Խառը ժամանակների, ժանրերի ու մայրցամաքների Օսկար

23.02.2019, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Օսկար մրցանակաբաշխությունը միշտ հետաքրքիր կերպով, երբեմն ճակատային, երբեմն էլ լավ թաքնված, արձագանքել է տարբեր զգայուն հասարակական մտահոգություններին: Փորձել է լինել ոչ այնքան կինոյի, որքան ավելի լայն՝ հանրային սպասելիքների արտահայտողը:

Եղել են տարիներ, երբ լավագույնների մրցանակներին է արժանացել հենց ասելիքը (անգամ ի վնաս ասելու ունակությունը), կամ ընդհակառակը՝ հաղթել է արվեստը՝ նվազ պատեհապաշտ բաղադրիչով:

Օրինակ, երկու տարի առաջ Օսկարը քննադատվեց «չափազանց սպիտակ» լինելու համար, քանի որ գրեթե բոլոր կարևոր մրցանակներին արժանացան սպիտակ մաշկի գույն ունեցողները: Եվ միանգամից հաջորդ տարի Օսկարը «սևացավ» ու մրցանակակիրների մաշկի գույնը կտրուկ փոխվեց՝ դառնալով բազմագույն:

Կինոլորտի վրա լուրջ ազդեցություն թողեց նաև #MeToo շարժումը, որը կինոինդուստրիայի ու կանանց բարդ ու տրավմատիկ պատմությունները ուղիղ կերպով դարձրեց արվեստի (նաև առևտրի) բաղադրիչ:

Հիմա շատ փառատոններ լրջորեն մտածում են հեղինակների հավասարություն ապահովել՝ գենդերային հատկանիշով: Այսինքն, հետևեն, որ կին ռեժիսորների թիվը առնվազն քիչ զիջի տղամարդկանց թվին:

Մեկ այլ լուրջ խնդիր է ցուցադրման հարթակը: Շատ փառատոններ ու ստուգատեսներ (օրինակ, Օսկարը կամ Կաննի փառատոնը) պարտադիր են համարում ֆիլմերի կոմերցիոն ցուցադրումները կինոթատրոններում:

Բայց քանի որ Նեթֆլիքսի ու այլ օնլայն հարթակները լուրջ մրցակից են դարձել կինոթատրոնների համար (միաժամանակ արտադրում ու ցուցադրում են), այլևս հասկանալի չէ, թե ինչպիսի կետերով է որոշվելու կոմերցիոն ցուցադրումը:

Կաննի փառատոնն, օրինակ, անցյալ տարի լուրջ արգելք էր դրել Նեթֆլիքսում ցուցադրված ֆիլմերի առջև՝ համարելով, որ եթե ֆիլմը չի ցուցադրվել կինոթատրոնում, այն լիարժեք կերպով չի համապատասխանում փառատոնի պահանջներին:

Նեթֆլիքսին այդ արգելքը այդքան էլ չմտահոգեց, քանի որ վիրտուալ կինոթատրոններն արդեն եկամտաբեր բիզնես են, որը նաև մշակույթ է ձևավորում:

Մրցանակներ հանձնելու մշակույթի վրա մեծ ազդեցություն ունի նաև քաղաքական օրակարգը, որից Օսկարը երբեմն փախչում է, երբեմն էլ հաճույքով հանձնվում՝ լավագույնը ճանաչելով ոչ թե սուր ստեղծագործությունները, այլ հոլիվուդյան լավագույն ավանդույթներով ստեղծված զանգվածային հեքիաթները:

Եվ տպավորություն է, որ 2019-ի Օսկարը լինելու է այս բոլոր մոտեցումների հատման կետը, քանի որ այս տարվա հավակնորդ ֆիլմերն ունեն այնքան մեծ ժանրային ու որակական բազմազանություն, որ թվում է՝ նպատակ է դրվել ցույց տալ այսօրվա անհարթությունը թե՛ ճաշակի, թե՛ որակի, թե՛ կինոկառուցվածքի առումով:

Սպասվում է խառը Օսկար, որտեղ ամեն ինչ կա, մնում է ընտրել ու այդպիսով սահմանել, թե Ամերիկայի կինոակադեմիայի կարծիքով ինչն է լինելու նորաձև:

Ցանկում են պատեհապաշտ երաժշտական թեման, քաղաքական դրաման, գրաֆիկական նովելի հիման վրա ստեղծված հեքիաթը, սեևամորթների ճանապարհը դեպի ոստիկանություն, դասական հոլիվուդյան քաղցր պատմությունը միմյանց հասկանալու մասին, մարդու արմատական կապը իր մանկության հետ, եվրոպական հայացքը անգլիական պատմությանը:   

Լավագույն ֆիլմերի ցանկում հայտնված ութ ֆիլմից երկուսը՝ «Ռոման» ու «Ֆավորիտուհին» ընդհնարապես ամերիկյան չեն, ավելին՝ «Ռոման» անգամ անգլերեն չէ (իսկ անգլերենը Օսկարի համար երկար ժամանակ օրենքն էր):

«Սև հովազը» («Black Panther») ստեղծվել է սուպերհերոսների մասին պատմող գրաֆիկական նովելի հիման վրա՝ այլմոլորակայիններով, տարօրինակ էակներով ու էներգիայի նոր աղբյուրների համար մղվող պատերազմներով:

Այս ժանրն առաջին անգամ է ընդգրկվել Օսկարի գլխավոր՝ լավագույն ֆիլմ, անվանակարգում, մինչ այդ բլոքբասթերային կոմիքսները՝ կռիվներով, ֆուտուրիստական օդանավերով ու անձնուրաց քաջերով, հավակնում էին միայն երկրորդական մրցանակների՝ էֆեկտների, գրիմի կամ երաժշտության, քանի որ Օսկարը որոշակի ժանրային նշաձող ուներ:

Իսկ հիմա այն հանել է, և «Մարվել» ստուդիայի արտադրանքը նոր մակարդակի է բարձրացնում այդ ժողովրդական ժանրը, որը ունենում է կոմերցիոն հաջողություն, բայց գրեթե միշտ անտեսվում է լուրջ փառատոնների կողմից:

Ու թեև «Սև հովազը» դժվար թե ստանա լավագույնի արձանիկ, այն բոլոր դեպքերում ապահովելու է կարևոր (և նոր) ժանրային ու թեմատիկ բազմազանություն: Ի վերջո, կյանքը մեր մոլորակի վրա սկիզբ է առել Աֆրիկայից և հենց այդ մայրցամաքից էլ պետք է գա կոչը կառուցել ոչ թե պատեր, այլ կամուրջներ:

Հետաքրքիր է, որ ութ լավագույն ֆիլմերի շարքում են երկու շատ անհաջող ֆիլմեր, որոնց միավորում է երաժշտական թեման:

«Բոհեմական ռապսոդիան» («Bohemian Rhapsody») մեծն Ֆրեդի Մերքյուրիի կենսագրության ավանդական-տրիվիալ վիզուալիզացիա է, որը նման է Վիքիփեդիայի հոդվածների էկրանավորմանը՝ կռահելի, անատամ ու անհամ սյուժետային պտույտներով, որտեղ կորել է անգամ գլխավոր հերոսի հմայքը (երևի ավելի լավ կլիներ, եթե այդ դերը կատարեր ոչ թե ջանասեր Ռամի Մալեկը, այլ վառ կատակերգակ Սաշա Բարոն Քոենը, ինչպես նախատեսվում էր սկբզբից):

«Բոհեմական ռապսոդիան» շատ քիչ շանսեր ունի լավագույնը դառնալու, քանի որ բացի թույլ կառուցվածքից ունի նաև ավելի լուրջ խնդիր: Ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերը մեղադրվում է մանկապղծության համար, ինչը լուրջ հարված է ոչ միայն անձմաբ իր, այլև ֆիլմի հեղինակությանը:

Երկորրդ երաժշտական թեմայով ֆիլմը, որը կոչվում է «Աստղ է ծնվել» («A Star is Born»), պարզունակ մելոդրամա է, որն այն աստիճանի մելոդրամատիկ է ու կարծրատիպային է (թեև Լեդի Գագան որպես գlխավոր դերասան բնավ էլ չի զիջում միջին վիճակագրական հոլիվուդյան դերասանուհիներին), որ ինքն իր պարոդիան է դառնում:

