Փակ հասարակության փակ հերոսը. Հաշվե՞լ, թե՞ չհաշվել Հենոյի փողերը

24.03.2018, Քննադատ

Լրագրող

Հայաստանյան հասարակության չգրված «պատվո կոդեքսում» մի այսպիսի կանոն կա՝ «ուրիշի փողերը մի՛ հաշվիր»: Սա, թերևս կարող է արդարացված լինել մասնավոր հարաբերություններում (չնայած հենց մասնավոր հարաբերություններում էլ հաճախ անտեսվում է), բայց արդյո՞ք այս կանոնը տարածվում է նաև հանրային հարաբերությունների ու հանրային դեմքերի վրա:

Միանգամից վերապահում անենք՝ պետական պաշտոնյաների եկամուտների ու ծախսերի մասին քննարկումները  լրիվ տեղին են. հասարակության բնական իրավունքն է՝ հետևելու, թե ինչպես է իր (տեսականորեն) ընտրած պաշտոնյան տնօրինում իրեն վստահված հանրային ռեսուրսը:

Սակայն արդյո՞ք  նույնը վերաբերում է հանրային ծառայության մեջ չգտնվող հանրային դեմքերին՝ սպորտի ու արվեստի աստղերին ու նրանց վաստակած խոշոր փողերին:

Երևանում գտնվող հայկական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մամուլի հետ շփվելիս անհարթ իրավիճակի մեջ հայտնվեց: Լրագրողներից մեկը հարցրեց ֆուտբոլիստին՝ արդյո՞ք նա չի պատրաստվում իր վաստակած խոշոր գումարները ներդնել որևէ գործի մեջ:  

«Բայց դուք որտեղի՞ց գիտեք, որ ես բարձր եմ վարձատրվում», - պատասխանեց Հենրիխը: Լրագրողի ճշտող հարցին, որ խոսքը ոչ թե բարեգործության, այլ ինչ-որ բիզնեսում (ենթադրաբար՝ Հայաստանում) ներդրում անելու մասին է, Հենրիխը որոշակի դժկամությամբ պատասխանեց հակադարձ հարցով՝ «Բայց դա ձեր ի՞նչ խնդիրն է, սկսենք դրանից», այնուհետև ասաց, որ չի կարող բարձրաձայնել իր բիզնես-պլանների մասին:

Այս դրվագը համացանցում քննարկման առիթ դարձավ: Հիմնական տրամադրությունը հետևյալն է՝ լրագրողը մարդկային ու մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում է թույլ տվել՝ հարցնելով Մխիթարյանի անձնական եկամուտների մասին և անհարմար դրության մեջ դնելով մեր ֆուտբոլիստին:

Ոմանք անգամ հորդորում էին պատժել հարցը տվող լրագրողին՝ նկատողություն տալ, հեռացնել աշխատանքից, ոմանք էլ, ավելի հեռուն գնալով, պահանջում էին  «վկայականից զրկել» նրան:

Այս ամենը հիշեցրեց հայաստանյան հասարակության մեկ այլ չգրված օրենքի մասին՝ «բոլոր անախորժությունների ու խառնակությունների մեջ մեղավոր են լրագրողները»:

Բայց արդյո՞ք լրագրող Անի Նազարյանը մասնագիտական էթիկայի խախտում է թույլ տվել, կամ, առհասարակ, արդյո՞ք հանրահայտ մարդու եկամուտների ու ծախսերի մասին հարցը անպարկեշտ է:     

Նախ, այս տարվա հունվարին, երբ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը Մանչեսթերից տեղափոխվում է Լոնդոն՝ խաղալու «Արսենալում», գրեթե միաժամանակ հրապարակվեց նրա աշխատավարձի չափը՝ ամսական 315 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը հավասար է մոտ 450 հազար ԱՄՆ դոլարի կամ  218 միլիոն դրամի: Սա հանրահայտ փաստ է, և զարմանալի է, թե ինչո՞ւ է մեր հավաքականի ավագը զարմանում, որ լրագրողը տեղյակ է դրա մասին:

Ընդհանրապես, ժամանակակից սպորտում ու ոչ միայն սպորտում՝ զանգվածային մշակույթի մեջ, բավական տարածված բան է. հեղինակավոր պարբերականները ժամանակ առ ժամանակ տեղեկություն են տալիս, թե որքան գումար է ստացել Հոլիվուդի այս կամ այն աստղը հերթական ֆիլմում խաղալու դիմաց, ամսագրերը ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշեր են կազմում և ներկայացնում են, թե ինչի վրա են նրանք ծախսում իրենց միլիոնները՝ սկսած հուզիչ բարեգործական նախաձեռնություններից, մինչև խելահեղ շռայլությունները կամ շահութաբեր բիզնեսի մեջ ներդրումը:

Այսպես, օրինակ, մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն իր վաստակած հարյուրավոր միլիոնները սիրում է ծախսել ամենատարբեր բաների վրա՝ բարեգործական ակցիաներ, գերթանկարժեք առանձնատներ ու մեքենաներ և  խաղընկերներին արված շռայլ նվերներ:

Ժամանակակից ֆուտբոլի մեկ այլ պայծառ դեմք՝ Լիոնել Մեսին, որը կենցաղում «համեստ տղայի» համարում ունի, երթևեկում է 240 000 դոլարանոց Maserati GranTurismo-ով, իսկ ավելի հեռավոր ուղևորությունների մեկնում է սեփական ինքնաթիռով:

Ֆուտբոլի մեկ այլ լեգենդ՝ արդեն «պաշտոնաթող» անգլիացի Դեվիդ Բեքհեմը նույնպես զանազան քմահաճույքներ ունի. նա 250 000 դոլարով Ռիո դե Ժանեյրո ֆավելաներից մեկում առանձնատուն է գնել՝ այդպիսով կտրուկ բարձրացնելով Ռիոյի այդ ծայրահեղ աղքատ հետնախորշի բնակարանների արժեքը:

Մխիթարյանի նախկին խաղընկեր Զլատան Իբրահիմովիչը 2012-ին ձեռք բերեց հայրենի Շվեդիայում գտնվող մի կղզի՝ այնտեղ ազատ ժամանակ որսով զբաղվելու համար:

Հենոյի մեկ այլ խաղընկեր՝ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը վերջերս իր համար հայրենի Գաբոնի դրոշի գույներով թանկարժեք մարզակոշիկներ է գնել, որոնք զարդարված են 4000 «Սվարովսկի» բյուրեղիկներով, և այլն, և այլն:

Օբամեյանգի մարզակոշիկը

Ֆուտբոլիստները նաև խոշոր գումարներ են ներդնում անձնական բիզնեսի մեջ՝ հաճախ ի ցույց դնելով իրենց բնավորությունն ու նախասիրությունները:

Նույն Քրիշտիանուն, բազմաթիվ հայտնի ընկերությունների գովազդային դեմքը լինելուց բացի, ներքնազգեստի սեփական բրենդն ունի, ռեստորաններ ու թանգարան հայտնի Մադեյրայում:

«Մանչեսթեր Յունայթեդի» տարբեր ժամանակների աստղեր Ռայան Գիգզը, Հարի և Ֆիլ Նևիլները. Նիկի Բաթը և Պոլ Սքոուլզը ավելի պրագմատիկ են. նրանք համատեղ $30 միլիոն են ներդրել՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի հարևանությամբ հյուրանոց բացելու համար:

Իսպանական «Բարսելոնայի» աստղ Անդրես Ինյեստան, տաղանդավոր ֆուբոլիստ լինելուց զատ, նաև տաղանդավոր գինեգործ է. մի քանի տարի առաջ նա հայրենի Ֆուենտեալբիլյա քաղաքի մոտ $10 միլիոնով խաղողի այգիներ ու գինեգործարան է ձեռք բերել:

«Միլանի» նախկին կիսապաշտպան, ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն 2010-ին իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ ընկերոջ հետ միասին Իտալիայի հարավում ձկնեղենի խանութ բացելով:

Այս շարքը կարելի է շարունակել՝ պատմելով նաև այլ մարզաձևերում հանդես եկող հռչակավոր մարզիկների բիզնեսների մասին: Օրինակ՝ բասկետբոլի լեգենդ, աշխարհում առաջին միլիարդատեր մարզիկ Մայքլ Ջորդանի, որը 5 ռեստորան ունի և ավտոսրահ Հյուսիսային Կարոլինայում:

