«Լրագրողները Լիբանանում շատ հարգված են»

14.11.2018, vox populi

Ես լրագրություն մեջ հայտնվեցի սկզբից որպես սրբագրիչ և ձևավորող: Աշխատել եմ շատ բեյրութահայ տպագիր պարբերականներում՝ «Արարատ» թերթում, հետո «Դիտակ» ամսագրում, «Զարթոնք»-ում, «Կանչ»-ում: Շատ էի սիրում իմ գործը:

Հետո ուսանեցի գրաֆիկական դիզայն, ձայնային և տեսագրության մոնտաժ, ու խմբագրական և լրագրական աշխատանքին զուգահեռ, սկսեցի աշխատել գրքերի գրաշարության ու մոնտաժի վրա։

Բեյրութում հայալեզու պարբերաթերթերը շատ են, բայց քաղաքական օրգանները՝ երեքն են: «Ազդակ»ը պատկանում է ՀՅԴ-ին, «Արարատ»ը՝ Հնչակյան կուսակցությանը, «Զարթոնք»ը՝ Ռամկավար-Ազատական կուսակցությանը: «Դիտակ»-ը մշակութային և անկախ է, իսկ «Կանչ»ը համայնավար (կոմունիստական) կուսակցության պաշտոնաթերթն էր, որ հրատարակվում էր որպես արաբական թերթի հավելված, սակայն 2005-ից դադարեց տպագրվել:

Ես ինքս կուսակցական չեմ, այդպես ավելի հանգիստ է, որովհետև կարելի է բոլորի հետ պահպանել հավասար հեռավորություն:

Շատ թերթեր հրապարակվում են բաժանորդագրությունների շնորհիվ ու նաև կուսակցության անդամավճարումներով: Ընդհանրապես տպագրվում են կայուն տպաքանակով (500-2000) և ունեն իրենց ընթերցողներն ու քաղաքականությունը: Բոլորը նաև իրենց ինտերնետային կայքերն ունեն:

Արևմտահայերենի ու արևալահայերենի միջև տարբերություն չեմ տեսնում, երկու լեզուներով էլ վարժ խոսում եմ, երկու ուղղագրություններով էլ տեքստերը արագ շարում եմ համակարգչի վրա, ինչը կարևոր է իմ աշխատանքում:

Եվ հենց լեզվի տիրապետումն ու մաքուր արտասանությունը ինձ բերեց Future TV, համայն արաբական աշխարհում սփռում ունեցող պատկերասփյուռային կայան (ձեր լեզվով ասած՝ հեռուստատեսային ալիք), որտեղ հայկական բաժնի լուրերի թողարկումների խմբագիր ու հաղորդավար էի:

Անշուշտ, այն լուրերը, որոնք ստանում էինք Հայաստանից, թարգմանում էինք (այսպես ասած՝ արևելահայերենից արևմտահայերեն), փոխում ու խմբագրում, քանի որ դուք շատ եք օգտագործում որոշ ռուսական կամ միջազգային արտահայտություններ, որոնք մենք անպատճառ հայացնում ենք:

Դա վարժության հարց է. եթե ինձ տրվի տեքստը արևելահայերենով, կարող եմ վարժ ընթերցել արևմտահայերով նույնիսկ միաժամանակյա թարգմանությամբ, հենց թերթից:

Future TV-ն հիմնել է նախկին նահատակված վարչապետ Րաֆիկ Հարիրին, և հենց նրա կենդանության օրոք էր բացվել հայերեն բաժինը, որը շարունակեց գործել մինչ անցյալ տարի: Հետո ալիքը նյութական նեղ կացության պատճառով դադարեցրեց օտարալեզու՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն լուրեր թողարկել:

Բայց մինչ այդ 10 տարի ամեն օր ուղիղ եթերում վարում էի կես ժամանոց հայերեն հաղորդում, որը ուներ երեք բաժին՝ քաղաքական, հայաստանյան և միջազգային լուրեր: Շատ հաճախ հատուկ ռեպորտաժներ էինք սփռում հայ համայնքի կյանքի մասին:

Եվ երբ կարևոր բան էր տեղի ունենում հայ համայնքում, միանգամից լուրերը թարգմանում ու հասցնում էինք արաբական բաժին: Արաբական ալիքը մեր ներկայությամբ էր նաև կապվում հայ համայնքի հետ:

Երբ լիբանանահայ գաղութում իր սփռումները սկսեց «Սևան» ռադիոկայանը, որը ուներ Future TV-ի քաղաքական ուղեգիծը, մենք սկսեցինք համագործակցել ոչ միայն քաղաքական լուրերով, այլև զանազան նախագիծերով, հարցազրույցներով, մշակութային ծրագրերով:

«Սևանը» երիտասարդ կայան է, սփռումը սկսել է 2007-ին:

Այն ժամանակ հաղորդումներն ավելի բազմազան էին, ունեինք գրական, մշակութային, բժշկական, քաղաքական-վերլուծական, տնտեսական բաժիններ, որոնք հետագայում ամփոփվեցին առավոտյան «Գավաթ մը սուրճ» հայտագրի մեջ: «Սևանով» էին սփռվում նաև Future TV-ի պատկերասփյուռային հաղորդումների աուդիո տարբերակները:

Իհարկե, պատկերասփյուռն ավելի ազդեցիկ է, քան ռադիոն, հատկապես արաբական պատկերասփյուռը, քանի որ լուրերը կարող ես ներկայացնել ողջ արաբախոս լսարանին: Բայց քանի որ թերթերը նահանջում են, ռադիոն ավելի մեծ դեր է ստանում:

Ի վերջո, պետք է խոստովանել, որ ունկնդրելը և դիտելը ավելի դյուրին է, քան ընթերցելը:

Մեր ամենահին մամուլին՝ «Ազդակին» զուգահեռ գործում է նաև«Վանա Ձայն»-ը:

Չէի ասի, որ «Վանի» ու «Սևանի» միջև լուրջ մրցակցություն կա, պարզապես մեկի թիկունքում կուսակցությունն է, իսկ մյուսը հիմնված է անհատական ջանքերով:

Նախկինում ռադիո «Սևանը» ուղիղ սփռում ուներ հայաստանյան «Արձագանք» ռադիոկայանի միջոցով, հետո այն ընդհատվեց: Այժմ մեր հարցազրույցներից քաղվածքները սփռում է Հայաստանի Հանրային ռատիոկայանից։ Ռադիոհաղորդումներ ունենք, որոնք ճանապարհորդություն են գյուղերով: Հույս ունենք, որ նման ծրագիր կանենք նաև Հայաստանի գյուղերի մասին, որոնք հետաքրքիր պատմություն ունեն ու կքաջալերեն մեր ունկնդիրներին Հայաստան գալու դեպքում այցելել նաև այդ շրջանները:

Մենք միշտ փորձում ենք լինել օբյեկտիվ, առարկայական, առանց կողմնակալության: Մանավանդ մշակութային, գիտական լրահոսը պիտի գույն չունենա:

Շատ լավ հաղորդավարներ ունենք արաբական կայաններում՝ entertainment-ի դաշտում Նշան Տեր-Հարությունյանը, Զավեն Գույումջյանը, իսկ քաղաքական ոլորտում՝ Փոլա Յակուբյանը, որը հիմա երեսփոխան է, և առաջին հայ կին երեսփոխանը Լիբանանի խորհրդարանում:

Իսկ Շիրազ Ջերեջյանի հետ պաշտոնակից ենք, աշխատում էինք Future TV-ում, իսկ հիմա՝ «Սևան» ռադիոյում:

Երբեք խնդիր չենք ունեցել արաբական կայաններում խոսելու Հայ Դատի, ցեղասպանության մասին: Երբեմն, իհարկե, կարող էին խնդրել լինել ավելի մեղմ, բայց այնուամենայնիվ, մենք մեր ուղին ունեինք, ու բոլորը գիտեին, որ եթե լրագրողը հայ է, ուրեմն պետք է խոսի ցեղասպանության մասին՝ պատմական դրվագներով:

Լրագրողները իսկապես հարգանքի արժանի են, թերթերի բոլոր խմբագիրները իրար հետ կապ են պահպանում, ու եթե Հայաստանից հյուր է գալիս, բոլոր հայալեզու լրատվամիջոցներին այցելում է հավասար կերպով:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Լիբանանի համար շատ լավ օրինակ էր, թե ինչպես կարելի է թոթափել լուծը: Սակայն լիբանանցիները, որոնք խորապես զբաղվում են քաղաքականությամբ, իրենց ժողովրդագրությամբ խճանկարային են, և անկարելի է սպասել, որ լիբանանցիները միասնական դիրք կորդեգրեին, քանի որ ժողովրդի մոտ ավելի արմատացած է համայնքային պատկանելիությունը, քան քաղաքացիությունը:

Հայաստանը մեկ երկիր է, մեկ ժողովուրդ և մեկ կրոն, իսկ Լիբանանում միայն հիմնական համայնքներն են յոթը, էլ չասած մնացած ազգային փոքրամասնությունների մասին: Անշուշտ, յուրաքանչյուրը պիտի պաշտպանի իր շահը:

Անկեղծ ասած՝ Հայաստանի թավշյա հեղափոխությանը անդրադարձան առանց բացառության բոլոր լիբանանյան լրատվամիջոցները, որոնք օրը օրին հետևում էին իրադարձություններին և իսկապես հետաքրքրված էին հեղափոխության ընթացքով և նվաճումներով։ Իսկ մենք՝ հայերս, ոգևվորված և հպարտ:

Լիբանանում 20 տարվա քաղաքացիական պատերազմը, որը վստահաբար արտաքին ուժերի միջամտությամբ ու ազդեցությամբ էր տեղի ունենում, խորը հետք է թողել բոլորի վրա: Ինչպես դուք չեք կարողանում ձերբազատվել ռուսական ազդեցությունից, այնպես էլ մենք՝ մենք պատերազմից:

Լրատվական աշխատանքի մեծագույն խնդիրներից մեկը անվստահելի կայքերն են, որոնք առանց աղբյուրները ճշտելու են հրապարակումներ անում: Անգամ պատկերասփյուռային ալիքներն են սխալ և սուտ լուրեր տարածում, տակնուվրա անում երկիրը: Եվ անգամ երբ հետո ուղղումներ են անում, արդեն ինքնաբերաբար ստեղծվել է լարվածություն:

Ընդհանրապես լրագրողները Լիբանանում շատ հարգված են, քանի որ պետք է հազվագյուտ կարողություններով անձեր լինեն ու խիզախություն ունենան որպեսզի նետվեն այդ գործն անելու:

Լինում են նաև տուրուդմփոցներ, ծեծկռտուքներ: Սակայն այնուամենայնիվ լրատուամիջոցները արդարացիորեն ծանոթ են որպես չորրորդ իշխանություն, քանի որ որոշ պարագաներուն իսկապես շատ մեծ փոփոխություններ իրականացնելու բանալին լրատվամիջոցների մոտ է։

Խիզախ պետք է լինես, իրոք...

Նազելի Էբեյան-Նալբանդյան
Ռադիո «Սևանի» լրագրող, Բեյրութ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?