Անչափահասների գործով դռնփակ դատաքննությունն իրավաբանորեն եւ էթիկապես ճիշտ է

15-01-2016

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարության նախապատրաստական փուլը: Դատախազության մեղադրական եզրակացության համաձայն՝ Սերոբ Տեր-Պողոսյանը սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ, օգտագործելով անօգնական վիճակը, կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը եւ իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է սեքսուալ բնույթի գործողություններով: Հասարակական հետաքրքրություն ներկայացնող եւ մեծ արձագանք գտած դատաքննությունը դատավորի որոշմամբ՝ անցկացվելու է դռնփակ: Թեեւ դատարանը որոշել էր նախապատրաստական փուլն անցկացնել դռնբաց, առաջին դատական նիստին Սերոբ Տեր-Պողոսյանի՝ դատական նիստերի դահլիճ մտնել հրաժարվելուց հետո որոշել է այդ փուլն էլ անցկացնել դռնփակ եւ դուրս հրավիրել լրագրողներին:

Սիրանուշ Սահակյան

Փաստաբան

 

Դատավորի գործողությունն օրինական է, չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա: Եթե կա անձնական կյանքի հետ կապված հարց`հատկապես անչափահաս անձին վերաբերող, դատաքննությունը պետք է անցակցվի դռնփակ, անգամ միջազգային ստանդարտներն են դա պահանջում: Իսկ լուսաբանումը հնարավոր է նաեւ այլ ուղիներով:

Օլգա Սաֆարյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան

 

Դատաքննությունը դռնփակ անցկացնելու դատարանի որոշումն օրինական է: Իսկ դռնփակ անցկացնելը նշանակում է, որ նիստին մուտք չունի ոչ ոք՝ ոչ՛ լրագրողները, ո՛չ նիստին մասնակցել ցանկացողները, այն դռնփակ է ցանկացած անձի համար: