ոչ թե տեսնել, այլ լսել նյութերը: Այդպես հարմար, հեշտ և էժան է (կարիք չկա ներբեռնելու ու վճարելու ավելի թանկ և արագ կապի համար): Աուդիո բովանդակությունը տեղեկություն է փոխանցում՝ չզբաղեցնելով աչքերը և թույլ է տալիս զուգահեռաբար զբաղվել հիմնական գործով»,- ասում է Գարեգին Խումարյանը:

Ռադիոն ռետրո չէ, մոդեռն է

Պատկերներով գերհագեցած մեդիա դաշտում ռադիոն կարծես նոր թափ հավաքելու շանս է ստանում: Ռետրոն մոդայիկ է: Իսկ պատկերի բացակայությունը թույլ է տալիս գործի դնել երևակայությունը:

Դավիթ Խումարյանը շատ ավելի սթափ բացատրություն ունի, համարում է, որ ռադիոն ընդամենը ճանապարհ է, որով բովանդակությունը (և՛ աուդիո, և՛ վիդեո) մատուցվում է լսարանին.

«Ռադիոն համարվեց ռետրո լրատվամիջոց, երբ Հայաստանը անկախացավ և մեդիան դարձավ բիզնես: Բովանդակություն արտադրելը դադարեց ձեռնտու գործ լինել, քանի որ չէին գործում հեղինակային իրավունքները: Մեդիա ղեկավարները որոշեցին, որ ավելի լավ է երգերը գողանալ, եթեր հեռարձակել ու չվճարել, քան սեփական հաղորդումները արտադրել: Արդյունքում շատացան երաժշտական ռադիոալիքներն ու գործնականորեն անհետացան խոսող ռադիոալիքները»:

Նա նշում է, որ իրենց վաճառածը ստարթ-ափ ընկերության  արտադրանք չէ:

«Եթե դուք «Լրատվական ռադիոյի» աուդիո բովանդակության սպառող չեք, դժվար բաժանորդագրվեք: Մեր թիրախն արդեն իսկ ձևավորված լսարանն է, որին առաջարկում ենք ևս մեկ ծառայություն՝ այս դեպքում՝ վճարովի»,- ասում է Դավիթը:

«Լրատվական ռադիոյի» ղեկավարներն առանց վարանելու պնդում են, որ իրենց ռադիոլսողները Հայաստանի լավագույն մարդիկ են, որոնց հետ միշտ կապ են պահպանում ու պատրաստ են քննարկել տարբեր հարցեր: «Ինձ մոտ անգամ տպավորություն է, որ եթե ռադիոլսողներին և ռադիոյով խոսողներին տեղերով փոխենք, բովանդակության կորուստ չենք ունենա»,- ասում է Դավիթը:

Հայաստանում շատ բարդ է գտնել լրատվամիջոց, որն իր համար մի քանի տարիների զարգացման ծրագիր է նախանշել:  

«Քանի որ ապրում ենք մի երկրում, որն ի սկզբանե օժտված է անհաղթահարելի հանգամանքներով (կարծես, ծնված օրվանից ֆորս մաժորային իրավիճակում ենք), մենք ստիպված ենք դիմադրել ու արագ կողմնորոշվել: Բաժանորդագրությունը նաև ռիսկերի դիվերսիֆիկացիա է: Եվ եթե մոտ ապագայում գովազդի շուկան Հայաստանում անկում ապրի (իսկ այդպիսի նշաններ կան) մենք կկարողանանք ապրել»,- ասում է Գարեգինը:

Ռադիոկայանի հաղորդումների վերջում այնպայման հիշեցվում է. «Բաժանորդագրման վճարը մեր ֆինանսական ազատության և խոսքի ազատության երաշխիքն է»:

Իհարկե, դա հնչում է փոքր-ինչ պաթետիկ ու ինքնավստահ, բայց «Լրատվական ռադիոյի» ղեկավարները այլընտրանք չեն տեսնում:

«Եկեք ճիշտն ասենք, ոչ ոք հիմա չի սպառնում լրատվամիջոցներին: Եվ եթե չես ուզում քո ազատ խոսքը վաճառել, քո ազատ խոսքը կմնա քեզ հետ: Կարելի է ասել, որ մեր մեդիան ոչ թե անազատ է, այլ գնված»,- ասում է Դավիթ Խումարյանը:

Բաժանորդագրությունը գովազդային շուկայից կախվածությունը նվազեցնելու և հարազատ (թեկուզ նեղ ու փոքր) լսարանի վրա հենվելու գործիք է, որը օգնում է խոսել ու լսելի լինել:

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?