Դեպքի վայրում. Մկրտիչ Կարապետյան

20.03.2018, Դեպքի Վայրում

Լրագրող

«Այնպես չէ, որ հասել եմ ավարտական դասարան, նոր եմ որոշել՝ ինչով եմ զբաղվելու: Դեռևս մանկապարտեզի տարիքից հետաքրքրվում էի քաղաքական անցուդարձով»:

22 տարեկանում Մկրտիչ Կարապետյանն արդեն լրագրողի հինգ տարվա փորձ ունի: Լրագրությամբ սկսեց զբաղվել 2013 թ-ին, երբ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր: Համարում է, որ «դաշտը ներսից հասկանալու համար» համալսարանի տված տեսական գիտելիքը բավարար չէ: Երկու տարի աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, 2015-ից «Սիվիլնեթի» լրագրող է:

2016-ի ամռանը պատրաստվում էր շարունակել ուսումը, երբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը. «Մագիստրատուրայում սովորելու մտադրությունս հետաձգեց մի պարզ պատճառով` գործ էինք անում»:

Դեպքի վայրում Մկրտիչը նախ հայտնվեց որպես քաղաքացի՝ հայրիկի ուղեկցությամբ, իսկ տարիներ անց դրանց սկսեց հետևել լրագրողական դիրքերից:

«Ցույցը, խոշոր իմաստով, բողոքի արտահայտման դրսևորման ձև է: Ու շատ լավ է, որ հասարակության մի հատվածն այլ կերպ է մտածում, իր բողոքն է արտահայտում, ու հետաքրքիր է լսել այդ այլ կերպ մտածողներին»:

Ցուցարարների մեջ շատ ընկերներ ունի: Ասում է՝ փորձում է չխախտել լրագրողական կանոնները, իր նյութերում նախապատվություն չտալ նրանց: Իսկ ցույցերից հետո ընկերությունը կարելի է շարունակել:

«Որևէ քաղաքական կազմակերպության չեմ հարում ու մտադիր էլ չեմ երբևէ հարել: Ու նորմալ եմ համարում աշխատանքային պրոցեսի ավարտից հետո կարծիք հայտնելը, բայց՝ չափավոր, որպեսզի չստացվի, թե հարում ես այս կամ այն կուսակցությանը, կամ քեզ նույնականացնեն կուսակցության խոսնակի հետ»:

Լրագրող Մկրտիչի համար շատ կարևոր է համագործակցությունը օպերատորի հետ, հատկապես ուղիղ եթերի ժամանակ:

«Ուղիղ եթերի ժամանակ, բնականաբար, վազքը շատ-շատ է. նախ պետք է ցուցարարից ճշտել իր երթուղին, օպերատորին տեղյակ պահել, նկարահանման դիրքն ընտրել... Ու շատ կարևոր է, որ կողքիդ օպերատորը ծայրից ծայր պատկերացնի պրոցեսը, միասին հասկանաք՝ մինչև ուր կարող են հասնել ոստիկանները, մինչև ուր կարող են հասնել ցուցարարները, որ գործողությանը որն է հաջորդելու…»:

Ցույցերը լուսաբանելուց բացի սիրում է հետաքննական լրագրությունը, կարևորում դրա դերը.

«Հայաստանում կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է, թաքնված շատ պատմություններ կան: Լրագրողի գործը դրանք բացահայտելն ու հանրությանը մատուցելն է: Այդ իմաստով, հետաքննական լրագրությունը պետք է մեծ պահանջարկ ունենա. փաստաթղթեր, հաշվետվություններ, կառավարության օրակարգեր… Դրանցում շատ հետաքրքիր փաստեր կան, որոնք կարելի է ջրի երես հանել»:

Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?