21-րդ դարում գրագիտությունը նաեւ մեդիայի «այբ-բեն-գիմ»-ը հասկանալն է

01.06.2013, Քննադատ

Լրագրող, Թվային մարդաբանության մասնագետ: Լուսինեն ղեկավարում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագիրը:

Մի քանի օր առաջ Թբիլիսիից Երեւան էի վերադառնում.  ճանապարհին, երբ անցնում էինք Քոբայրի մոտով, տաքսու վարորդը վրդովված պատմեց, թե նախորդ անգամ ընտանիքի հետ անցել է նույն ճանապարհով, եւ, Քոբայր ցուցանակը տեսնելով, իր դպրոցական աղջիկը ամենայն լրջությամբ խնդրել է հորը կանգնեցնել մեքենան ու մտնել գյուղ:

Պարզվում է` հայտնի սերիալներից մեկի վերջին սենտիմենտալ պատմությունը զարգացել է հենց այս տարածքում. քոբայրեցի մի պապիկ իբր գտել է ավտոմեքենայի վթարից փրկված գլխավոր հերոսին, խնամել, հետո գլխավոր հերոսուհին այստեղ գտել է ոչ միայն իր սիրելիին, այլեւ իր զույգ քրոջը, ում մասին չգիտեր էլ… Ու ահա, տաքսու վարորդի աղջիկը ցանկացել էր մտնել Քոբայր ու գտնել այդ բարի պապիկին:

«Ինչ լավ ա` էդ սերիալը պրծավ, մենք էլ պրծանք»,- բորբոքված ասաց վարորդը:

Այն, որ ինֆորմացիայի այս դարում հեռուստացույցը շատ մարդկանց համար դեռ խորհրդավոր, կախարդական տուփ է, հայտնի է: «Տելեվիզրը ասեց», ուրեմն` ճիշտ է. դեռ կան մարդիկ, որ այսպես են մտածում: Լրատվամիջոցներին որքան որ չեն վստահում, նույնքան էլ ինչ-որ մոգական ուժով հմայվում ու էկրանին (ոչ միայն հեռուստացույցի) տեսածն ու լսածը հաճախ իրականության հետ են շփոթում:

Իսկ ինտերնետի, հզոր քարոզչամեքենաների, ամեն քայլափոխին հետապնդող գովազդի ու անվերջ, հակասական ինֆորմացիայի դաշտում դա կարող է վտանգավոր լինել,481 հատկապես՝ երեխաների համար:

Ի վերջո, մենք ամենօրյա որոշումներից շատերը կատարում ենք հենց մեդիայի տարբեր խողովակներով ստացած տեղեկությունների հիման վրա. որքան ճիշտ ու հավաստի լինեն այդ տեղեկությունները, այնքան գիտակցված կլինեն մեր քայլերը:

Մյուս կողմից` գրագետ լսարանն ավելի պահանջկոտ լսարան է, ինչը ազդում է մեդիայի որակի վրա. մեդիակրթությունը նաեւ միջոց է լրատվական դաշտը բարեփոխելու:

Ի՞նչ են անում աշխարհում

Մեդիայի վտանգների մասին աշխարհը վաղուց գիտի. դեռ  նախորդ դարասկզբին խնդրով մտահոգված ֆրանսիացի մասնագետները եկան այն եզրակացության, որ վտանգի դեմ պայքարելու լավագույն տարբերակը լսարանին կրթելն է հենց փոքր տարիքից:
Այսօր մեդիագրագիտություն հասկացությունը մեծ տարածում ունի զարգացած երկրներում:

Մեդիագրագետ սպառողը նա է, ով կարողանում է քննադատորեն ընկալել մեդիայի մատուցած տեղեկությունը, պատկերացնում է մեդիայի աշխատանքի սկզբունքները, ծանոթ է մանիպուլյացիոն հնարքներին եւ կարողանում է ճիշտ կողմնորոշվել մեդիա շուկայում:  Այս հմտությունները շատ երկրներում սովորում են տառերը սովորելուն զուգահեռ:

Մեդիագրագիտություն առարկան անցնում են, օրինակ, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում. եթե տարրական դասարաններում նրանք խաղերով սովորում են լրագրության կամ գովազդի պատրաստման պարզ կանոններ, ապա, ասենք, ավագ դասարաններում լուրջ ուսումնասիրություններ են անում, դպրոցական հաղորդումներ են պատրաստում, հանդիպում են գործող մեդիա մասնագետների հետ եւ քննարկում ու քննադատում դաշտը:

Մեկ այլ մոտեցմամբ` մեդիակրթությունը կարելի է կազմակերպել ոչ թե առանձին առարկայի, այլ բոլոր դպրոցական առարկաների համատեքստում: Ասենք՝ լեզվի դասերին քննարկել մեդիայի լեզուն, պատմության դասերին խոսել եթերում պատմության վերարտադրության, դրա հնարավոր խեղումների մասին, առողջ ապրելակերպի դասերին` սնունդի կամ ապրելակերպի վրա մեդիայի, մասնավորապես` գովազդի վատ ազդեցության մասին, եւ այլն…

ՅՈՒՆԵՍԿՕ-ն շատ կարեւորում է մեդիագրագիտությունը հենց դպրոցական հասակում. ՅՈՒՆԵՍԿՕ-ի տպագրած «Media Education: A Kit for Teachers, Students, Parents and Professionals»-ը (Մեդիակրթություն. փաթեթ ուսուցիչների, աշակերտների, ծնողների ու մասնագետների համար) հրաշալի նյութ է: Այն նաեւ հիմք է դարձել տարբեր երկրներում մեդիակրթության դասընթաց մշակելու համար:

Հետխորհրդային երկրներում դեռ շատ քիչ բան է արվել այս ուղղությամբ: Ռուսաստանում մեդիակրթություն անցնում են որոշ բուհերում, դպրոցական ծրագիր նույնպես մշակվել է, որոշ փորձարարական դպրոցներ այն անցնում են, բայց պարտադիր բնույթ չունի: Ուկրաինայում առարկան պետության աջակցությամբ փորձարկվում է մոտ 100 դպրոցներում մինչեւ 2016 թվականը, որից հետո կարող է դառնալ պարտադիր առարկա:

483Այնտեղ արդեն մի քանի տարի է` մանկավարժական բուհերում դասավանդվում է առարկան, դպրոցներում էլ փորձարկվել է:

Ուկրաինական մամուլի ակադեմիան մի քանի հասարակական կազմակերպությունների հետ մշակել է թե՛ բուհական կուրսը, թե՛ դպրոցական առարկան՝ կրթության նախարարության հետ համաձայնեցնելով դպրոցական ծրագիրը բեռնաթափել են ու ժամեր են ազատել մեդիագրագիտության դասերի համար:

Ուկրաինան նույնպես հիմնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաթեթի սկզբունքների վրա:

Ի՞նչ ենք անում մենք

Հայաստանում մինչեւ վերջերս մեդիակրթություն ասելով հասկանում էին միայն տեխնիկական կրթություն՝ համակարգչային հմտություններ, ինտերնետային անվտանգություն: Նման թեմաներ ներառված են դպրոցական ծրագրում, տարբեր հասարակական կազմակերպություններ այս ուղղությամբ ծրագրեր են իրականացնում:

Թեեւ մեր պետական փաստաթղթերում ու կրթության բարեփոխումների ծրագրերում կարեւորվում է քննադատական եւ վերլուծական մտածողության, արդյունավետ հաղորդակցման հմտությունների ուսուցանումը, իսկ հանրակրթության կրթակարգում շեշտվում է աշակերտի ինքնուրույն մտածելու, հասարակական երեւույթները վերլուծելու, տեխնոլոգիական նորարարությունները հասկանալու եւ կիրառելու կարողության զարգացումը դպրոցներում, այդուհանդերձ, մեդիակրթության ոլորտում գեթե ոչինչ չի արվում: Լրատվամիջոցների աշխատանքին վերաբերող դաս կա միայն հասարակագիտության դասագրքում:

Կան մեկ-երկու առանձին դպրոցներ (ինչպես, օրինակ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը), որոնք կարեւորում են մեդիայի դերը կրթության մեջ  եւ ակտիվորեն օգտագործում են մեդիան, բայց ընդհանուր առմամբ դաշտը դատարկ է:

Երկու տարի առաջ «Ինտերնյուսը» սկսեց աշխատել մեդիագրագիտության դպրոցական ծրագրի վրա: Մշակվեց ծրագիր, պատրաստվեց ուսուցչի ձեռնարկ, հավաքվեցին տեսաձայնային ուսուցողական նյութեր, տեսական հոդվածներ, խաղեր…

Ծրագիրը ավագ դասարանների համար է. այն 10 պայմանական դասերից կամ թեմաներից է կազմված` մեդիայի պատմություն, ներկա դաշտ, օրենսդրական եւ էթիկական կարգավորում, տնտեսական գործունեություն եւ գովազդ, մեդիայի տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, մեդիա արտադրանքը քննադատորեն սպառելու հմտություններ…

Դասընթացի մեջ ներառված հղումներն ու նյութերը թույլ են տալիս ուսուցչին խորացնել գիտելիքն ու ընդլայնել տրված 10 թեմաների շրջանակը` փոփոխելով դասընթացի ծավալն ու տեւողությունը:

Ձեռնարկը վերամշակվել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների հետ համատեղ, որից հետո միայն Կրթության եւ գիտության նախարարը մակագրել է482 «Ինտերնյուսի» դիմումը` «Մեդիագրագիտություն» ձեռնարկը որպես ուսումնաօժանդակ նյութ հաստատելու եւ թույլատրելու մասին: Այսինքն՝ դպրոցներն իրենց հայեցողությամբ կարող են անցնել այս կուրսը, օգտագործել նյութերը եղած առարկաների դասերին կամ դրանցից դուրս: Առանձին առարկա նախարարությունը դեռ մտադիր չէ ունենալ. դպրոցական ծրագիրը գերբեռնված է:

Անցած սեպտեմբերից այս ամենը փորձարկվել է մի քանի մասնավոր եւ փորձարարական դպրոցներում, վերապատրաստվել են մի քանի խումբ ուսուցիչներ Երեւանում եւ մարզերում, վերապատրաստվել են նաեւ Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները, ովքեր ցանկություն հայտնեցին ծրագրի նյութերը կիրառել իրենց վերապատրաստումներում ու դասագրքերում:

Երեխաներին ու ուսուցիչներին դասընթացը շատ է հետաքրքրում. խորհրդավոր արկղիկի մեջ թափանցելն ու դրա աշխատանքը հասկանալը գաղթակղիչ է: Նրանք սկսում են ուրիշ աչքերով նայել եթերը, սկսում են «կասկածել» ու հարցեր տալ, այսինքն` քննադատորեն ընկալել տեղեկությունները:

Երեխաներին ավելի գրավելու համար պատրաստվել է նաեւ էլեկտրոնային խաղ, որը շուտով կհրապարակվի եւ բաց կլինի բոլորի համար: Այստեղ երեխաները կարող են պատասխանել վիկտորինաների հարցերի, լուր գրել, ռադիոնյութ կազմել, հավաքել հեռուստահաղորդում, ընթացիկ իրադարձությունից լուսանկար անել, կառուցել թերթի առաջին էջ կամ մուլտիմեդիա հոդված տարբեր բաղադրիչներով:

Խաղի վերջում նրանք իմանում են, թե որքան մեդիագրագետ են, այսինքն` որքանով են հասկանում մեդիայի աշխատանքը, որքանով են կարողանում եթերում տեսածը ստուգել, քարոզչությունն ու լրատվությունը տարբերակել, հասկանալ, թե այս կամ այն հաղորդագրությունը (message-ը) ինչ նպատակ ունի, եւ այլն…

Լայն իմաստով` մեդիագրագետ երեխան ավելի գիտակից ու ինֆորմացված քաղաքացի է, ով իր որոշումները կայացնում է գիտակցված, ով ինֆորմացիոն հոսքերից կարողանում է քաղել այն, ինչ իրեն պետք է եւ օգտակար է:

Եթե կրթությունը զենք է, ինչպես հաճախ գրում են դպրոցների պատերին, ապա մեդիակրթության տված զենքը օգնում է պաշտպանվել մեդիայի բացասական ազդեցությունից:

Ինտերնյուսի պատրաստած ձեռնարկն ու էլեկտրոնային խաղը դպրոց կմտնեն հաջորդ սեպտեմբերին: Թե որ դպրոցները ժամանակ ու ցանկություն կգտնեն դրանք կիրառելու համար, կախված է տնօրենների տրամադրությունից եւ ուսուցիչների պատրաստակամությունից, ու, իհարկե, մեդիագրագետ աշակերտների պահանջատիրությունից:  

Լուսինե Գրիգորյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?