2011.11.30,

Քննադատ

Ինչպես անվանես, այնպես էլ «կլողաս»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեր հայրենական հեռուստատեսությունը շատ է սիրում «երկիր» բառը: Պատեհ ու անպատեհ առիթներով մենք անընդհատ լսում ենք, որ երկրում ենք ապրում, երկրում ինչ-որ բան է կատարվում, երկիրն էլ ղեկավար ունի:

Տպավորություն է, որ հեռուստաընկերությունները (հատկապես «Հանրային» ալիքը) միտումնավոր խուսափում են «Հայաստանի Հանրապետություն» կոչել այն տարածքը, որտեղ բոլորս ապրում ենք ու հեռուստացույց ենք դիտում՝ հասկանալու համար, թե մեր ապրելու վայրում ինչ է կատարվում:

Մի բան է, երբ քեզ անընդհատ հիշեցնում են, որ դու հանրապետության քաղաքացի ես, և բոլորովին այլ բան է, երբ քեզ համոզում են, որ դու երկրի բնակիչ ես: Առաջին պնդման համաձայն՝ դու ունես իրավունքներ և պարտականություններ, իսկ երկրորդը, ընդհակառակը, ազատում է քեզ որևէ իրավունք կրելու բեռից:

Այդ մոլորությունը բնավ էլ անվնաս ու անմեղ չէ, այն դանդաղորեն ընտելացնում է հեռուստալսարանին վիրտուալ տարածքում ապրելու մտքի հետ:

«Հանրապետություն» բառը ենթադրում է, որ կան սահմաններ, Սահմանադրություն, օրենքներ ու, վերջիվերջո, ընտրակարգ, իսկ «երկիրը» անսահման ու ենթադրյալ մի բան է, որը, հնչելով էկրանից, ոչ մի կոնկրետ ինֆորմացիա չի փոխանցում (արդյոք այդ երկիրը միապետությո՞ւն է, թե՞ հանրապետություն):

Միգուցե դա երազի՞ երկիր է: Ասենք՝ երկիր Նաիրիի կամ էլ ՀՀ վարչապետի տենչած «հայոց աշխարհի» նման:

Ի դեպ, նման մոդելի ապրելավայրի ձևակերպում լսելը հատկապես տարօրինակ է հանրապետության 3 առանցքային դեմքերից մեկի շուրթերից: Ստացվում է, որ նա չի գնահատում կոնկրետ ունեցվածքը (այս դեպքում առնվազն սահմանները), և հորդորում է մեզ ապրել ոչ թե ներկայով, այլ երազանքով:

Այսինքն՝ այն բանով ու այն բանի մեջ, որը չկա: Ի տարբերություն հայոց երկրի՝ Հայաստանի հանրապետությունը տեսանելի է բոլոր միջազգային քարտեզների վրա:

Իրականում «հանրապետության» փոխարեն «երկիր» տերմինի գործածումը լուրջ հոգեբանական ուղերձ է:

Եվ երբ մենք, օրինակ, «Հայլուրով» լսում ենք, որ «երկրի ղեկավարը» հանդիպել է այս կամ այն դեսպանի կամ, ասենք, հասարակ գյուղացիների ու գիտնականների հետ, մենք հեշտությամբ «կուլ ենք տալիս» ու արագ «մարսում» ենք այդ տերմին-խոտանը, քանի որ մեր ականջներն ու գիտակցությունը տևական ու զանգվածային «շղարշման» պրոցեսով են անցել:

Մենք այլևս ուժ չենք գործադրում բառերի սկզբնական իմաստի մասին խորհելու համար: Այդ գործն իր վրա է վերցրել հեռուստատեսային պրոպագանդան:

Որպես քարոզչական կոդ մեզ է ուղարկվում շփոթմունք առաջացնող ու իրականում ոչինչ չասող «երկրի ղեկավար» բառակապակցությունը, որը թույլ չի տալիս հասկանալ ո՞ւմ մասին է խոսքը (միգուցե թագավորի՞):

Եթե նկատել ենք, հեռուստաէկրանը գերադասում է նաև մեզ ոչ թե «հայաստանցի», այլ «հայ» անվանել: Բարի լույս, բարի գիշեր կամ բարի ախորժակ մաղթող հաղորդումները կարծես հաշվի չեն առնում, որ իրենց լսարանը կարող է բաղկացած լինել ազգությամբ ոչ հայերից:

Ասենք՝ հույներից, ռուսներից կամ ամերիկացիներից, որոնք տիրապետում են հայերեն լեզվին ու, որպես ՀՀ քաղաքացիներ, ուզում են, որ հեռուստաէկրանը նաև իրենց դիմի:

Ազգության շեշտումը նույնպես ուղերձ է, որը մոտավորապես այսպես է վերծանվում՝ ազգությունն ավելի կարևոր է, քան հանրապետության քաղաքացի լինելը:

 Բառերն ընդհանրապես մոգական ազդեցություն ունեն: Եվ պարբերաբական ու ակտիվ տիրաժավորման դեպքում վերածվում են վարքագծային կոդերի:

Եթե հեռուստատեսային ռեպորտաժներում (որոնք բոլորն էլ վերահսկվում են իշխանությունների կողմից) շրջանցվում են «հանրապետության քաղաքացի» և «հանրապետության նախագահ» տերմինները, ապա կարելի է եզրակացնել, որ

1) մեզ ուզում են ապացուցել, որ հանրապետությունում չենք ապրում և
2) մեր հանրապետության նախագահն իրեն այդպիսին չի համարում:

Ի դեպ, եթե մենք արդեն իսկ ԶԼՄ-ներին զրպարտության և վիրավորանքի մեջ մեղադրելու նախադեպեր ունենք, ապա այդ ԶԼՄ-ների շարքը պիտի առաջնորդի պետական հարկերից սնվող «Հ1»-ը:

Չէ՞ որ հենց այդ ալիքն է խեղաթյուրում ինֆորմացիան ու հարվածում ՀՀ քաղաքացիների արժանապատվությանը՝ հանրապետությունն անվանելով երկիր, իսկ հանրապետության քաղաքացիներին՝ բնակիչներ:

Հայտնի մուլտֆիլմում նավապետ Վրունգելն ասում էր՝ ինչպես կոչես նավը, այնպես էլ այն կլողա: Միգուցե դա իրոք այդպես է:

Եվ եթե մեր մեդիա միավորները (հատկապես իշխանության բարեհաճությունը վայելող հեռուստաընկերությունները) հանդգնեն գոնե ճիշտ բառեր ու եզրեր օգտագործել, հեռուստալսարանն ավելի ճիշտ պատկերացում կկազմի իր բնակավայրի, նախագահներ-թագավորների ու խնդիրների մասին:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *