Մեդիան ուղղված է հասարակությանը հիմարացնելուն

15.06.2011, vox populi

Ցավոք սրտի, հասարակությունը եւ մեդիա դաշտը տարբեր բաներ են, այսինքն՝ դաշտն այնքան էլ չի աշխատում հասարակության համար, իսկ սա կարծում եմ այսօրվա ամենամեծ պրոբլեմն է: Լրագրողի գործը հասարակության համար աշխատելն է, հասարակությանը օգնել կողմնորոշվելը, տեղեկատվություն, գիտելիք տալը:

Ինձ համար շատ ցավալի է, որ հասարակության պահանջարկն ու ԶԼՄ-ների առաջարկը սար ու ձորերի տարբերություն ունեն: Այսօր առաջարկվում եւ հասարակության վզին է փաթաթվում ինչ-որ մի բան, բայց դա այն բանը չէ, ինչ հասարակությունն ուզում է կամ ինչի պահանջն ունի:

Այօսր ինձ, իբրեւ լսարանի, գրեթե ոչինչ չի բավարարում, ես խեղդվում եմ, այս դաշտն ինձ ոչինչ չի տալիս՝ բացի իմ ներաշխարհը խառնելուց: Ես կարող եմ սա հասկանալ եւ բացատրել, եթե փիլիսոփայորեն դիտեմ. սա լուրջ ծրագիր է եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի բոլոր երկրների համար՝ գլոբալիզացիայի ծրագրի կետերից մեկն է՝ հասարակությանը դարձնել չմտածող զանգված եւ դա անել հենց լրատվամիջոցների միջոցով:

Մենք խոսում ենք մամուլի ազատության մասին, վիճաբանում ենք՝ արդյոք ազա՞տ ենք, անկա՞խ ենք, եւ այդ ազատություն եւ անկախություն երանելի բառերի տակ մոռանում ենք ամենակարեւորի՝ մարդկային որակի կարեւորագույն տարրերի՝ բարոյականության, խղճի, հումանիզմի մասին: Մենք գեղեցիկ տերմիններ ենք բերում հրապարակ, բայց դրա տակ անում ենք կեղտոտ գործեր, եւ լրատվամիջոցներն անմասն չեն այդ ոչ մաքուր գործունեությունից:

Ես չեմ ասում՝ հազար լրագրողից հազարն էլ գիտակցաբար են այդ անմաքուր գործերն անում, ամենեւին այդ կարծիքին չեմ:79
 Լրագրողներն անում են այն, ինչ իրենց սովորեցրել են անել, այն, ինչ գործատուն դնում է իրենց առջեւ:  Ժուռնալիստները մեծ հաշվով կապ չունեն, կապ ունի այն ուղղորդող ձեռքը, որը դա անում է: Ձեռքն այն կազմակերպությունն է, որը ֆինանսավորում է, իսկ ով ֆինանսավորում է, նա էլ պահանջում է համապատասխան որակ:

Ես չեմ կարդում թերթեր կամ  դիտում հեռուստացույց յուրացնելու համար, որովհետեւ ես այնտեղից յուրացնելու բան չունեմ, ես կարդում եւ դիտում եմ, որովհետւ այս երկրի քաղաքացին եմ, նաեւ աշխարհի քաղաքացին եւ ես չեմ կարող չիմանալ, թե ինչ է շնչում եւ արտաշնչում հեռուստատեսությունը, մամուլը, ինտերնետը: Ես ինձ ապահովագրում եմ զոմբիացվելուց, պարզապես հետեւում եմ լրատվությանն ու ինձ համար եզրահանգումներ անում:

Ոչ թե չեմ սիրում այս մի ալիքը կամ թերթը կամ ռադիոն, ո՛չ, պարզապես ես տեսնում եմ, որ մի ծրագիր  է աշխատում եւ այդ ծրագիրը երբեք ուղղված չէ հանուն հասարակության, որքան էլ խոսենք դեմոկրատիայի, քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին:

Այստեղ մի բան կա՝ ինչքան շուտ հիմարացվի զանգվածը, այնքան ավելի լավ, իսկ սերիալներով, ապուշ ծրագրերով, անիմաստ զվարճանքներով հիմար զանգվածը պետք է ենթարկեցնելու համար, որովհետեւ երբ չես մտածում, քեզ հետ կարող են անել այն, ինչ կուզենան, եւ դու չես էլ հասկանա: Սա ամենավտանգավոր բանն է:

Ով  ուզում է հիմարանալ, խնդիր չկա, թող նայի այդ ամենը, բայց ես չեմ ուզում, ինձ ուրիշ բան տվեք: Ես ոչինչ չեմ ստանում, ինձ արտաքսված եմ զգում այս դաշտից: Բայց մեդիա դաշտն այսօր չես կարող շրջանցել, այն մտել է քո տուն եւ չի կարող չմտնել, դու չես կարող արհամարհել հեռուստատեսությունը, մամուլը:

Եթե բացենք էլեկտրոնային թերթերը, նույն ինֆորմացիան նայենք, ոչինչ գլուխ չենք հանի, միայն ինքներս կարող ենք հետեւություններ անել՝ հասկանալով, որ սա իշխանամետ է, սա ընդդիմադիր, դրանց միջինը հանել: Սա ազնվության պակասն է գործի մեջ:

80Լրագրողները տեսության մեջ կարդում են մի բան, նրանցից լրիվ այլ բան են պահանջում. եթե չանեն, կմնան գործազուրկ՝ դրանից բխող բոլոր սոցիալական պրոբլեմներով: Եթե տրվեն այդ ամեն ինչին, ամեն անգամ գիշերը գլուխը բարձին դնելիս պիտի տվայտանքների մեջ ընկնեն: Լրագրողներն էլ պետք է ճկունություն, դիվանագիտություն, մանեւրելու հմտություններ ունենան՝ ինչպես անեն, որ գործատուն գոհ մնա կամ գոնե չհրաժարվի իրենցից եւ իրենք մեղք չգործեն, իսկ մեղք գործելը շատ վատ բան է. երբ գիտես, որ այս մարդը կամ այս երեւույթը այսպիսին չէ, բայց դու այսպես ես ներկայացնում…

Այս ողբերգական վիճակից դուրս գալու ելքը նոր սերունդն է, որն ունի լավ կրթություն, ինքնակատարելագործման ձգտում: Բայց նախ պետք է իմանաս հիվանդությանդ մասին, հետո՝ ընդունես այն, որ կարողանաս ելքեր փնտրել, որովհետեւ երբ գիտես հիվանդությանդ մասին, ներքին ռեսուրսներդ ակտիվանում են:

Աստվածն այնպես է ստեղծել մարդուն, որ նա կարող է հաղթահարել, եթե ուզենա: Եւ եթե գիտենք, որ հիվանդ ենք, պետք է հասկանանք՝ ուզու՞մ ենք առողջանալ, թե՞ ոչ…

Նարինե Թուխիկյան
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն

Դպրոցը՝ No 78 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ «Սասունցի Դավիթ» էպոսը
Սիրելի երաժշտությունը՝ ֆրանսիական շանսոն
Սիրելի սպորտաձեւը՝ լող, ֆուտբոլ
Սիրելի արտահայտությունը՝ «Փառք Աստծո»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?