2013.12.09,

Խաչմերուկ

ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի լուսաբանումը Հայաստանում խիստ պաշտոնական էր

Դեկտեմբերի 5-6-ին Կիեւում կայացել է ԵԱՀԿ արտգործնախարարների նիստը, որի շրջանակնում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի  արտգործնախարարների հանդիպումը, հնչել է Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների կարեւոր հայտարարություն, նաեւ ԱՄՆ Պետդեպի անսպասելի կոչը` սատարել Ղարաբաղին:

Սակայն հայաստանյան մեդիայում այդ ամենը երեւաց միայն պաշտոնական տեղեկատվության տեսքով` գրեթե առանց մեկնաբանության: Դա առավել ակնհայտ էր այն համապատկերի վրա, որ հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը լայնորեն լուսաբանում էին հանդիպումները եւ ունեին թղթակիցներ տեղում:

Պաշտոնական հանդիպումներին լրագրողներին տանելու ավանդույթը Հայաստանում աստիճանաբար վերանում է. լավագույն դեպքում նախագահի կամ այլ պաշտոնյաների հետ գնում են 1-2 հեռուստատեսության ներկայացուցիչներ կամ «յուրային» լրագրողներ:

Արդյունքում հասարակությունը լուրերը քաղում է հարեւանների «բոստանից»՝ հանդիպումների մասին հայաստանյան մեդիայից շատ սահմանափակ տեղեկատվություն ստանալով կամ ընդհանրապես չստանալով:

Դրա պատճառը միայն ֆինանսների պակասը չէ. արտաքին քաղաքականությունը գնալով դառնում է առավել փակ եւ մենաշնորհային: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գրեթե զզվանքով է լսում իրեն ուղղված հարցերը եւ գերադասում ոչ թե դիվանագիտական, այլ անբովանդակ պատասխաններ:

Եվ եթե այլ երկրներում պաշտոնյաները լրագրողների ներկայությունը եւ հարցի հանրայնացումը հաջողությամբ օգտագործում են, Հայաստանում լրագրողներն իրենց հարցերով լրացուցիչ բեռ են դառնում: 

Տեղեկատվության պակասը եւ արտաքին քաղաքականության «մենաշնորհումը» հանգեցրել են նրան, որ Կիեւի հանդիպումից հետո հայաստանյան մամուլում ընդամենը 2-3 վերլուծական փորձ արվեց՝ ի տարբերություն ադրբեջական մամուլի, որտեղ հնչեցին եւ՛ մեկնաբանություններ, եւ՛ նոր ինֆորմացիա, օրինակ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահները հանդիպել են նաեւ հայկական եւ ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանին եւ Էլդար Նամազովին: Ընդ որում՝ ռուսաստանյան համանախագահը չի հրավիրվել հանդիպմանը:

Եվս մի առանձնահատկություն. հանդիպումը, որը հայաստանյան մամուլում միայն նեղ ղարաբաղյան ռակուրսով է արտացոլվել, Ադրբեջանում դիտարկվել է լայն աշխարհաքաղաքական համատեքստում: Ասենք՝ «Զերկալո» թերթում հրապարակված նյութում, որն, իմիջիայլոց, արտատպվել է ИноСМИ պորտալում, փորձ է արվում դիտարկել ղարաբաղյան կարգավորումը Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության համատեքստում:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կա՛մ «շահագրգռել» Ռուսաստանը կարգավորման մեջ, կա՛մ չեզոքացնել այդ երկրի ազդեցությունը գործընթացների վրա»,- գրված է հոդվածում:

Տպավորությունն այնպիսին է, որ հայաստանյան մամուլը ինքնակամ օտարվել է արտաքին քաղաքական եւ միջազգային խնդիրներից: Դա ունի մի քանի պատճառ. ՀՀ արտաքին քաղաքականությունը չի իրականացվում Երեւանում, լրատվամիջոցների մեծ մասը ֆինանսավորվում է օլիգարխների կողմից, որոնք հարկ չեն համարում խառնվել իշխանությունների արտաքին գործերին, եւ, վերջապես, լրագրողներն ու վերլուծաբանները գերադասում են ավելի «թույն» թեմաներ:

Նաիրա Հայրումյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *