Նոր Հայաստան, հին ու նոր հաղորդումներ

24.10.2018, Նյուսրում

Լրագրող

Հեռուստատեսությունում նոր եթերաշրջանը սկսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ի՞նչ են առաջարկում հեռուստաընկերություններն իրենց լսարանին։

Հանրային հեռուստատեսություն

«Խաղի կանոններ»-ը քաղաքական թոք շոու է, որը վարում է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների փորձ ունեցող Արմեն Դուլյանը։ Վերջին տարիներին ավելի շատ մոնոլոգի ժանրում հանդես եկած լրագրողը սեփական մտքերն արտահայտելուն զուգահեռ լսում է հաղորդման հյուրերին։

Սիմվոլիկ էր, որ առաջին հաղորդման հյուրերը լրատվության հետ կապ ունեցող մարդիկ էին, և թեման էլ առնչվում էր մեդիային։

«Մեկ պատուհան» հաղորդաշարն այսպես ասած «մարդ և օրենք» շարքից է։ Հաղորդումը բացատրում է իրավական տերմինները, պարզաբանում օրենսդրությունը։ Հաղորդման ընթացքում բերվում են կոնկրետ պատմություններ, որոնք առնչվում են օրվա թեմային։ Վիրավորանքի և զրպարտության մասին հաղորդման մեջ երկու կողմ կա։ Կողմ, որը կարծում է, թե իրեն զրպարտել են, և կողմ, որը պնդում է՝ չի զրպարտել։ Վեճի առարկան Արամ Ասատրյանի երգերից մեկն է։ Հարցն այն է՝ ու՞մ է նվիրված երգը։ Վեճի փաստերը մեկնաբանում է իրավաբանը, ինչպես նաև հեղինակային իրավունքի, մեդիայի, խոսքի ազատության ոլորտների մասնագետներ։

Առաջին ալիքի նոր հաղորդաշարերից մեկը կոչվում է «Հատուկ ջոկատ»։ Սա ռեալիթի շոու է։ Զինվորական առօրյայի հետ կապ չունեցող մարդիկ ապրում են զորանոցներում, փորձում հաղթահարել զինվորականների համար նախատեսված մարզական նորմատիվները, սովորում կրակել, ական վնասազերծել և այլն։

Ամենակրտսեր հեռուստադիտողների համար նկարահանվում է «Մոլորակ 612» ուսուցողական հաղորդաշարը։

Արմենիա TV

Հոկտեմբերի 8-ին մեկնարկել է «Արմենիա TV»-ին աշնանային եթերաշրջանը։

Նոր եթերաշրջանում եթերում կլինի միանգամից 4 սիթքոմ: Խոսքը «Ֆուլ հաուս 2»-ի, «Ազիզյանների» 3-րդ եթերաշրջանի, Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ «Չեյնջ» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի մասին է։ Չորրորդը «Ոսկե դպրոց»-ն է՝ Վաչե Թովմասյանի մասնակցությամբ, դպրոցական առօրյայի մասին։

Եթերում կլինի աշխարհի 126 երկրում ցուցադրված «Աճպարարության վարպետները» հեռուստաշուն: «Արմենիայի» եթերում կլինի նաև 25 մասից բաղկացած «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերը: Ելենա Արշակյանի հեռուստաֆիլմի գլխավոր դերերում են Խորեն Լևոնյանը, Անի Երանյանն ու Սոս Ջանիբեկյանը:

ՈՒԵՖԱ-Ի  հետ «Արմենիա»-ն կնքել է պայմանագիր՝ ձեռք բերելով առաջիկա 4 տարվա ընթացքում 7 ֆուտբոլային մրցաշար ցուցադրելու իրավունք: Մինչև 2022 թվականը «Արմենիա Թի-Վի»-ի եթերում կլինեն Ազգերի լիգայի 2018 և 2020թ-ների խաղարկությունները` ներառյալ եզրափակիչ մրցաշարերը, Եվրո-2020-ի և Մունդիալ-2022-ի որակավորման փուլերը և Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարերը:

Արմնյուզ

«Արմնյուզ»  հեռուստաընկերության եթերում է «Հայերն ապրում են» խորագրով նոր հաղորդաշար, որտեղ վեր են հանվում հայկական սփյուռքի իրական կյանքը և ցավոտ խնդիրները։ Նոր հաղորդումներից է նաև «20 հարց Համլետ Առաքելյանի և Արփինե Հակոբյանի հետ» ծրագրիրը: Հաղորդավարները փորձելու են 20 հարցի միջոցով ամեն հաղորդման ընթացքում ամփոփել մեր երկրի համար կարևոր ոլորտները: 

Երկիր մեդիա

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում Դավիթ Վանյանի «Դարաշրջան» հաղորդաշարը փոխել է ձևաչափը և դարձել թոք-շոու։ Առաջին թողարկումներում հյուրերը բանավիճում են քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ՝ ճգնաժամ, արտահերթ ընտրություններ և այլն։

Շանթ

«Շանթ» հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում ներկայանում է հումորային միանգամից երկու նախագծերով։ «Հումորի լիգա»-ն առանց ժանրային սահմանափակումների, հումորային մրցույթ է։ Մասնակիցների աշխարհագրությունը բավականին մեծ է։

«Womens Club»-ը ռուսական հայտնի Comedy Women-ի հայերեն տարբերակն է, որը Հայաստանում իրականացնում է «Վիտամին» ակումբը։ Կանացի հումոր, որի թեման քաղաքական ամենավերջին իրադարձություններն են, այսպես ասած նոր Հայաստանի ամենավառ կերպարները, հասարակական թեմաներ։ Նախագծում ներգրավված է նաև սկանդալային Լիլի Մորտոն՝ իր հումորային Բլոնդի վլոգով։

«Մեծ փոքրիկներ» նախագծի երկրորդ եթերաշրջանին կլրացնի «Փոքր մեծեր» նախագիծը, որին մասնակցում են հետաքրքիր նախասիրություններ ունեցող տարեցները։

«Կենտրոն», Հ2 և «Շողակաթ» հեռուստաընկերություններից, չնայած պայմանավորվածությանը, նոր հաղորդումների վերաբերյալ տեղեկատվություն չենք ստացել։

Գագիկ Աղբալյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?