Բայց, ավաղ, ֆիլմը պարոդիա չէ: Մեկ աստղի ծնունդն ու մյուս աստղի մայրամուտը փորձում է լինել հուզիչ ու վտանգավորության աստիճանի լուրջ պատմություն: Արդյունքում՝ ոչ հուզում է, ոչ էլ լուրջ է ընդունվում: Բայց Լեդի Գագայով է ու ամերիկյան երազանքի հերթական ձանձրալի վերապատմումով:

Այս տարվա Օսկարի լավագույն ֆիլմերից երկուսում կա «սև» բառը: «Սև հովազից» բացի (որի հերոսների մեծ մասի մաշկի գույնը սև է) այն վերնագիր է դարձել նաև «Կլանի սև անդամ» («BlacKkKlansman») ֆիլմում:

Սևն ու սպիտակը հերթական անգամ ներկայացվում են իրավունքների համատեքստում:

Սևամորթ ոստիկանը ներգրավվում է սևամորթներին հետապնդող հայտնի կազմակերպության մեջ ու բացահայտում ոճրագործներին՝ օգտագործելով հրեային: Այս ֆիլմի պաթոսն ու հումորը փոքր-ինչ հնաոճ են, բայց փաստն այն է, որ բոլոր սևամորթ հերոսները բարի ու լավն են (ինչպեսև հրեաները), իսկ արիացի ամերիկացիները՝ հիմար ու անհետաքրքիր: Ճակատային այս ֆիլմը իր ուղերձով զիջում է անգամ «Սև հովազին», որն ավելի նուրբ է խաղարկում մարդկային գույներն ու երանգները:

Սևամորթ հերոս կա նաև «Կանաչ գիրք» («Green Book» ) ֆիլմում, որը դասական սյուժե ունի՝ երկու մարդ պատահականորեն հանդիպում են, հասկանում ու ընդունում իրար՝ փոխլրացնելով ու հարստանալով (հոգևոր առումով): Ու վերջում ընկերանում են՝ ամանորի տոնածառի տակ միասին խմելով:

Հարուստը, հայտնին ու նրբաճաշակը հանրային խտրական վերաբերմունքի արժանացող աֆրո-ամերիկացի դաշնակահարն է, իսկ պարզունակը, շատակերն ու ցածրաճաշաը նրա սպիտակամորթ վարորդն է:

Այդպիսով, շրջելով դիմակները, ֆիլմը հին առասպելը նորովի է երգում:

Սա դասական, լավ սարքած ֆիլմ է՝ ուռուցիկ հերոսներով ու ռիթմով: Միակ թերությունը քաղցր համեմունքի առատությունն է: Միգուցե ժամանակակից աշխարհում ռասիզմի դեմ պայքարելու համար շաքար-ֆիլմերը պիտանի գործիք են, բայց շաքարի շերտն իրոք հաստ է:

Բոլոր դեպքերում, «Կանաչ գիրքը» լավ թեկնածու է Օսկարի համար, քանի որ այն կոմպրոմիսային է: Իսկ կոմպրոմիսը լավ բան է խառը ժամանակներում:

«Ֆավորիտուհին» ֆիլմը («The Favorite») բոլորովին դուրս է հոլիվուդյան բաղադրատոմսով պատրաստված ֆիլմերի շարքից, այն նուրբ ու սարկաստիկ է, իր ասելիքը խելացի կերպով փշրում է տարբեր դետալներում՝ երկխոսություններում, շքեղ հանդերձանքում, հումորում ու անթաքույց չարագործություններում: Սա մինչև ուղնուծուծը եվրոպական ֆիլմ է ու եվրոպական հայացք՝ իշխանություն ունենալու հակառակ կողմի մասին:

Ֆիլմի առանցքը կանայք են: Երեք տարբեր կանայք՝ թագուհին, դքսուհին ու ծառան, իսկ նրանց կյանքն ու կռիվը շատ ծանոթ է ու ժամանակակից: Քաղաքականությունը քմահաճ տիկին է, որն այս ֆիլմում երեք տարբեր դիմակներ է կրում:

Օսկարը ուզում է որսալ նորությունները, ցույց տալ, որ կինոն տարբեր ուղղություններով է նայում ու տարբեր տեղերից ծնվում: Օսկարն այլևս միայն ամերիկյան լինել չի ուզում: Օրինակ, Եվրոպայից մեծ քայլ է անում դեպի Մեքսիկա ու կանգ առնում նաև հեղինակային կինոյի նմուշի վրա:

«Ռոմա» («Roma») ֆիլմը հայրենի հողի ձոն է, որը սփռված է անթերի տեսաշարային ռիթմում ու կառուցվածքում․ բացի գլխավոր հերոսուհուց, որի դեմքը հիշեցնում է ացտեկական դիմակ, բոլոր գործող անձինք ստատիստներ են, ֆոն, խճանկարի բեկորներ:

Պատմությունը, որը ներկայացվում է «Ռոմա»-ում, պարզ ու հավերժ է (մենք բոլորը գալիս ենք մանկությունից), իսկ նկարահանման ոճը նման է գետի՝ այն հոսում է, ինչպես ժամանակը: Եվ պահում հիշողության մեջ տարբեր դրվագներ, որոնցից կարևորը առանձնացնել չի ստացվի, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում զուգահեռաբար: Օրինակ, մեծ ցնցումներն ու փոքր ապրումները...

Ի դեպ՝ այս ֆիլմը, որի պրոդյուսերը Նեթֆլիքսն է, արդեն փառատոնային մրցանակակիր է:

«Ռոման» կարող է Օսկարի մրցանակների մեծ փնջեր ստացալ (այն նաև օտարալեզու ֆիլմերի ցուցակում է), սա հենց ռեժիսորական ֆիլմ է ու վերջին տարվա արվեստի լավագույն նմուշներից մեկը:

«Ռոման» նայում է աշխարհին ամենաբարձր կետից՝ երիտասարդ կնոջ սրտից, որը թեև շատ բան չի տեսել, լավ չի վերլուծում, բայց զգում է իրեն շրջապատող մարդկանց ու բնապատկերի փոքր մասնիկը:

Նա ամբողջություն է ու այդ ամբողջության պահապանը:

Ի տարբերություն «Ռոմայի»՝ «Vice» ֆիլմը (վերնագիրը կարող է լինել «Իշխանություն»), դիմում է կտրականապես այլ հնարքի. այն գեղարվեստական է դարձնում վավերագրական նյութը: Վերցնում է փոխնախագահ Դիք Չեյնիի իրական կերպարն ու պատմում, թե ինչպես է նա ձեռք բերել ու ինչպես է կառուցել բացարձակ իշխանության մոդելը:

Զարմանալի է, բայց այդ կինոպատմությունը դիտելը շատ հետաքրքիր է, թեև երբեմն այն հիշեցնում է վատ հեռուստահաղորդում:

Բոլոր դեպքերում՝ Ամերիկան զննում է իր քաղաքական վերնախավին ու զուգահեռներ տանում այսօրվա հետ: Տեսնում ենք, թե ինչպես են գործի դրվում մանիպուլյացիաներն ու ինչպես է քաղաքականության մեջ վերջնականապես հաստատվում այն միտքը, որ կարևորը հաղթանակն է:

Որ անհաջողակ էլեկտրիկը կարող է դառնալ կարևոր որոշումներ ընդունող, պատերազմներ սկսել ու ճակատագրերի հետ խաղալ:

Սա դաժան ֆիլմ է:

Միգուցե այս տարվա Օսկարը ցույց կտա, որ հաղթանակի ճանապարհը ոչ պակաս կարևոր է, քան հաղթանակի փաստը: Որ հաղթանակն ունի տարբեր գույներ:

Ինչպես ինտիմ սև-սպիտակ ժապավենով նկարահանված «Ռոման», ոսկեգույնով ողբերգությունը ծածկող «Ֆավորիտուհին» կամ անվտանգ ճանապարհների քարտեզն ընդլայնող «Կանաչ գիրքը»:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?