Պատգամավորի՝ լրագրողին հայհոյելու մեջ հանցակազմ չգտան

15-01-2016

Փետրվարի 2-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայհոյել էր «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանին, երբ վերջինս զանգահարել էր նրան տեղեկանալու, թե պատգամավորն ի՞նչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո, որին դատի էր տվել: Պարբերականն իր նյութը ներկայացրեց որպես հանցագործության մասին հաղորդում եւ այն ուղարկեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` կցելով նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: «Պատգամավորը ակնհայտ խոչնդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը` ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված: Ուստի, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված էր հաղորդման մեջ: Հատուկ քննչական ծառայությունը «Հետքի» լրագրողին Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում ուղարկեց՝ պատգամավորի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ՝ հիմնավորելով, որ Ռուբեն Հայրապետյանը լրագրող Գրիշա Բալասանյանի մասնագիտական գործունեությանը չի խոչընդոտել, վերջինիս հրապարակումները գրաքննության չի ենթարկել, «Հետք» թերթի խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը չի խախտել եւ գործունեությանն ապօրինի չի միջամտել, զանգվածային լրատվության միջոցի գործունեությունն ապօրինի չի կասեցրել կամ դադարեցրել, չի խախտել լրագրողի` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները:

«Հետք»/Գրիշա Բալասանյան

 

«Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»,- ասաց պատգամավորը եւ անջատեց հեռախոսը: Ես, որ լուսաբանում եմ ԱԺ-ի աշխատանքները, գիտեմ որ որեւէ պատգամավոր լրատվական ծառայություն չունի:

 

Երբ կրկին զանգահարեցի, որպեսզի պատգամավորից ճշտեմ նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը, Ռ. Հայրապետյանը նախ ճշտեց` արդյոք զրույցը ձայնագրում եմ, թե ոչ, իսկ երբ տեղեկացավ, որ ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ սկսեց տալ: Վերջում էլ ավելացրեց. «Լավ արեցի»:

Ռուբեն Հայրապետյան /Հատուկ քննչական ծառայություն

 

Հատուկ քննչական ծառայություն. Ռուբեն Հայրապետյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2011 թ. փետրվարի 2-ին իրեն զանգահարել է ինչ-որ լրագրող ու ցանկացել հարցեր տալ: Այդ օրը, լինելով անտրամադիր եւ ունենալով առողջական խնդիրներ, լրագրողին ուղղորդել է, որ իրեն հետաքրքրող հարցերով դիմի իր մամուլի քարտուղարին, ու անջատել է հեռախոսը: Այնուհետեւ նույն լրագրողը նորից է զանգահարել, որից վրդովված` նրա հասցեին անպատիվ խոսքեր է ասել:

 

Նա նշել է նաեւ, որ նպատակ չի ունեցել ու չի խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը, միշտ էլ մամուլի ասուլիսների, հարցազրույցների ժամանակ անձամբ կամ մամուլի քարտուղարի միջոցով պատասխանել է նրանց հարցերին` տրամադրելով նրանց հետաքրքրող տեղեկատվությունները, որոնք ստացվել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կամ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան ծառայություններից: