Պաշտոնական փաստաթղթերը ընդամենը տեղեկությունների աղբյուր պիտի լինեն

18.07.2017, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Մի քանի օր առաջ լրատվական կայքերից մեկը (կայքը չեմ նշում, որ այլ լրատվամիջոցները, որոնք հավանաբար նույնպես հրապարակել էին նույնը, չնեղանան, որ իրենց էլ չեմ հիշատակել) առանց որևէ խմբագրական միջամտության հրապարակել էր մի քրեական գործով մեղադրական եզրակացությունից հատվածներ: Ահա մի պարբերություն այդ նյութից.

«Քրեական հեղինակություն Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկեցնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինի առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել:

Նա նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի եւ քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինի կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար նրան դիտավորությամբ զրկել է կյանքից»:

Ներողություն եմ խնդրում, այս ընդարձակ մեջբերման համար, բայց կարծում եմ դուք էլ ինձ նման մի բոլ քրքջացիք, մանավանդ «...վճռականություն է առաջացել», «...այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանի...» բառերը կարդալիս...

Ծիծաղը՝ ծիծաղ, բայց սա ավելի շատ զայրացնող է: Եվ կրկին պիտի անդրադառնանք տեղեկատվության աղբյուրների հետ աշխատելու խնդրին (լեզվի հարցին՝ մի այլ առիթով):

Ի՞նչ են այս կամ այն հաստատության, մարմնի, կազմակերպության (պետական լինի, մասնավոր, թե հասարակական) պաշտոնական փաստաթղթերը կամ տարածած մամլո հաղորդագրությունները:

Նորմալ, որակյալ լրատվամիջոցի համար դրանք ընդամենը տեղեկությունների աղբյուր են, որոնցից հնարավոր է լուր պատրաստել, եթե մեջը հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկություն կա:

Ոչ այնքան որակյալի կամ ավելի շուտ՝ հնարավորինս շատ նյութեր տարածելու մարմաջով տառապող մեր շատ կայքերի համար դրանք հեշտ հրապարակվող «նյութեր» են:

Ոչ մի ջանք չի պահանջվում. պատճենում ես, սկզբում մի տեղ գրում՝ «ինչպես տեղեկացնում են X-ի մամուլի ծառայությունից», կամ դա էլ չես գրում, այլ միայն վերջում ավելացնում ես «X-ի մամուլի ծառայություն», տեղադրում քո կայքում և վերջ...

Թող ընթերցողը դրա մեջ լուր կամ որևէ հետաքրքիր բան փնտրի: Եթե փնտրի, իհարկե:

Անընդհատ ուզում եմ հասկանալ մամուլի համար տարածվող հաղորդագրությունները նույնությամբ հրապարակելու դրդապատճառը: Չեմ հասկանում: Երևի հետ եմ մնացել կյանքից:

Հենց միայն իմ այս հոդվածը պատրաստելու օրերի ընթացքում մի քանի (որ ասեմ տասնյակ՝ հավատացեք) կայքերում լիքը պաշտոնական հաղորդագրություններ հանդիպեցի: Չե՞ք հավատում. վերցրեք մի օրվա, ասենք, կառավարության մամուլի ծառայության որևէ հաղորդագրություն և վերնագրով որոնում իրականացրեք...

Ոչ մի տառի, ոչ մի բառի փոփոխություն, բոլոր լրատվամիջոցներում նույն տեքստն է:

Այս առիթով ևս մի զարմանալի «լրատվական» երևույթի մասին. դարձյալ հոդվածը գրելու օրը ահա այսպիսի հաղորդագրություն տարածվեց կայքերով՝ «Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին».

«Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը»:

Ու այսպիսի «լուրեր» համարյա ամեն օր են լինում: Հիմա ասեք, խնդրում եմ, ինչի՞ մասին է սրանից տեղեկանում ընթերցողը, որ համարյա բոլոր տեղեկատվական կայքերը իրենց պարտքն են համարում սա տարածել...

Մի այլ խնդիր է նաև շատ դեպքերում անասելիք ու աննպատակ մամուլի ասուլիսների լուսաբանումը: Բայց այդ մասին՝ հաջորդ հոդվածում:

Արդարության համար ասեմ, որ իմ այս հոդվածի առաջին պարբերությունում հիշատակված բավականին հեղինակավոր լրատվական կայքի խմբագիրներին գրած մասնավոր նամակից հետո այստեղ մեջբերված պարբերությունը խմբագրվեց: Բայց սա ընդամենը մի դեպք է: Միշտ չէ, որ կգտնվի դիտողություն անող, և միշտ չէ, որ խմբագիրները պատրաստակամ կլինեն խմբագրելու:

 

Մեսրոպ Հարությունյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?