«Անունե՛լ». սա էլ իմ համոզմունքն է. պատասխան ընկերոջս

27.06.2011, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Աչքս ջուր կտրեց իմ լավ ընկեր Արթուր Պապյանի «Թագավորը մերկ է» հոդվածի շարունակությանը սպասելիս: Խոստացել էի, որ երկրորդ մասը լինելուց հետո ամբողջին կպաստասխանեմ իմ հրապարակմամբ: Դե ինչ արած, ստիպված եմ պատասխանել մաս-մաս:

Անկեղծ ասած՝ մեծ հաշվով շատ առարկությունների կարիք երեւի չպիտի էլ զգացվի, կարող եմ ընդամենը գրել. «Եթե մարդը էս դարում էլ վախենում է սեփական կարծիքը արտահայտելուց, թող նստի տանը կամ աշխատավայրում, գլուխը կախ իր գործը անի ու արտահայտվի խոհանոցում, անկյուններում կամ մտերիմների շրջանում: Իսկ եթե վախ ունի, որ ընկերների մեջ էլ կարող են լրտեսներ լինել, թող  ամեն բառից հետո, հայտնի անեկդոտի հերոսի նման, ասի՝ «լիչնի» ես ԿաԳէԲէ-ի ցավը տանեմ»:

Ինձ չի համոզում անգամ բանակի ապօրինությունների մասին Արթուրի բերած օրինակը: Ավելին՝ ինձ համար յություբում տեղադրված այդ տեսագրության հեղինակն ընդամենը տեղեկատվության գաղտնի աղբյուր է, եւ այդպիսին էլ ծառայել է լրատվամիջոցների համար, որոնք այն տարածեցին: Իսկ տեղեկատվության գաղտնի աղբյուրները պաշտպանված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով: Այսինքն` հիմնվելով գաղտնի աղբյուրի վրա՝ լրատվամիջոցները (հիմնականում ցանցային) տարածեցին տեսանյութը, որն էլ պատճառ դարձավ հետաքննության եւ սպայի դատապարտման:

«Մեկ այլ փաստ, որը շատ ավելի միանշանակ է, գոնե ինձ համար,- գրում է Արթուրը,- 2008-ի մարտի 1–2–ի իրադարձություններին հաջորդեց արտակարգ դրություն եւ «արտակարգ գրաքննություն», որը, իմ համեստ կարծիքով, հակասում էր հայաստանյան բոլոր օրենքներին։ Այդ օրերի գրաքննությունը տեսած երկրում միանգամայն բնական է անանուն լրատվամիջոցներ, «սամիզդատ» ունենալու որոշ մարդկանց ցանկությունը։ Պատահական չէ, որ հենց այդ օրերին ծնվեցին մի շարք անանուն բլոգեր եւ բլոգանման լրատվամիջոցներ»։

Միանգամայն տեղին է Արթուրի ասածը, որ 2008 թվականի մարտի 1-20-ը կիրառված գրաքննությունն ապօրինի էր եւ հակասում էր ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ օրենքներին: Եվ այդ է պատճառը, որ անունով եւ իրենց հարգող լրատվամիջոցները գերադասեցին չտպագրվել, քան տպագրվել՝ վերածնված խորհրդային «գլավլիտի» մամլիչի տակով անցնելով: Այսուհանդերձ, իմ ընկերոջ նշած անանուն բլոգների տեղը շատ քչերը իմացան, եւ դրանք իբրեւ տեղեկատվության աղբյուր դժվար թե դեր խաղացին... Առավել տարածվածը բանավոր տեղեկատվության փոխանցումն էր...

Դառնամ Արթուրի հիմնավորումներին, որ նա բերել է հոդված երկրորդ` «Անանունե՞լ, թե՞ չանանունել» վերնագրված հատվածում: Ի դեպ, լավ բառախաղ է, եւ, հենց  նույն բառախաղն օգտագործելով էլ, ասեմ՝ «անունե՛լ»: Եվ սա ինձ համար համոզմունք է: Ես, օրինակ, միշտ ստորագրում եմ իմ հոդվածների տակ:
Արդ, առարկեմ Արթուրի հիմնավորումներին. 

Մեջբերում Արթուրի հոդվածից. «Անձնական կյանքի գաղտնիություն, անվտանգություն: Անանուն բլոգը հնարավորություն է տալիս առանձնացնել մարդու անձնական կյանքը, կարիերան նրա բլոգային անձից»։

Այսինքն ի՞նչ, Արթուր ջան, խրախուսում ենք մարդու երկակի կյանքով ապրելը՞, հա՞: Ասենք  անձնական կյանքում նա ներկայանում է իբրեւ պարկեշտ, ընտանեսեր եւ այլն, իսկ, այ, իր ինտերնետային կյանքում, թաքնվելով ուրիշ անվան տակ, ասենք, պոռնոգրաֆիկ համատեքստ է տարածում: Հիմա հարց, ո՞րն է այդ դեպքում նրա իսկական էությունը, ո՞ր դեպքում է ինքը...

«Աշխատավայրում խնդիրներից խուսափելու ձգտում:  Անանուն բլոգ վարելը կարող է օգտակար լինել այնպիսի բլոգերին, ով պատրաստվում է հանրային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ մերկացնող բացահայտումներ անել (օրինակ՝ գրել կոռումպացված վերադասի կամ սննդի արտադրության ձեռնարկությունում ոչ ադեկվատ հիգիենիկ պայմանների մասին)։ Ընդ որում՝ մնալով անանուն՝ բլոգերը ոչ միայն ինքն իրեն է պաշտպանում, այլեւ իր գործատուին, քանի որ ստիպված չէ մտածել, որ արտահայտած տեսակետները կարող են գնահատվել որպես գործատուի պաշտոնական տեսակետներ»։  

Միայն մի պատասխան, որ կրկնություն է. եթե վախենում ես, մի՛ գրիր: Անանունությունը չի փրկի, եթե ուզենան իմանալ՝ ով է[[wysiwyg_imageupload:84:]]
տարածել տեղեկությունը, դժվար չէ դա անելը:

«Անկաշկանդության եւ ազնվության ազդակ:  Անանուն բլոգ վարելը որոշ դեպքերում թույլ է տալիս ավելի ազնիվ լինել, քան եթե բլոգը անվանական լիներ։ Այսպես, եթե բլոգը խիստ անձնական, օրագրային ոճի է, եւ հոդված է հրապարակում ընտանեկան հարաբերությունների մասին, անանուն լինելը միայն կօգնի ավելի բաց եւ ազատ լինել գնահատականներ հնչեցնելիս»։  

Իմ բարեկամ արձակագիր Լեւոն Ջավախյանն անկաշկանդ գրում է իր անձնական կյանքի մասին եւ չի թաքցնում ոչինչ: Անունով գրելը նրան բնավ չի խանգարումՆորից ասեմ. ազնիվ լինելու համար պարտադիր չէ դիմակ հագնել:

«Անձնավորում եւ բլոգային բնավորություն: Անանուն բլոգինգը հնարավորություն է տալիս մտնել տարբեր կերպարների մեջ, արտահայտել բլոգերի անհատականության այս կամ այն ասպեկտը որոշակի գրոտեսկային դրսեւորումներով եւ այդպիսով բարձրացնել բլոգի գրավչությունը, դրան որոշակի գեղարվեստական երանգ տալ։ Որեւէ մեկը կարող է գեղարվեստական բլոգ վարել, որում իրեն կներկայացնի որպես Սուպերմեն կամ  Քվազիմոդո, կամ քաղաքական բլոգ՝ որտեղ ինքը կլինի Փիղ կամ Ոզնի։ Ընդ որում՝ հաճախ նման «կերպարային» բլոգերները անանուն են միայն անծանոթների համար, եւ նրանց բլոգների կանոնավոր այցելուները, որպես կանոն, շատ շուտով կռահում են, թե ում հետ գործ ունեն»։

Այստեղ Արթուրը խոսում է գեղարվեստականի մասին: Իմ առարկությունները բնավ չեն վերաբերում այն դեպքերին, երբ մարդու կեղծանունը հայտնի է, եւ ընթերցողները գիտեն, թե ով է հեղինակը: Այնպես, որ այս դեպքը, (կրկնում եմ`երբ հայտնի է հեղինակը) անանունություն չի նշանակում, եւ դա իմ քննարկումից դուրս է: Կեղծանունով են հայտնի աշխարհի շատ ու շատ նշանավոր գրողներ: Դա նորմալ է: Եվ հայ այն հայտնի բլոգերներին, ովքեր գրում են կեղծանունով, բայց ում անձը բոլորին է հայտնի, իմ խոսքերը չեն վերաբերում: Խոսքս այն դեպքերի մասին է, երբ մարդը, թաքնվելով, տարածում է տեղեկություններ եւ կարծիքներ, ու դու չգիտես՝ ով է հեղինակն ու պատասխանատուն:

Ամփոփեմ.

1. Դիմակով գնում են դիմակահանդեսի, եւ ոչ թե դուրս են գալիս հասարակության մեջ ու սկսում զրուցել նրա անդամների հետ:
2. Եթե քո ինտերնետային էջը քո տունն է, ինչպես պնդում են, ապա բարի եղիր քո տան հյուրերին ընդունել ոչ թե դիմակավորված, այլ բացճակատ:
Եվ վերջապես՝
3. կա ստորագրության պատիվ հասկացությունը: Պահիր այդ պատիվը: Չէ՞ որ քո ստորագրությունը քո անձն է: Դու ես:

Հ.Գ. Իմ բարեկամ ու ընկեր Արթուր Պապյանին հիշեցնեմ, որ անանուն նամակների հիման վրա ԽՍՀՄ-ում 20-րդ դարի 30-ական թվականներին միլիոնավոր անմեղ մարդկանց են աքսորել:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?