Հարևաններ․ համատեղ մուլտիմեդիա արտադրության դրամաշնորհներ

11.04.2019, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, համագործակցելով ԱՄՆ-ի Ինտերնյուս կազմակերպության  հետ, սկսում է լրատվամիջոցների միջազգային համագործակցությանը ուղղված «Հարևաններ» ծրագիրը։

Այն համատեղ մուլտիմեդիա արտադրանք ստեղծելու նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր երկրի հանրությանը տեղեկացնել հարևան երկրներում համանման խնդիրներին, լուծման եղանակներին, մարտահրավերներին։

Մրցույթով ընտրված հայաստանյան լրատվամիջոցները համատեղ մուլտիմեդիա պատմությունների փաթեթներ կստեղծեն հետևյալ երկրներից որևէ մեկի գործընկերների հետ․

Ալբանիա, Բոսնիա, Մոնտենեգրո, Մակեդոնիա, Սերբիա, Կոսովո, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան։

Մասնակցելու ցանկություն ունեցող լրատվամիջոցները պետք է ներկայացնեն հետաքրքիր, արդիական թեմաներ և դրանք մուլտիմեդիա ձևաչափերով պատմելու գաղափարներ։

Ինտերակտիվությունը, ժամանակակից առցանց գործիքները, նորարարական մոտեցումը մրցույթի  գլխավոր պայմաններն են։

Ներկայացված գաղափարները  պետք է հանրային հետաքրքրություն և կարևորություն ունենան (օրինակ՝ քաղաքականություն, ընտրություններ, տնտեսություն, բնապահպանություն, կրթություն, կոռուպցիա, Եվրոպական ինտեգրացիա և միջազգային համագործակցություն, արտագաղթ, փախստականներ, փոքրամասնություններ, հաշմանդամություն, հակամարտություններ և այլն)։

Մասնակիցները պետք է ներկայացնեն մեկ թեմատիկ փաթեթի գաղափար, որը պետք է ներառի առնվազն երկու առանձին մուլտիմեդիա պատմություն՝ առցանց գործիքներով, նորարարական մոտեցումներով, տեխնիկակական լուծումներով։

Վերջնական արտադրանքը  կթարգմանվի, կհրապարակվի և կտարածվի ցանցի պրոդյուսերների միջոցով։ Միևնույն ժամանակ, հեղինակները պետք է ներկայացնեն տարածման և հրապարակման սեփական տարբերակները։

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են առաջարկներ երեք տարբերակներով․

Տարբերակ առաջին

Սեփական թեմայով արտադրություն

(դեպի այլ երկիր գործնական ճամփորդությամբ կամ առանց դրա)

Մրցույթի մասնակիցը ներկայացնում է թեմա և պատմություններ, որոնք արդիական են և ընդհանուր՝ երկու կամ երեք (նշված) երկրների համար։ Պատմությունները կարող են լինել առանձին երկրների մասին կամ ներկայացնել  ընդհանուր թեմաներ, խնդիրներ։ Հեղինակները կարող են մեկնել այլ երկիր կամ համագործակցել արտասահմանցի լրագրողների, պրոդյուսերների, լրատվամիջոցի հետ։

Այս տարբերակի համար նախատեսված է 2.000.000 – 3.200.000 ՀՀ դրամ։  

Տարբերակ երկրորդ

Համատեղ թեմայով արտադրություն

Երկու երկրներից յուրաքանչյուրում դիմող խմբերը/լրատվամիջոցները արտադրում են իրենց պատմությունները, որոնք արդիական են և ընդհանրություններ ունեն միմյանց հետ։ Այս դեպքում Հայաստանից դիմողն իր հայտում պետք է հստակ նշի գործընկեր կազմակերպության առկայության մասին։ Առանձին դեպքերում դիմողը կարող է աջակցություն ակնկալել ՄՆԿ-ից և Ինտերնյուսից ՝ գործընկերների հետ կապեր հաստատելու համար։

Յուրաքանչյուր երկրում մասնակիցները ստանում են  մինչև 1.500.000 ՀՀ դրամ։

Տարբերակ երրորդ

Առաջարկված  թեմայով արտադրություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ այս տարբերակը միայն «Լրատվամիջոցների հզորացում եվրոպայում և Եվրասիայում» ծրագրով 2019թ․ փետրվարին ընտրված և դասընթացին մասնակցած 4 համապետական գործընկերների համար է։ Նրանք կարող են դիմել նաև մնացած երկու տարբերակների մրցույթին։

Համապետական գործընկերները կարող են ընդանուր ծրագրի շրջանակներում իրականացվող իրենց փաթեթները ձևափոխել, դարձնել տարածաշրջանային, ավելացնել նոր բաղադրիչներ, պատմություններ, հիմնավորել առաջարկվող աշխատանքի արդիականությունը այլ երկրների համար։ Այս ձևաչափի շրջանակներում գործընկերներըը կարող են մեկնել նպատակային երկիր՝ իրենց արտադրանքի համար նոր բովանդակություն ապահովելու նպատակով։

