2018.06.11,

Նյուսրում

Կառավարությունն է մեդիան

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Թավշյա հեղափոխությանը հաջորդած նոր կառավարության ձևավորման ընթացքում մեդիայի միանգամից մի քանի ներկայացուցիչներ տեղափոխվեցին գործադիր մարմին։

Չմոռանալով, որ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը  մասնագիտությամբ լրագրող է և երկար տարիներ խմբագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, նշենք այն մարդկանց, որոնք նախկինում կամ մինչև նոր գործադիր մարմնի շարքերը լրացնելը ներկայացրել են մեդիան։   

Հունիսի 1-ին կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվեց մասնագիտությամբ քաղաքագետ և մարդաբան, բայց ավելի շատ CivilNet-ի եթերից հայտնի Սարգիս Խանդանյանը։ Մայիսի 31-ին, ըստ ֆեյսբուքի գրառման, Խանդանյանն ավարտել էր իր աշխատանքը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում։

Իսկ արդեն դրա հաջորդ օրը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այս կապակցությամբ, իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ «ժողովուրդն այլևս իշխանություն է»։ Աղաջանյանը նկատի ուներ այն, որ Սարգիս Խանդանյանը CivilNet-ի եթերում վարում էր «Ժողովրդի Ձայնը» հեղինակային հաղորդումը, հանդես գալով ժողովրդի անունից։

Լրագրող Կարպիս Փաշոյանը մայիսի 21-ին նշանակվեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ։ Մինչ այդ «Հրապարակ» օրաթերթի լրագրող աշխատող Փաշոյանը ֆեյսբուքում բացատրել է Արարատ Միրզոյանի առաջարկն ընդունելու պատճառը։ «Շարժառիթը մեկն է. նպաստել հեղափոխության արձանագրած նվաճումների ու արդյունքների պահպանմանը, ինչպես նաև իմ փոքրիկ ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառուցման դժվարին գործում: Վստահ եմ, լրատվամիջոցների, լրագրողների և առհասարակ հանրության հետ կկարողանանք արդյունավետ համագործակցել ու աշխատել:

Ինչ խոսք, հետաքրքիր աշխատանք է: Դե ի գործ»,- գրել է Կարպիս Փաշոյանը:

Հայաստանի առաջին փոխվարչապետ Միրզոյանը Կարպիս Փաշոյանին անվանել է «հրաշալի անձնավորություն» և որպես հետգրություն ավելացրել․ «Լրատվամիջոցների վերջին օրերի բողոքը արդեն ուրիշ հասցեատեր ունի, ես պրծա»։

Ուշագրավ է Փաշոյանի վերջին գրառումներից մեկը ֆեյսբուքում․ «Մամուլը ես եմ, մամուլն իմ մեջ է»։

Քաղաքագետ, «Ալիք մեդիայի» գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հունիսի 4-ին նշանակվեց վարչապետի խորհրդական։

Հունիսի 2-ին, վարչապետ ընտրվելուց ավելի քան երեք շաբաթ անց, Նիկոլ Փաշինյանը նշանակեց մամուլի քարտուղար։ Նա Արման Եղոյանն է։ Իրավագետ-պատմաբան Եղոյանը 2016 թվականից նույնպես աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում։

Նշանակվելուն պես, Արման Եղոյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ։

Սփյուռքի նախարարի մամլո խոսնակը Նունե Այլանջյանն է, որն աշխատել է Հանրային ռադիոյում Ռադիո «Մարշալ»-ում, «Ա1+»-ում, «Դար 21»-ում և այլ  հեռուստաընկերություններում, իսկ վերջին աշխատավայրը ParaTV-ն էր։

Կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի արդեն նախկին պատասխանատու, ժամանակին նաև ԵՊՀ լրատվական վարչությունում աշխատած Մանե Մադոյանը հունիսի 6-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մամուլի խոսնակ։

Ի դեպ, ժամանակին մեդիայի ներկայացուցիչ էր նաև այսօր արդեն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ 2012-2013 թվականներին նա Lurer.com կայքի գլխավոր խմբագիրն էր։

Ժամանակ է պետք՝ գնահատելու համար, թե կառավարությունում մեծ թվով լրագրողների ներկայությունը որքանով կընդլայնի խոսքի կամ տեղեկատվության ազատության սահմանները։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Կառավարությունն է մեդիան”
  1. Գայանե says:

    Հավելում
    Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ևս մեդիայի ներկայացուցիչ է եղել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *