Քոչարյաններն ու «Ժամանակը» հաշտության չեն գալիս. վեճը շարունակվում է

15-01-2016

«Ժամանակ» օրաթերթն անցյալ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած 3 հրապարակումով (սեպտեմբերի 25-ին տպագրված «Արյունը` Քոչարյաններից, կայֆը` Ծառուկյանից, իսկ հակացնցումը` Լֆիկից», սեպտեմբերի 29-ի` «Ադամանդե Ռոբը» և հոկտեմբերի 7-ի համարի «volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան» նյութերով) հայտնել էր, որ Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերությունները, Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում: Օրաթերթը նաեւ գրել էր, որ իրականում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը: Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը 2010 թվականի հոկտեմբերի 11-ին նամակ էր գրել «Ժամանակի» խմբագրությանը` նշելով, թե հիշյալ հրապարակումներում տեղ են գտել «ոչ ստույգ տեղեկություններ», եւ խնդրել էր հերքել «փաստացի անճշտությունները»:

 

Օրաթերթը տպագրել էր հերքումը, սակայն Քոչարյանները դիմել էին դատարան` օրաթերթից պահանջելով 6 միլիոն դրամի փոխհատուցում` 3 միլիոնը վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի, 3 միլիոնը՝ փաստաբանական ծախսերի համար: Դատարանում «Ժամանակի» ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը Քոչարյանների ներկայացուցչին առաջարկել էր հաշտության գալ եւ հերքման տեքստ պատրաստել, եթե Քոչարյանների պաշտպանական կողմի նպատակը լրատվամիջոցին նյութական վնաս հասցնելը չէ: Սակայն կողմերը հաշտության չեկան, քանի որ, Քոչարյանների ներկայացուցիչ, փաստաբան Սարգիս Գրիգորյանի խոսքերով՝ օրաթերթը իրենց ուղարկած հերքումը տպագրելու խոստումը չէր կատարել: «Ժամանակի» ներկայացուցչի խոսքերով՝ խոստումը կատարվել էր, թերթն ամբողջությամբ հրապարակել էր Քոչարյանների ուղարկած տեքստը, որը, ըստ պատասխանողի, հերքման տեքստ չէր, քանի որ դրանում նշված չէր, թե հոդվածի որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը եւ որ արտահայտություններն են Քոչարյաններին վիրավորել: Քոչարյանների ներկայացուցիչներ Սարգիս Գրիգորյանն ու Արփինե Մելիքբեկյան գտնում են, որ պատասխանող կողմը փաստացի անճշտություններ հրապարակելով զրպարտել է, իսկ զրպարտելով նաեւ վիրավորել է հայցվորներին:

 

Դատարանը մեկ շաբաթ էր տվել հայցվոր կողմին՝ հայցի շրջանակը հստակեցնելու եւ նշելու, թե հայցվոր կողմը հոդվածում կոնկրետ ինչն է զրպարտություն դիտարկում, ինչը վիրավորանք, ինչպես նաեւ ներկայացնելու 3 մլն դրամ փաստաբանական ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը: Մարտի 23-ի դատական նիստին Քոչարյանների ներկայացուցիչները փաստաթղթեր էին ներկայացրել, որոնք հավաստում էին, որ Քոչարյանները «Ժամանակ» օրաթերթի հրապարակումներում նշված ընկերություններում բաժնեմաս չունեն եւ սեփականատեր չեն հանդիսանում: Դատարանը «Ժամանակ» օրաթերթին երկու շաբաթ ժամանակ տվեց հակառակն ապացուցելու համար: «Ժամանակի» ներկայացուցիչը գտնում է, որ օրաթերթի հրապարակումներում վիրավորանք ու զրպարտություն չկա, բացի այդ՝ հայցվորները բաց են թողել դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետը: Քոչարյանների ներկայացուցիչներն առարկում են: Վեճը դեռ շարունակվում է:

Քոչարյանների ներկայացուցիչներ

 

Արփինե Մելիքբեկյան.