Այս դրամաշնորհի չափը մինչև 2.000.000 ՀՀ դրամ է։  

Ինչպե՞ս դիմել

Առաջին երկու տարբերակների համար կարող են դիմել Հայաստանի բոլոր լրատվամիջոցները, լրատվական կազմակերպությունները, ստուդիաները։  Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել մեկ հայտ յուրաքանչյուր տարբերակի համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 2019թ․ փետրվարից ծրագրի 4  համապետական գործընկերներ հանդիսացող լրատվամիջոցները կարող են հայտ ներկայացել բոլոր երեք տարբերակների համար։  

«Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրով 2019 թվականին փետրվարին ընտրված և դասընթացին մասնակցած տեղական և հանրապետական գործընկերների մասնակցությունը խրախուսվում է։ Տեղական գործընկերները կարող են մասնակցել մրցույթի միայն առաջին և երկրորդ տարբերակներին։

Դիմող կազմակերպությունը պետք է ունենա․

  • առնվազն 3 տարվա գործունեություն մեդիա ոլորտում,
  • մուլտիմեդիա պատմություններ ստեղծելու և տարածելու հմտությունների հստակ երաշխիքներ (ներկայացնել արդեն իսկ կատարված աշխատանքների հղումները),
  • մուլտիմեդիա լրագրության, վիզուալիզացիայի (պատկերապատման) առցանց գործիքներին տիրապետող մասնագետներ,
  • այլ երկրներում աշխատելու փորձառություն (այլ երկրներում գործընկերներ ունենալը առավելություն կդիտվի)։

Ընտրությունը երկու փուլով է․

Ա) Դիմողները ներկայացնում են հայտը, ծրագրի հայեցակարգը, ակնկալվող արդյունքները, բյուջեն և գործընկերի մասին տեղեկություններ։ ՄՆԿ մրցութային հանձնաժողովը կընտրի նախնական ընտրության փուլ անցած հայտերը։  Երկրորդ փուլում մասնակիցները կներկայացնեն անգլերեն թարգմանված հայտերը Ինտերնյուսի տարածաշրջանային պրոդյուսերական թիմին՝ վերջնական հաստատման համար։

Բ) Ինտերնյուսի տարածաշրջանային պրոդյուսերները կքննարկեն հայտերը և կկայացնեն վերջնական որոշում։ Պրոդյուսերներն ընտրված հայտերին համապատասխան կառաջարկեն նաև գործընկերներ, աշխատանքային լուծումներ։ ՄՆԿ մասնագետները՝ պրոդյուսերները, խմբագիրը և ծրագրավորողը մշտապես կհամագործակցեն  ընտրված լրատվամիջոցների հետ։

Ընտրության չափանիշերն են․ առաջարկի ստեղծագործական, նորարարական մոտեցումները, գործընկերոջ ընտրությունը, տեխնիկական և ֆինանսական լուծումները։ Դիմողները պետք է ներկայացնեն բյուջե, որը ներառում է արտադրության, ուղևորությունների, աշխատավարձերի և հոնորարների ծախսերը։

Հայտը պետք է լրացնել առցանց, հետևյալ հղումով։

Արդյունքներ և պայմաններ

Ընտրված լրատվամիջոցները պետք է ժամանակացույցի, թեմաների և նախնական առաջարկի հիման վրա արտադրեն մուլտիմեդիա փաթեթներ։

Թեմայի և պատմությունների վերջնական հայեցակարգը պետք է հաստատվի ՄՆԿ պրոդյուսերների կողմից։ Պրոդյուսերները վերահսկում են նաև կատարման ընթացքը և որակը։

Աշխատանքի համար տրվումէ 5 ամիս՝ 2019թ  ապրիլից մինչև 2020թ հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։

Աշխատանքն ավարտելուց հետո վերջնական արտադրանքը պետք է ներկայացվի երկու տարբերակով․

Ավարտական «պատրաստի» տարբերակ (բոլոր նյութերը Հայաստանում հրապարակելու և տարածելու համար նախատեսված, անհրաժեշտության դեպքում թարգմանված (տեքստերը, վիդեոները, ինֆոգրաֆիկան և այլն));

Ավարտական «խմբագրելի» տարբերակ (բոլոր նյութերը այլ լեզուներով թարգմանելու համար նախատեսված, այդ թվում՝ տեքստերի, վիդեոների, ինֆոգրաֆիկայի հատվածները)։

Հայտերը պետք է ներկայացնել առցանց, մինչև 2019թ. ապրիլի 24-ը, հետևյալ հղումով՝ դիմում-հայտ: Այլ հարցերի համար կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Արմեն Սարգսյանին: Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ, Հեռ. 010583620, Էլ փոստ. asargsyan@mediainitiatives.am

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?