Մեդիան պետք է ազատվի ատելության լեզվից

28.11.2013, Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման առումով հայաստանյան մեդիայում չկա միասնական պատկեր: Հեռարձակողները հիմնականում լուսաբանում են այնպես, ինչպես որոշվում է պետական ատյաններում:

Իսկ տպագիր եւ օնլայն լրատվամիջոցները սովորաբար լուսաբանում են՝ ելնելով յուրաքանչյուր լրատվամիջոցի ղեկավարների գաղափարախոսական եւ մասնագիտական կողմնորոշումներից: Այն լրատվամիջոցները, որոնք իրենց ազատական եւ ժողովրդավարական արժեքների կրող են համարում, սովորաբար պակաս են օգտագործում «ատելության խոսք»:

Անգամ երբ քննադատվում է հակամարտության հակառակ կողմը, այդ քննադատությունը սովորաբար ուղղված է պետությանը, ղեկավարներին, օրինակ, Ալիեւին կամ այս կամ այն պաշտոնյային, վարչակարգին, ոչ թե ամբողջ ժողովրդին: Պակաս չափով են օգտագործվում նաեւ էթնիկ կարծրատիպերը եւ վիրավորանքները:

Ավելին՝ որոշ «ընդդիմադիր», հատկապես՝ տպագիր լրատվամիջոցների համար, որոնք ուշադրության կենտրոնում են պահում ներքին քաղաքական գործընթացները, կոնֆլիկտի լուսաբանումը ավելի համեստ տեղ է զբաղեցնում կամ էլ հաճախ լուսաբանվում է ներքին խնդիրների լույսի ներքո, օրինակ, «մեր իշխանության սխալ քաղաքականության պատճառով մենք ունեցանք դիվանագիտական պարտություն» կամ «տնտեսական ծանր վիճակի եւ արտագաղթի պատճառով ընկնում է մեր բանակի մարտունակությունը» երանգներով:

Իշխանամետ դիրքերից հանդես եկող լրատվամիջոցներին բնորոշ է հակամարտությանն ավելի մեծ տեղ տալը, ընդ որում՝ այդ լուսաբանումն իրականացվում է ավելի ագրեսիվ ոճով, հաճախ կարելի է հանդիպել «ատելության լեզվին», ոչ կոռեկտ որակումներին, վիրավորանքներին, որոնց արժանանում են ոչ միայն հակառակ կողմի պաշտոնյաներն ու ղեկավարները, այլեւ ամբողջ երկիրն ու ժողովուրդը:

Այս տիպի հրապարակումներում էլ է հաճախ կոնֆլիկտը կապվում ներքին քաղաքական իրավիճակի հետ, բայց արդեն այլ՝ «ընդդիմությունը ներսից խարխլում է մեր պետականությունը եւ ջուր լցնում թշնամու ջրաղացին» մոդելի շրջանակներում:

Իհարկե, այս պատկերը փոքր-ինչ  չափազանցված է, շատ բան կախված է կոնկրետ լրատվամիջոցից, ինչպես նաեւ այն ժամանակաշրջանից, որում տեղի է ունենում լուսաբանումը. կան ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնք միաժամանակ եւ՛ ազգայնական դիրքերից են հանդես գալիս, եւ՛ հակառակը:

Օրինակ՝ հայ-թուրքական բանակցությունների ժամանակ իշխանամետ լրատվամիջոցներն ավելի «խաղաղասեր» կեցվածք ունեին, իսկ ընդդիմադիրներն ընդհակառակը՝ ավելի քննադատաբար էին մոտենում հայ-թուրքական գործընթացին:

Մեզ մոտ խաղաղաշինական դիրքերից հանդես եկող լրատվամիջոցները շատ քիչ են: Դա սովորաբար անհատ լրագրողներին բնորոշ մոտեցում է կամ էլ խաղաղաշինական դրամաշնորհային ծրագրերի արդյունք: Բայց նաեւ չի կարելի ասել, որ մեդիան հատուկ փորձում է սրել կոնֆլիկտը: Պարզապես կրկնում է պաշտոնյաների, քաղաքական եւ հասարակական գործիչների այն խոսքերը, որոնք հաճախ ուղղված են կոնֆլիկտի սրմանը, ինչով, փաստորեն, նպաստում է դրան:

Բացի այդ՝ մեդիան հաճախ առանց քննադատական վերլուծության վերարտադրում է այն բացասական կարծրատիպերը, որոնք կան հասարակության մեջ, ինչով եւս նպաստում է կոնֆլիկտի սրմանը: Երբեմն մեդիան գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար գործիք է դառնում այն քաղաքական ուժերի ձեռքին, որոնք, իրենց շահերից ելնելով, փորձում են խորացնել կոնֆլիկտը:

Այնուամենայնիվ, լինում են նաեւ դրական շարժեր, երբ լրագրողները լուսաբանում են կոնֆլիկտի մարդկային կողմը, ինչը, որպես կանոն, նպաստավոր է կոնֆլիկտի լուծմանն ուղղված ջանքերի համար:

Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ մեդիան չի գործում վակուումում, եւ նրա վրա էլ ազդում է այն մթնոլորտը, որը կա հասարակության մեջ: Բացի այդ՝ հայաստանյան մեդիայի զգալի մասը գտնվում է իշխանության վերահսկողության տակ, իսկ իշխանությունը մինչ այժմ կարծես հատուկ շահագրգռվածություն չի ցուցաբերում կոնֆլիկտի լուծման հարցում, ինչն անդրադառնում է նաեւ լուսաբանման վրա:

Այս մոտեցումը փոխվում է, երբ իշխանությունը քայլեր է ձեռնարկում խաղաղ գործընթացի ակտիվացման համար, ինչպես դա եղավ, օրինակ, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ:

Մեդիան պետք է ազատվի ատելության լեզվից՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունի լրատվամիջոցը կամ լրագրողը կոնֆլիկտի լուծման վերաբերյալ: Կարելի է ունենալ խիստ անզիջում դիրքորոշում, բայց արտահայտել այն՝ առանց հակառակ կողմին ուղղված վիրավորանքների եւ էթնիկ կարծրատիպերի օգտագործման:

Պետք է տարբերակում դնել պետության, քաղաքական գործիչների եւ ամբողջ ժողովրդի միջեւ. ադրբեջանցի այս կամ այն քաղաքական գործչի որեւէ արարք կարելի է շատ խիստ քննադատել՝ առանց ադրբեջանական ժողովրդին ինչ-ինչ բացասական հատկանիշներ վերագրելու:

Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել նաեւ կոնֆլիկտի հումանիտար կողմին՝ կոնֆլիկտի մասնակիցների կամ զոհերի մասին անձնական պատմություններին, որոնք կօգնեն հաղթահարել երկուստեք կերտվող թշնամու կերպարը:

Միքայել Զոլյան
քաղաքագետ

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?