Շարապովայի՝ Sugarpova քաղցրավենիքի բրենդը

Թենիսիստուհի Մարիա Շարապովայի, որը  2011-ին $500 հազար ներդրեց Sugarpova քաղցրավենիքի բրենդը հիմնելու գործում, իսկ 2014-ին սկսեց Supergoop արևայրուքի քսուքների արտադրությունը:

Կարճ ասած՝ հայտնի մարզիկների գրպանի պարունակության ու գործնական պլանների մասին հրապարակումները գրեթե նույնքան հետաքրքիր են ու լուսաբանվող, որքան նրանց բուն գործունեությունը՝ սպորտը:

Այս բոլոր տվյալները մեզ հայտնի են հենց նրա շնորհիվ, որ մարզական մեգապոլիսներում աշխատող լրագրողները, սպորտային իրադարձությունների արդյունքները հաղորդելուց զատ, նաև եկամուտների ու ծախսերի մասին հարցեր են ուղղում սպորտսմեններին ու նրանց գործակալներին:

Եվ այդ տեղեկությունները հրապարակվում են ինչպես զանազան տաբլոիդներում, այլպես էլ՝ ծանրակշիռ լրատվամիջոցներում: Եվ իրենք՝ մարզիկներն էլ շատ լավ են հասկանում, որ  իրենց անձի շուրջ մեդիայի հետաքրքրասիրությունը ոչ միայն անպարկեշտ չէ, այլև օգտակար է հենց իրե՛նց համար. ի վերջո, որքան շատ լուսաբանվեն քո կյանքի տարբեր ոլորտները, այնքան դու ավելի ճանաչված ու պահանջված կլինես ու հետևաբար՝ ավելի բարձր վարձատրվող:

Եվ շատ բնական է, որ հայաստանցի լրագրողին հետաքրքրում է, թե ինչի վրա է իր վաստակած միլիոնները ծախսում իր երկրի ամենահայտնի մարզիկը, որը, ի դեպ, հետխորհրդային տարածքի բոլոր ժամանակների ամենաթանկ ֆուտբոլիստն է:

Եվ միգուցե Հենոն կարող էր մեզ «երես տալ»՝ իր մեկ-երկու հետաքրքիր բիզնես-ծրագրի մասին պատմելով, կամ թեկուզ նույն խուսափողական պատասխանը տար ավելի պակաս նյարդային տոնով: Ամեն դեպքում, նա պատասխանել է այնպես, ինչպես պատասխանել է, իսկ լրագրողները կարող են ու պետք է շարունակեն հարցեր տալ:

Հակոբ Կարապետյան

Հ.Գ. Ի դեպ, հայտնի մարզիկները խոսում են ոչ միայն իրենց ֆինանսների մասին: Օրինակ, «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն, որը, ի միջիայլոց, օնլայն խաղերի ընկերության սեփականատեր է և Համբուրգում գործող մսամթերքի արտադրոության փայատեր, հարցազրույցներում պարբերաբար արտահայտում է իր քաղաքական հայացքները: 

«Ինձ ասում են՝ ձայնդ կտրիր ու ֆուտբոլ խաղա, դու միայն դա գիտես: Ներեցեք, բայց ես միայն դա չէ, որ կարողանում եմ։ Ֆուտբոլիստները շատ ավելի խորքային են, քան մարդկանցից շատերը պատկերացնում են, և ես կարծում եմ՝ կարևոր է, որ մենք արտահայտենք ինքներս մեզ և մեր հայացքները։ Ֆուտբոլիստը նախևառաջ մարդ է, և դա հենց այն է, ինչ կորչում է մեդիայի աշխարհում, որում մենք այսօր ապրում ենք: Այո, դու կարող ես «գուգլել» ու իմանալ խաղերի արդյունքներն ու տրանսֆերային գործարքների մանրամասները, բայց դու չես կարող Գուգլից իմանալ, թե ինչ է զգում մարդը, ինչն է նրան մոտիվացնում կամ ինչն է նրան վախեցնում», - գրում է Պիկեն «Երկար պատմություն» վերնագրված հոդվածում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?