Արագ արձագանքման ծուղակները «Քայլ արա» շարժման ընթացքում

25.04.2018, Նյուսրում

Լրագրող

Սոցիալական մեդիայում, այնուհետև լրատվական կայքերում լուր տարածվեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: 10 օրից ավել տևող «Քայլ արա» բողոքի ակցիաների համատեքստում, որի արդյունքում հրաժարական տվեց նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը, այս լուրը զարմանալի և անսպասելի չէր, բայց այն կեղծ էր:

Այս տեղեկատվությունը սկիզբ առավ ֆեյսբուք սոցիալական ցանցում. «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը իր սոցցանցային էջում գրեց. «Ուզում եմ առաջինը ավետեմ. կինոն համարենք ավարտված: Շուտով կտեսնենք հեփփի-էնդը: ՀԱՂ-ԹԱ-ՆԱԿ»:

Այս տեղեկությունը կարճ ժամանակ անց տարածվեց նաև Telegram-ի Infocomm լրահոսով, որը ստեղծվել է «Քայլ արա» շարժման մասին տեղեկատվություն տարածելու նպատակով, այնուհետև մեծ ալիքով` սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներում:


 

Այս լուրին հետևեցին հերքումները: Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրեց. «Հարգելի քաղաքացիներ, իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

Լուրը հերքեցին նաև Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը և մի շարք լրատվական կայքեր:

 

 


 

Սա առաջին ապատեղեկատվությունը չէ, որ տարածվել է «Քայլ արա» շարժման ընթացքում:

Մի քանի օր առաջ սոցիլական ցանցերում և լրատվամիջոցներում լուր էր տարածվել, թե Երևան է ժամանել Սերժ Թանկյանը` մասնակցելու «Քայլ արա» բողոքի ակցիաներին, անգամ երբ երգիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել էր, որ չի գալու Հայաստան: Օգտատերերը սոցիալական մեդիայում կիսվում էին նրա ժամանման տեսանյութով, որը նկարահանվել էր 2017 թվականին:






Արագ զարգացող իրադարձությունների ժամանակ ապատեղեկատվության ու կեղծ լուրերի տարածման հնարավորությունը մեծանում է, քանի որ իրավիճակը շատ արագ է փոխվում, իսկ օգտատերերն ու լրագրողները ցանկանում են առաջինը հայտնել լուրը` երբեմն չստուգելով այն: Կեղծ լուրերի ու ապատեղեկատվության մաս չկազմելու համար` առաջարկում ենք կարդալ «Արագ տարածվող կեղծ լուրերը` սոցիալական մեդիայում» նյութը, որում տեղ գտած սկզբունքները կօգնեն խուսափել ոչ հավաստի ինֆորմացիային հավատալուց կամ տարածելուց:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?