Կիսաբաց տվյալներ

08.12.2017, Նյուսրում

Լրագրող

Պաշտոնական տեղեկություններն ու վիճակագրությունը հատկապես օգտագործում են լրագրողները և հետազոտողները: Սակայն PDF ֆորմատով հրապարակված պաշտոնական  տվյալներն անհարմար են օգտագործման համար:

Կառավարությունը դեռ 2011-ին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ, Open Government Partnership) նախաձեռնությանը և պարտավորվել է հրապարակայնացնել մի քանի ոլորտների տվյալները:

ՏԻՄ ակտերը Arlis.am-ում

Հարթակներից մեկը www.arlis.am-ն է, որտեղ «ՏԻՄ ակտեր» բաժնում են տեղադրվում համայնքային որոշումները:

Այդ որոշումները նախկինում էլեկտրոնային եղանակով հրապարակվում էին մարզպետարանների կայքերում՝ PDF ֆորմատով: Հիմա նույն ֆորմատով դրանք www.arlis.am-ում են, չնայած ԲԿԳ հանձնառությամբ պետք է ստեղծվեր առանձին պորտալ՝ որոնողական համակարգով: Կայքում PDF-ը որոնելի ֆորմատ չէ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանը ասում է, որ arlis.am-ում PDF ֆորմատով հրապարակումներ կազմակերպելը հանձնառությանը չի համապատասխանում. «Վատ չէ, որ այդտեղ էլ են դրել, բայց եթե հանձնառությունը նախապես գրված է, որոշվել է, քննարկումների փուլ անցել և այդպես է հաստատվել, փոփոխությունը մեղմ ասած չի խրախուսվում, և դա չի կարող լիարժեք համարվել հանձնառության իրականացում»:

Մյուս խնդիրը, ըստ Լիանա Դոյդոյանի, մատչելիությունն է. «Ի սկզբանե որոշված էր և ընդհանրապես ԲԿԳ-ով փորձում ենք բաց տվյալներով տեղեկությունը հասանելի դարձնել և ոչ թե ստատիկ PDF ֆայլերով, ինչը դժվարացնում է ուսումնասիրողների գործը»:

Օրենսդրական նախաձեռնությունները՝ edraft.am-ում

ԲԿԳ հանձառությամբ թափանցիկության ապահովման նպատակով ստեղծվել է  www.e-draft.am կայքը, որտեղ քննարկվում են իրավական ակտերի նախագծերը:

Սա նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու մի ձև է:

Կայքում կարելի է ծանոթանալ օրինագծերին, հետևել դրանց հետագա ընթացքին՝ ծանոթանալ ներկայացված առաջարկություններին: Կայքում գրանցվածները կարող են առաջարկություններ ներկայացնել, ծանոթանալ մյուս առաջարկությունների կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:

«Հետքի» լրագրող Սեդա Ղուկասյանն ասում է, որ edraft.am-ն օգտակար է նաև լրագրողների համար, քանի որ նախագծի աշխատանքային տարբերակը, մարդկանց առաջարկությունները կարող ես տեսնել:

«Օրինակ՝ Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին անդրադարձել եմ կայքում հայտնվելու ժամանակ: Փորձել եմ քաղաքացիների, ՀԿ-ների առավել հետաքրքիր առաջարկություններն առանձնացնել ու ներառել հոդվածում։ Իմ կարծիքով՝ խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի համար դա լավ գործիք է, քանի որ մի քայլ առաջ ես հետևում նոր նախագծերին ու հնարավորություն ես ունենում մինչ հաստատվելը հարցին անդրադառնալ, գտնել թիրախային խմբեր, մեկնաբանություններ վերցնել»,- ասում է լրագրողը:

Կայքում, ըստ նրա, լինում են նաև «զավեշտալի կամ անհասկանալի բովանդակությամբ նախագծեր ու տպավորություն է ստեղծվում, որ նախագիծը կամ հիմնավորումը փորձում են կառուցել այնպես, որ հնարավորինս քիչ մարդ հասկանա, ուսումնասիրի, վրիպակներով նախագծեր, երբեմն նաև թափթփված տեսքով, այսինքն ճիշտ և ճիշտ սևագիր տարբերակ»:

«Սիվիլնեթի» լրագրող Գևորգ Թոսունյանի կարծիքով e-draft․am-ը օգտակար է, քանի որ այնտեղ մեկ հարթակում հնարավոր է ծանոթանալ բոլոր նախագծերին:

«Առաջարկություններից շատ եմ օգտվում, եղել են դեպքեր, երբ ռեպորտաժ եմ պատրաստել կայքում դրված որևէ նախագծի վերաբերյալ ու նկատելով առաջարկություն անողներին հենց նրանց հետ պայմանավորվել ու հարցազրույց եմ վերցրել»,- ասում է լրագրողը:

Լիանա Դոյդոյանը e-draft․am-ի հետ կապված մի քանի մտավախություն ունի: Նախկինում գերատեսչությունները օրենքների նախագծերը հրապարակում էին իրենց կայքերում՝ համարելով դա հանրային քննարկման ապահովում: Իրականում քչերն էին տեղյակ լինում այդ քննարկումից: Ըստ Դոյդոյանի նույն պրակտիկան նկատվում է e-draft․am-ում: «Օրինակ Հեռուստատեսության և ռադիոյի օրենքի նախագծի՝ կայքում տեղադրելու մասին առաջադեմ կազմակերպությունները նույնիսկ տեղյակ չեն եղել: Քննարկման ժամկետն անցել է, համարել են, որ նախագիծը հանրային քննարկման փուլն անցել է, և այն արագ ներկայացրել են կառավարություն»:

Դոյդոյանի կարծիքով օրինագիծը e-draft․am-ում հրապարակելով բավարարվելը ճիշտ չէ: Հարկավոր է, օրինակ, զուգահեռ քննարկումներ կազմակերպել:

ՀԿ ղեկավարը դեմ է նաև ներկայացվող նախագծերի քվեարկությանը. «Տեղեկատվության ազատության մասին նախագծի քննարկման փուլում միանգամից երևաց, որ նախարարության անմիջական մասնակցությամբ, ավելի ճիշտ ադմինի, հնարավոր է կողմ և դեմը արագ փոփոխության ենթարկել: Սա արհեստական գործիք է, անիմաստ օնլայն քվեարկություն, որը ծառայում է կայքը ղեկավարող մարմնին: Կարծում եմ սա պետք է հանվի»:

Դոյդոյանը նաև նշում է, որ ԲԿԳ ծրագրով արված գործի մասին իրազեկման խնդիր կա: Քչերն են տեղյակ Arlis.am-ի «ՏԻՄ ակտեր» բաժնի և e-draft․am-ի գոյության մասին:

 

Անահիտ Դանիելյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?