«Մենք չպետք է գերագնահատենք Facebook-ը»

02.02.2012, Տեսակետ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Հանրային Լրագրության ակումբի հրավերով Հայաստանում էր եգիպտացի բլոգեր Նոհա Աթեֆը: Նա GlobalVoicesOnline.org -ի հեղինակներից է: Ժամանակին վարել է Եգիպտոսում կտտանքների ու տանջանքների մասին պատմող Torture in Egypt բլոգը: Հիմա Նոհան Բիրմինգեմի համալսարանի կրտսեր հետազոտող է: Նոհան պատմում է, որ հեղափոխության օրերին յուրաքանչյուր ակտիվիստ իր բջջային հեռախոսում պատրաստի սեւագիր sms ուներ, որտեղ գրված էր «Ինձ ձերբակալել են»:

Զարգացման ի՞նչ փուլերով անցավ սոցիալական մեդիան Եգիպտոսում վերջին տարիներին:

Բողոքների առաջին ալիքը 2005-ին էր: Այն ժամանակ շատ քիչ թվով բլոգներ կային Եգիպտոսում: Շատերը չգիտեին, թե բլոգն ինչ է ընդհանրապես: Ինտերնետ կար, բայց շատ տարածված չէր: Բլոգ բառը շատ տարօրինակ էր հնչում:

Երբ նախագահի դեմ փողոցներում բողոքի ակցիաները սկսվեցին, ավանդական մեդիաները դրանք չէին լուսաբանում: Ցուցարները ստեղծեցին իրենց մեդիան, օրինակ տեղեկատվություն, նկարներ էին տեղադրում Yahoo խմբերում: Այդ բովանդակությունը պատճենվում էր փոքրաթիվ բլոգներում եւ տարածվում էր: Մեծ թվով մարդիկ բլոգներով էին նորություններ կարդում: Աստիճանաբար ավելի շատ մարդ սկսեց բլոգ վարել եւ բլոգը սկսեց երեւույթ դառնալ Եգիպտոսում:

Բլոգերները գրում էին տարբեր թեմաներով: Քաղաքական, սոցիալական թեմաները, չգրված արգելքները՝ տաբուները լայնորեն քննարկվում էին բլոգներում: Ընթերցողներն իրենք էին խրախուսում մարդկանց սեփական բլոգ վարել: Բլոգների թիվն այդ ժամանակ աճում էր:
2008-ին Facebook-ը եկավ ասպարեզ: Այնտեղ կար մի խումբ, որն ապրիլի 6-ին Եգիպտոսի հյուսիսում գտնվող Մահալա քաղաքում տասնյակ հազարավոր բանվորների գործադուլին աջակցելու համար զանգվածաին գործադուլի կոչ էր անում:   Շատերը միացան այդ խմբի կոչին: Այս քայլը շփոթեցրեց Ներքին գործերի նախարարությանը: Եթե խումբը լիներ օֆլայն, նրանք անմիջապես կանցնեին ձերբակալությունների, բայց նախարարությունում չգիտեին, թե ինչ է Facebook-ը: Ոստիկաններն այդ օրերին Մահալայում էին: Քաղաք մտնելն ու դուրս գալը դժվար էր, ամեն մի կիլոմետրի վրա ոստիկաններ էին: Facebook-յան խումբը ստեղծեղները ձերբակալվեցին եւ այդ մասին ոստիկանությունը  հեռուստատեսությամբ պաշտոնական հայտարարություն տարածեց: Այդ քայլը Եգիպտոսում  Facebook-ը հրապարակայնացնելու համար շատ լավ էր:

Հետագայում մեր երկրում ավելի շատ տարածվեցին Facebook-ն ու Twitter-ը: Շատերը դրանք նախընտրում էին ավանդական բլոգներից, քանի որ ավելի արագ էին եւ ավելի ժամանցային: Բլոգ պլատֆորմներից Եգիպտոսում տարածված են Wordpress-ն ու Tumblr-ը:

Եգիպտոսում հեղափոխությունը հաճախ ասոցիացվում է Facebook-ի հետ: Ի՞նչ դեր է խաղացել այդ սոցիալական ցանցը իրականում:

Կարծում եմ Facebook-ը Եգիպտոսում հեղափոխության համար որեւէ դեր չխաղաց, որովհետեւ Facebook-ն ընդամենը գործիք է. Կարող ենք ասել, որ մարդիկ շատ լավ օգտագործեցին Facebook-ը: Այո, այդպես է, բայց մենք չպետք է գերագնահատենք Facebook-ը: Ի վերջո, այն հեղափոխության մեդիա գործիքներից մեկն էր: Եւ այդ գործիքները միայն թվային չէին: Ավանդական մեդիաներում հոդվածներում Facebook-ի եւ Twitter-ի դերը հեղափոխության գործում  շատ է գերագնահատվում: 
Հեղափոխությունը մարդիկ են արել, բանվորները, աշխատավորները: Մինչեւ հիմա էլ Եգիպտոսում բնակչության 17%-ը կրթություն չունի  եւ բնականաբար կրթություն չունեցողները չեն էլ կարող օնլայն լուրեր կարդալ: Գրեթե բոլոր երկրներն ունեն Facebook, ինչու՞ հեղափոխությունները տեղի են ունենում որոշ երկրներում, իսկ որոշներում՝ ոչ...

Ինչու՞

Որովհետեւ հեղափոխությունը մարդիկ են անում եւ ոչ թե գործիքները:

Իսկ ինչպե՞ս էին մարդիկ տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում, եթե ավանդական մեդիան չէր լուսաբանում հեղափոխությունը: Եթե Facebook չէին օգտագործում, ո՞րն էր նրանց տեղեկատվության աղբյուրը:

Մարդիկ ստեղծում էին իրենց մեդիան: Հիշու՞մ եք, այդ օրերին անգամ ինտերնետ կապն անջատվեց Եգիպտոսում: Ինտերնետ, բջջային կապ չկար: Ցուցարարները կապ էին ապահովում ավանդական մեթոդներով, ստեղծում էին հաղորդակցման կրեատիվ միջոցներ: Հազարավոր ցուցարարներն ինքնակազմակերպվում էին, իրար հետ հաղորդակցվելով առանց անգամ բջջային կապի:

Սա մի կողմն է, եւ երկրորդ կողմն այն է, թե ինչպես էին նրաք իրենց լուրերը հաղորդում աշխարհին: Հեշտ չէ, բայց կարող ես լսելի դառնալ այլ ձեւերով: Ճանապարհը, որով նրանք հաղորդակցվում էին, յուրահատուկ մեդիա էր: Եւ ինչպե՞ս կարելի է  Facebook-ին եւ Twitter-ին վերագրել ամեն ինչ... դրանք օգնեցին, բայց հաջողության հիմնական գրավականը չէին:

Ես հիշում եմ, որ Եգիպտոսում հեղափոխությունից հետո մի նորածնի Facebook անվանեցին:

Դեե... դա անիմաստ լուր էր, իրականում: Դուք ձեր երեխային կանվանեի՞ք Facebook... Պետք չէ ընդհանրացնել, ուղղակի մեկը երեխային անվանել է Facebook:

Իսկ հիմա ի՞նչ վիճակ է ավանդական եւ սոցիալական մեդիաներում Եգիպտոսում, մեծ փոփոխություններ եղե՞լ են:

Ոչ, չեն եղել: Պետական մեդիան դեռեւս քարոզչական գործիք է Ռազմական Խորհրդի համար: Հիմա ունենք ավելի մեծ թվով հեռուստակայաններ, բայց նրանք էլ են քարոզչություն տարածում, փորձում են վարկաբեկել այսօրվա ցուցարարներին եւ նպաստել Ռազմական Խորհրդի ժողովրդականությանը:
Ունենք ավելի շատ սոցիալական մեդիա (ոչ միայն թվային): Ճիշտ է, ինտերնետ օգտատերերի թիվն աճել է, բայց ես նկատի ունեմ այլ տեսակի մեդիա: Գրաֆիտին,  օրինակ, ծաղկում է: Մենք փողոցներում ունենք տիկնիկային ներկայացումներ, տարբեր տեսակի ստեղծագործական մեդիաներ: Օրինակ,  նորությունները երգերի միջոցով... Այս տեսակի մեդիաները կիրառվել են Եգիպտոսում հեղափոխության ժամանակ եւ շարունակում են կիրառվել նաեւ հիմա:
Ռազմական Խորհուրդը փորձում է վերահսկել մեդիան, մեդիայի միջոցով նսեմացնել  ցուցարարներին, հերքել իրեն վերագրվող հանցագործությունները: Հիմա «Ստախոսներ» անվանումով արշավ է իրականացվում, որի ակտիվիստներն իրենց տեխնիկայով, լուսարձակներով գնում են տարբեր փողոցներ, աղքատ թաղամասեր, վայրեր, որտեղ ցուցարարները մուտք չունեն, հրապարակից հեռու: Նրանք ֆիլմեր եւ նորություններ են ցուցադրում, որտեղ խոսվում է Ռազմական Խորհրդի հանցագործությունների մասին: Սա ուղղակի եւ էֆեկտիվ կապ է մարդկանց հետ:

Ի՞նչ է անում իշխանությունը ինտերնետը վերահսկելու համար:

Դե, մենք նույնիսկ Ինտերնետ Ոստիկանություն ունենք, 90-ական թվականներից սկսած: Այն Ներքին Գործերի նախարարության կազմում է, եւ պաշտոնապես համակարգչային, ինտերնետային հանցագործությունների դեմ պայքարելու համար է, բայց գործնականում նաեւ հետեւում է, թե ինչ է ասվում օնլայն, ով է ասում, ինչպես է մտածում ընդդիմությունը:

Դու ինքդ որպես բլոգեր, սպառնալիքներ ստացե՞լ ես:

Ես ու իմ ընկերները մինչեւ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո էլ սպառնալիքներ ստացել ենք: Եգիպտոսում իմ ընկերները, ովքեր հեղափոխության հիմնական թիմում են, անընդհատ տեղեկացնում են, որ խնդիրներ ունեն: Գուցե ես հաջողա՞կ եմ, որ արտասահմանում եմ եւ նման խնդիրներ հիմա չունեմ, բայց ընկերներ ունեմ, որոնց առեւանգել են, բանտարկել են... Նրանք հարձակման են ենթարկվել,  լուրջ խնդիրներ են ունեցել: Սա հեղափոխությունից հետո... Մինչեւ հեղափոխությունը բոլորս էլ խնդիրներ ունեինք ազգային անվտանգության հետ՝ սկսած քրեական կեղծ գործեր հարուցելուց աշխատանքից զրկվելու, ընտանիքին վնասելու սպառնալիքներով վերջացրած:

Հեշտ չէ լինել քաղաքական բլոգեր Եգիպտոսում:

Այո եւ պատահական չէ, որ Լրագրողներ առանց սահմանի միջազգային կազմակերպությունը Եգիպտոսն ընդգրկել է լրագրողների համար ամենաանբարենպաստ երկրների ցանկում: Եգիպտոսը նաեւ ինտերնետ թշնամիների ցուցակում է ընդգրկված:

Հարցազրույցը Գեղամ Վարդանյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?