 

Վաղեմության ժամկետ բաց չենք թողել, որովհետեւ սույն գործով վերջին մեզ հայտնի հրապարակումը եղել է ոչ թե հոկտմեբերի 7-ին, այլ հոկտեմբերի 28-ին («Քոչարյանի սիրտը հերքում է ուզում» խորագրով), որը բովանդակային առումով հենվում է դրան նախորդած հոդվածների վրա:

 

Մինչեւ հոկտեմբերի 28-ը հայցվորը ընդհանրապես տեղեկացված չի եղել հոդվածներում տեղ գտած տեղեկությունների եւ իրավախախտումների մասին, այդ մասին տեղեկացրել է Սարգիս Գրիգորյանը հոկտեմբերի 28-ից հետո: Մինչեւ հայցադիմումը դատարան ներկայացնելը «Grigoryan&Partners» ՓԲԸ-ն (որի տնօրենն է Սարգիս Գրիգորյանը), որպես իր հաճախորդների շահերը երաշխավորող, կատարել է հայցվորների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք գործողություններ՝ մասնավորապես 2010 թվականի հոկտմեբերի 11-ին պատասխանողին է ուղարկել Սարգիս Գրիգորյանի կողմից գրություն, որով խնդրել է հերքել հայցվորների պատիվը, արժանապատվությունը, գործարարար համբավը արատավորող տեղեկություններ, ինչի մասին հայցվորները տեղյակ չեն եղել, ինչպես նաեւ տեղյակ չեն եղել հոդվածների հրապարակման մասին:

 

Սարգիս Գրիգորյան.

Ես իմ սեփական նախաձեռնությամբ գրել եմ Ձեզ: Խնդրել եմ, որ հերքվի եւ հայտնել եմ պատրաստակամություն քննարկել եւ ներկայացնել յուրաքանչյուր փաստաթուղթ, որը մյուս կողմը կկարծի նպատակահարմար տվյալ հերքումը հրապարակելու համար: Ամսի 28-ի հոդվածից հետո ես ստիպված էի ծանուցել հայցվորներին, որ չնայած մեր սեփական նախաձեռնությամբ մենք խնդրել ենք, որ հերքվի, բայց հերքում տեղի չի ունեցել:

 

Արփինե Մելիքբեկյան.

Իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: Հայցը ներկայացվել է ոչ ուշ քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

«Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյան.

 

Մեր դիրքորոշումն այն է, որ Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները իրազեկված էին, փաստբաններն էլ վրիպել եւ բաց են թողել մեկամսյա ժամկետը: Սարգիս Գրիգորյանի նամակի բովանդակությունից երեւում է, որ նա Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններից իրազեկվել է, որ այդ փաստերը իրականությանը չեն համապատասխանում, հակառակ դեպքում ինչի՞ց է նա վերցրել, որ այդ փաստերը իրականությանը չեն համապատասխանում:

 

Այսօր էլ նրանք փորձում են դատարանին ներկայացնել, թե՝ գիտե՞ք ինչ, Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները տեղյակ չէին այս հոդվածների մասին, ես ինքնագլուխ, որպես փաստաբան, վերցրել եմ մի նամակ եմ ուղարկել, որ Քոչարյանները վիրավորվել եւ զրպարտվել են: Այս նամակն ինքնին փաստում է այն մասին, որ Քոչարյանները իրազեկված են եղել այդ հոդվածների մասին: Նամակում Գրիգորյանը ներկայացել է որպես Քոչարյանների ներկայացուցիչը, այսօր էլ դատարանում ներկայանում է որպես նրանց ներկայացուցիչը: Այսինքն՝ հանդես է գալիս նրանց անունից: Նա ինչ հնչեցնում է, հնչեցնում է իր հաճախորդի անունից, ես ինչ հնչեցնում եմ իմ շուրթերից, հնչեցնում են իմ հաճախորդի անունից, հետեւաբար այն, ինչ գրվել է նամակում, Սարգիս Գրիգորյանի վստահորդի անունից է գրվել, ուղղակի փաստաբանները բաց են թողել ժամկետը, այսօր փորձում են ներկայացնել իբր հայցվորները տեղյակ չեն եղել:

 

Օրենսդիրը հայցի վաղեմության երկու ժամկետ է նախատեսել՝ մեկ ամիս եւ վեց ամիս: Մեկ ամիս նախատեսել է այն դեպքում, երբ դու իմանում ես վիրավորանքի մասին: Ձեր հաճախորդներն ավելի վաղ են իմացել, բայց առավելագույն ժամկետն ընդունենք հայցվորի ներկայացուցչի կողմից նամակը ուղղելու ժամանակը: Այդ պահից սկել է հոսել մեկամսյա ժամկետը: Դուք բաց եք թողել ժամկետը: Ինչ վերաբերում է վեցամսյա ժամկետին, այստեղ վեցամսյա ժամկետի խնդիր չկա: Այլ հարց կլիներ, եթե վիրավորանքը հնչած լիներ նույն ժամկետում, սակայն դուք տեղեկացված չլինեիք, այսինքն այդ նամակը չլիներ: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13 մասի՝ իրավունքի պաշ