Հանրային ալիքը պետք է ունենա և՛ էթիկայի կանոնագիր, և՛ օմբուդսման

06.04.2018, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» ծրագրի 2018 թվականի մարտի 9-ի թողարկման ժամանակ ներկայացված՝ «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող կանանց մասնակցությամբ սյուժեն և դրա շուրջ հետագա զարգացումների մասին media.am-ում հրապարակվեց «Ծաղրի և ներողության հետքերով» հոդվածը:

Այնտեղ կա հետաքրքիր մի դիտարկում, որի հետ միանգամայն համաձայն եմ, ուստի կմեջբերեմ.

«Երբ Հանրայինը խոստովանում է, որ խախտել է էթիկական նորմերը, ցանկալի է իմանալ, թե որտեղ կարելի է ծանոթանալ Հանրայինի էթիկայի կանոնակարգին»:

Մինչ շարունակելը ասեմ, որ ես այս խնդրին կցանկանայի ավելի վաղ անդրադառնալ, սակայն քանի որ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը տվյալ հաղորդման վերաբերյալ բողոք էր ստացել և քննում էր, ձեռնպահ մնացի՝ ԴՄ-ում քննարկման անաչառությունը կասկածի տակ չդնելու համար։

Ինքնակարգավորումը կամավոր ընդունվող նորմերի և կազմավորված մարմինների մի համակարգ է:

Այդ համակարգի կարևոր բաղադրիչն, անշուշտ, էթիկայի կանոնագրերն են, որոնք մշակում և ընդունում են այս կամ այն լրատվամիջոցը, կամ՝ լրատվամիջոցների խումբը, կամ լրագրողական կազմակերպությունը և այլն։

Իսկ կանոնագրերի դրույթների պահպանման վերահսկողությունը դրվում է կամ տվյալ լրատվամիջոցի ղեկավարության, կամ այդ ղեկավարության վարձած հատուկ անձի՝ լրատվամիջոցի օմբուդսմանի (News Ombudsman, անվանում են նաև ընթերցողների խմբագիր) վրա:

Եթե մի քանի լրատվամիջոցներ են միասնական կանոնագիր ընդունում, ապա իրենք էլ ստեղծում են Մամուլի խորհուրդ կամ այլ անվանումով մարմին (Հայաստանում, օրինակ, կոչվում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին), որը կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցների վարքը քննելու իրավասություն է ստանում։

Հայաստանում գործող լրատվամիջոցներից սեփական էթիկական կանոնագրեր ունեն «Հետքը», «Առավոտը», Գյումրիում գործող «Ասպարեզը» (նաև «Ազատություն» ռադիոկայանը, սակայն այն ընդհանուր է այդ ռադիոկայանի բոլոր ծառայությունների համար)։

Այս պահին գործում է նաև 40-ից ավելի լրատվամիջոցների ստորագրած «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը»։

Հանրային հեռուստառադիոընկերությունը, ի տարբերություն եվրոպական համանման հեռուստառադիոընկերությունների (օրինակ՝ բրիտանական BBC-ի), չունի սեփական էթիկական կանոնագիր:

Համենայնդեպս մենք նման փաստաթուղթ, որը կներառեր հանրային հեռարձակողի (հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության) ինչպես լրատվական, հասարակական-քաղաքական, այնպես էլ ժամանցային հաղորդումների էթիկական սկզբունքները, չգտանք:  

Մինչդեռ հենց հանրայինը պետք է ունենար իր կանոնագիրը, որովհետև նրան վերապահված է հատուկ առաքելություն, որը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ։ Ահա Սահմանադրության 42-րդ հոդվածի համապատասխան դրույթը.

«Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը»։

Այսինքն՝ Հանրայինի գործը մրցակցության միջոցով վարկանիշ ապահովելը չէ, նրա առաքելությունը հասարակության բոլոր խավերի պահանջմունքները բավարարելն է, նկատի ունենալով, որ պետք է հեռարձակի նաև ակնհայտ ոչ վարկանիշային հաղորդումներ և հաղորդաշարեր։

Մինչդեռ այս պահին հանրայինը զարկ է տալիս առավել շատ հենց ժամանցային-վարկանիշային հաղորդաշարերին։

Եվ ուրեմն, այդ բազմազանության ապահովումը երաշխավորելու երկրորդ քայլը (առաջինը, ինչպես հասկացանք, նրա հատուկ առաքելությունը Սահմանադրությամբ և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված լինելն է) պետք է լինի սեփական էթիկական կանոնագրի ընդունումը:

Իսկ հաջորդ քայլը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից անկախ օմբուդսմանի (հեռուստառադիոլսարանի շահերի պաշտպանի) նշանակումը։

Օմբուդսմանը պետք է անկախ լինի Հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի գործադիր ղեկավարությունից, նրա գործը պետք է լինի՝ հաղորդումներում էթիկական չափանիշների պահպանման վերահսկողությունը, լսարանի դիմումներին, բողոքներին արձագանքելն ու ընթացք տալը, էթիկական խնդիրների շուրջ զրույցներն ու պարզաբանումները և այլն:

Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե այս քայլերով Հանրայինի բոլոր խնդիրները կլուծվեն, սակայն դրանք գոնե հեռուստալսարանին հնարավորություն կտան խնդիրներ տեսնելու դեպքում հղում անել էթիկայի կանոնագրին կամ բողոք ներկայացնել հանրայինի օմբուդսմանին։

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?