ԱԺ պատգամավորներն ընդդեմ «Հայկական Ժամանակ»-ի

15-01-2016

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 7-ին մասամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը:Դատարանը որոշեց, որ թերթի 2010-ի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Դատարանը պարտավորեցրեց «Հայկական ժամանակ»-ին` դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հերքում տպագրել:Որպես իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը, ովքեր նաեւ հայտնի գործարարներ են, թերթից պահանջում էին իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Նրանք նաեւ 500-հազարական դրամ են պահանջում դատական ծախսերի փոխհատուցման համար: Դատարանը մասամբ բավարարեց այս պահանջը` «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին պարտավորեցնելով պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ:

«Ինչպես նախկին բոլոր դատական գործերը մեր թերթի դեմ, ինչպես մյուս բոլոր խոչընդոտները մեր աշխատանքներին, ես համարում եմ մեկ կենտրոնից ղեկավարվող գործողությունների շղթայի մի մասը, որոնք միտված են ճնշել «Հայկական ժամանակ»-ը եւ վնասել թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ներկայումս մենախցում պահվող Նիկոլ Փաշինյանին»:

 

«Հայկական Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյան, «Ազատություն ռադիոկայան», 07, փետրվարի, 2011թ.

 

«Եթե նախկինում լրագրողների հանդեպ ուղղակի բռնություն էին կիրառում, ապա հիմա էլ այս ձեւով փորձում են լռեցնել ազատ խոսքը: Եթե չստացվի, հավանաբար, արդեն կսկսեն գնդակահարել»: «Մենք վաղուց ենք զգուշացրել այս վտանգի մասին եւ դեռ այն ժամանակ, երբ ապաքրեականացվում էր զրպարտություններին վերաբերող հոդվածը:

 

Մենք հասկանում էինք, որ դրա հետեւանքները առաջին հերթին հենց մեր թերթն է իր վրա զգալու»:

 

Հայկ Գեւորգյան, «Հայկական Ժամանակ» օրաթերթի պատասխանատու, «Առավոտ» օրաթերթ, 08 փետրվարի, 2011

«Հայկական Ժամանակը» տպագրել էր, թե մենք զենքի, նարկոտիկի, կանանց առեւտրով ենք զբաղվում, եւ այդ կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնությունում: Թող որեւէ մեկն ապացուցի, որ կարմիր լույսի տակով անցնելու կամ թեկուզ երթեւեկությունը խախտելու համար Ռուսաստանում ինձ տուգանել են: Այո, ես «Հայկական Ժամանակ» կոչված օրաթերթին դատի եմ տվել: Դրանից առաջ էլ այդ թերթը զրպարտանքներով հոդված էր տպագրել: Դատի տվեցինք: Եկան դատարան, խոստացան հերքում տպագրել եւ խնդրեցին հաշտություն կնքել: Ես համաձայնվեցի, որ դատական հայցըչեղյալ հայտարարվեր, բայց իրենք նորից վարկաբեկող հոդված տպագրեցին՝ վկա բերելով ինչ-որ Սմբատ Կարախանյանի: Ես չգիտեմ՝ նման մարդ ընդհանրապես կա՞, թե՞ ոչ: Ես էլ հազար ու մի բան եմ լսում «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագրի վեաբերյալ: Բայց ես ինձ թույլ չեմ տա լսելով մարդուն մեղադրել»: «Եթե շահեմ դատը, իսկ դրանում չեմ կասկածում, ապա գումարը փոխանցվելու է մանկատներին կամ ծերանոցներին: Գումարի չափը գնահատում եմ 1 միլիարդ դոլար, բայց քանի որ դիմացինս մի շահիանոց է, պիտի այդքան պահանջեմ»: «Ֆուտբոլ+», 09 փետրվարի, 2011թ.