«Շանթ» հեռուստաընկերության եւ Վահրամ Պետրոսյանի մենամարտը

15-01-2016

Փետրվարի 15-ին ստեղծագործող Վահրամ Պետրոսյանը եւ երգահան Սասուն Պասկեւիչյանը մամուլի ասուլիս տվեցին «Հայկական հին ու նոր երգեր» թեմայով: Ասուլիսի ժամանակ Վահրամ Պետրոսյանի հնչեցրած «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է՝ իմ էության մեջ կա որոշ բան ադրբեջանական երաժշտությունից» արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց: «Շանթ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ պատրաստեց՝ յուրովի մատուցելով ասուլիսի մանրամասները: Պատասխան ռեպորտաժով հանդես եկավ Neonews.am կայքը, որը ներկայացրեց Վահրամ Պետրոսյանի հետ հարցազրույցը եւ ասուլիսի չմոնտաժված տարբերակը: Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը գտնում է, որ «Շանթ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը օբյեկտիվ չէր: «Անկախ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների եւ մասնավորապես Վահրամ Պետրոսյանի ու նրա ստեղծագործության նկատմամբ իմ վերաբերմունքից, պետք է փաստեմ, որ այն ռեպորտաժը, որ արել էր «Շանթի» լրագրողը, բացահայտ կողմնակալ, աչառու եւ մարդուն վարկաբեկելուն միտված, դրանով իսկ` մերժելի լրագրության օրինակ է: Դա պետք է ներկայացնել ուսանողներին «Ինչպես չի կարելի հեռուստանյութ պատրաստել» թեմայով: Մյուս կողմից, իրենք` հանրային ուշադրության ձգտող դեմքերը (իսկ երգահանը կամա թե ակամա ձգտում է հանրային ուշադրության) պետք է ուշադիր լինեն իրենց արտահայտություններում` գիտակցելով, որ իրենց յուրաքանչյուր խոսք արժանանում է քննարկման եւ կարող է անգամ սադրել նման ռեպորտաժներ:»,- ասաց փորձագետը: