Մամուլը` բիզնե՞ս, թե՞ հասարակության շարժիչ ուժ

21.07.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

ԶԼՄ-ն բիզնե՞ս է, թե՞ ոչ: Սա մի հարց: Սա հռետորակա՞ն հարց է, թե՞ ոչ: Սա էլ երկրորդ հարցը:

Սրանք հավերժ քննարկվող հարցերից են, որոնց անգամ ինքդ քեզ ես դժվարանում պատասխանել, քանի որ ամեն մի փաստարկ անմիջապես գտնում է մի տասը հակափաստարկ եւ այդպես անվերջ, շարունակ: 

Ավելին` բարդ է հարցի ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ մասը: Այդ «թե ոչ»-ի մեջ ինչ ասես կարելի է մտցնել եւ պատկերացնել: Եթե, ասենք, բիզնես չի, բա ի՞նչ է:

Բայց խոսակցություններն այս ամենի մասին գնալով խիստ աբստրակտ են դառնում, քանի որ դաժան, կապիտալիստական, ես կասեի` կոկորդիլոսամետ իրականությունն առանց մեզ լսելու իր ձեւաչափն է ամրապնդում: Եվ ոչ միայն Հայաստանում՝ գրեթե ամենուր:

Նման հարցը հեռուստատեսության վերաբերյալ ընդհանրապես միշտ կասկածելի է եղել, քանի որ այն հենց առաջին քայլերից եղել է կամ խիստ բիզնեսային ոլորտ կամ հակառակը: Բայց այդ դեպքում հեռուստաեթերը նվիրված է եղել պետական քարոզչությանը, ինչը պարզ պատճառներ ունի` մեծ լսարան եւ մեծ ծախսեր: Կամ պետք է «չորով» փող վաստակես, կամ փառաբանես Բրեժնեւին եւ Կիմ Իր Սենին, եթե հատուկ գիտակցված միտում չլինի ձեւաչափ ստեղծելու, որը կտարբերվի այս երկու տրիվիալ տեսակներից:
Այսպես շարունակ կարելի է խորհել: Բայց եկեք հակառակ կողմից նայենք խնդրին: Ի՞նչ է լինում, երբ ԶԼՄ-ն դիտվում է

[[wysiwyg_imageupload:91:]]որպես միմիայն բիզնես: Այ այստեղ կարելի է նկատել մի քանի պարզ հետեւանք:

Արդիական կապիտալիզմը, որի ամենավատ եւ անմարդկային տարբերակներից մեկին հետեւում է Հայաստանը, տնտեսական հարաբերությունների հիմքում դնում է շահույթը: Իսկ ավելի լավ է` գերշահույթը: Մնացած բոլոր հանգամանքները համարվում են երկրորդական: Նման կոկորդիլոսամետ կապիտալիզմի մյուս հատկություններից մեկն այն է, որ այն գրեթե բոլոր մարդկային հարաբերությունները ձգտում է վերածել տնտեսականի:

Բնականաբար եթե ԶԼՄ-ն սկսում է ընկալվել որպես հերթական բիզնես, շահույթը դառնում է դրա ուղնուծուծը: Իսկ այստեղ երկար մտածել պետք չէ. դեռ Հին Հռոմում ուղեղ լվացող ջոջերը լավ գիտեին` եթե մարդկանց ընկալում ես որպես ամբոխ, իրենք ամենաշատը եւ ամենահավեսով տրվում են իրենց բնազդներին: Հետո սկսվում է  դեգրադացիայի երկար եւ անմխիթար ճանապարհը: Իսկ նման զանգվածը ամենալավ հաճախորդների բանակն է, որն անկուշտ կլանում է էժանագին արտադրանքը:

Այսպիսի զարգացումների դեպքում պարզ է, որ մենք արդեն իսկ պետք է մոռանանք, որ կարող էինք խոհանոցներում վիճել նման հարցերի շուրջ.
●     Չպե՞տք է արդյոք մամուլը ճաշակ զարգացնի
●     Չպե՞տք է արդյոք մամուլն ինքը անընդհատ զարգանա
●     Չպե՞տք է արդյոք մամուլն իր լսարանից մի քիչ առաջ լինի եւ ուղղորդի նրան դեպի բարին, գեղեցիկը եւ խելացին

Իհարկե պետք է, բայց ոչ այսօր եւ ոչ այս հասարակության մեջ, քանի որ սա միայն մամուլի հարցը չէ: Հասարակարգ ունենք, որի անունը նույնիսկ հստակ չգիտենք, չենք գիտակցում, թե այն ինչ հիմքերի վրա է դրված՝ կապիտալի՞զմ է Հայաստանում,  անարխո-սոցիալի՞զմ, թե՞ մի այլ բան: Երբ Լենին պապիկը դեռ ողջ ու գրեթե առողջ էր, ընդունված էր վիճել տարբեր հասարակարգերի՝ լավ եւ վատ լինելու մասին: Այսօր Հայաստանում քաղաքական կուսակցություններն իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչ ուղղվածություն ունեն: Իսկ երբ գիտակցված մոտեցումներ չկան նման հարցերում, մամուլն էլ շարժվում է ամենաքիչ էներգիա կլանող եւ ամենաբիզնեսային ճանապարհով:

Մնացեք մեզ հետ:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?