Տպագիր մամուլի մահվան մասին լուրերը թերեւս չափազանցություն չէին

07.07.2011, Քննադատ

Առցանց «Առավոտի» խմբագիր

Այս անգամ սկզբի համար նախ թույլ տվեք կյանքս պատմել: Ես աշխատել եմ մի քանի հեռուստաընկերություններումԱ1+»-ից հետո նման առաջարկները մերժում եմ), արդեն քանի տարի հաղորդումներ եմ վարում ռադիոյով, եւ աշխատել ու աշխատում եմ տպագիր մամուլում: Ի լրումն`բլոգ ունեմ, գրանցված եմ ու չափավոր ակտիվ եմ սոցիալական կայքերում: Այսքանն ասացի, որ պարզ լինի` այնքան էլ ավանդական լրագրող չեմ, որ դեռ թուղթ ու գրիչով է աշխատում`բավական «կոնվերգենացված» եմ ու «մուլտիմեդիային»:

Չափազանց լավ գիտեմ լրատվամիջոցների  յուրաքանչյուրի տեսակի առավելությունները: Հեռուստաընկերությունների դեպքում առավելությունը, բնականաբար, մեծ լսարանն է, որը նաեւ փորձություն է դառնում, եթե հակված ես աստղային հիվանդության: Դե, ամեն պահի փորձում են երթուղայինում քո փոխարեն վճարել, ասում են իրենց հեղինակավոր կարծիքը, թե նախորդ օրը հագածդ պիջակը կամ վարսահարդարումդ որքանով էր քեզ սազական եւ այլն: Հեշտ է այս դեպքում քիթը ցցելը եւ քեզ ավելին երեւակայելը, քան իրականում կաս: Նույնը`շատ ավելի փոքր ծավալներով, ռադիոյի դեպքում է: Այս դեպքում էլ քեզ ձայնով են ճանաչում ու շռայլում հաճոյախոսություններ, որոնք որպես կանոն` քիչ են կապ ունենում արածիդ բովանդակության հետ:

Շատ չերկարացնեմ`կարծում եմ, արդեն ակնհայտ է, որ ես թերթ եմ սիրում: Եվ վստահ եմ, որ լրագրությունը հենց թերթերում է: Այստեղ ես ավելի շատ տեքստի վրա աշխատում, քանի որ վստահ ես, թե սա ուղղակի օդի մեջ ասված ու արագ մոռացվող խոսք չէ` պիտի գրագետ լինի ու հիմնավոր: Սակայն օրերս տեղի ունեցած մի դեպք առավել խորացրեց արդեն վաղուց մտատանջության առարկա դարձած կասկածները, որ այս ջանքերն արդեն գրեթե իզուր են:

Դեպքը տեղի ունեցավ այսպես: Թուրքիայից մի շարք ռեպորտաժներ էի ուղարկել մեր թերթին` իշխող կուսակցության եւ հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարների հետ հանդիպումների մասին: Հայկական կայքերը նույն հանդիպումների մասին տեղեկատվությունը հրապարակել էին բացառապես ըստ թուրքական մամուլի, եւ անգամ այն բանից հետո, երբ դրանք առավել հանգամանալից, շարադրելով, թե որ հայտարարությունն ի պատասխան ինչ հարցադրման  է հնչել եւ այլն`հրապարակվել էր մեր թերթում (ի դեպ, եթե հետաքրքրում է`կարող եք կարդալ դրանք այստեղ, այստեղ եւ այստեղ):

Հայաստան վերադարձից հետո մի քանի առիթներ եղան զրույցների ընթացքում անդրադառնալու նույն երեւույթի հերթական դրսեւորմանը, թե ինչու են մեր կայքերը նախընտրում օտար աղբյուրները`անգամ այն դեպքում, երբ տվյալ իրադարձությանը մասնակից են նաեւ իրենց գործընկերները: Ավելին, բոլոր այն հայտարարությունները, որոնք առատորեն մեջբերվել էին այս անգամ`արվել էին հենց հայ լրագրողների հարցերին ի պատասխան, քանի որ թուրք լրագրողների համար կարծես արդեն առանձնապես հետաքրքիր էլ չեն Հայաստանի հետ հարաբերություները:

Բայց ի զարմանս ինձ պարզեցի, որ անգամ այն զրուցակիցներս, որոնք շատ լրջորեն հետեւում են թուրքական թեմային`ծանոթ[[wysiwyg_imageupload:86:]] չէին թերթում լույս տեսած հոդվածներին: Նրանցից մեկն ուղիղ հարց տվեց, թե արդյոք երբ ենք դրանք տեղադրել կայքում ու լսելով պատասխանը`ձեռքը թափ տվեց, ասելով, թե մինչ այդ արդեն «Անատոլու»-ն ու թուրքական այլ գործակալությունները տարածել էին տեղեկատվությունը:

Էս էլ ու պըլծ: Իզուր էինք մենք մեզ հուսադրում, թե ընթերցողը միեւնույն է`առավոտյան մի բաժակ սուրճի հետ միշտ կնախընտրի թերթ: Զուր էին հույսերը, թե ոմանք անգամ տպագրական ներկի հոտն են սիրում ու թղթի խշշյունը:

Ու որքան էլ համացանցի միջոցով փող աշխատել դեռ չսովորած, իսկ տպագիր մամուլի միջոցով փող աշխատել արդեն չկարողացող գործընկերներս փորձեն դիմադրել, ակնհայտ է, որ տպագիր մամուլն իրոք մեռնում է: Ընդ որում`մեռնում է ողջ աշխարհում: Թեեւ ամերիկյան որեւէ քաղաքային թերթի տպաքանակը դեռ էլի ավելի մեծ է, քան հայկական բոլոր ամենօրյա թերթերի տպաքանակները միասին վերցրած`անգամ ամերիկյան գործընկերներս էին տրտնջում, որ ճգնաժամի մեջ են`գովազդը տեղափոխվում է համացանց, իսկ իրենք ստիպված կրճատումներ են անում`տպաքանակի, աշխատակազմի եւ այլն:

Չցանկանալով համակերպվել այս իրողությանը` մեկը թերթի հոդվածները մի օր անց կտեղադրի համացանցում, մյուսը`երկու օր անց: Ապարդյուն ջանքեր`գոնե հայկական բոլոր կայքերը «քիփ նստած են» մամուլի տեսության վրա, եւ ամեն առավոտ իրենց լուրերը դրանով են հագեցնում, թե որ թերթն ինչ է գրել: Ու քո կայքում չլինի հոդվածն` ավելի լավ, հղումը կգնա իրենց տեսությանը:

Բայց հույսը, ասում են, տարեվերջին է մեռնում: Ուստի դեռ հույս կա, որ մի բան կմտածենք`ասենք, թերթերում կլինեն բացառապես վերլուծություններ, իսկ նորություններ կլինեն միայն կայքերում: Տարբերակներ շատ կան: Բայց ուղղակի Հայաստանում այդքան վերլուծելու բան չկա: Ի դեպ`նորություններ նույնպես: Եվ այդ պատճառով էլ բոլոր կայքերի տեղեկատվությունը կարծես նույն աղբյուրներից կամ անգամ միմյանցից պատճենած լինի: Սակայն սա արդեն բոլորովին այլ պատմություն է:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?