Ժանրային խառնաշփոթ

23.03.2012, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում հասունացել է մի իրավիճակ, երբ ցանկացած դեպք կարող է ընկալվել միաժամանակ որպես անսասան հիմքերի նկատմամբ արված ոտնձգություն եւ որպես խիզախ ու ազատ ստեղծարար դրսեւորում: Այսինքն, ըստ մեկնաբանության՝ դեպքի հերոսները կամ կպախարակվեն (ընդուպ մինչեւ դատապարտվելն ու բանտարկվելը) կամ էլ օրինակելի կհամարվեն (շքանշան, պատվոգիր կամ պատգամավորական մանդատ ստանալով):

Եվ ստացվում է, որ ստոր դավաճանից (հիմնականում՝ ազգի) մինչեւ ազատական փրկիչ (նույնպես ազգի) ոչ թե մեկ քայլ է, այլ՝ ակնթարթ: Ամեն բան կախված է դիտորդի ու մեկնաբանողի քմահաճույքից: Նաեւ այն մեդիա կազմակերպություններից, որոնք կամ խոհեմ ողջունում կամ խոհեմ քննադատում են իշխանական կառույցների կողմից արվող որոշումները:

Եվ քանի որ իշխանական կառույցները հաճախ զարմանալի, անգամ՝ շշմեցնող քայլեր են անում, մեդիա դաշտի գործը ավելացել է: Հենց մեդիա միավորներն են փորձում արդարացում գտնել բավականին իմաստազուրկ որշումները հանրությանը ներկայացնելու համար:

Ընդհանրապես Հայաստանում իշխանական համակարգը սկսել է ուրախ խափանումներով աշխատել եւ որպես դրա հետեւանք մեր կյանքում շատացել են աբսուրդային իրավիճակները: Օրինակ, իրար են բախվում բարոյական նորմերն ու եկեղեցական կանոնները, ազգային անվտանգությունն ու երիտասարդ բլոգերի լեքսիկոնը, խոսքի ազատ վաճառքն ու մարմնի ազատ վաճառքը, կեղծ բարոյախոսությունն ու շուկայական հարաբերությունները: Պատմամշակութային հուշարձանները հանդիպում են ՀՀ Մշակույթի նախարարին ու քանդվում են, ՀՀ կառավարությունը տարածքներ է օտարում ու հանձնում այլ պետությանը որպես սեփականություն՝ ներկայացնելով այդ գործը որպես ազգային շահից բխող առաքելություն:

Մեր հայրենիքում ընդհանրապես առաքյալները շատացել են: Դրանց շարքն է անցնել, օրինակ, Ռազմական ոստիկանությունը, որը բլոգեր Հովհաննես Իշխանյանին հրավիրել է «Ուվալնյատի օրը» պատվածքների գրքի վերաբերյալ գրավոր բացատրություններ տալու: Հետո բացատրությունների կարիք է զգացել նաեւ առաքելական դերի մեջ մտած Ոստիկանության Կենտրոնական քննչական բաժինը: Ուժային կառույցների կարծիքով՝ հեղինակն իր ստեղծագործությամբ տարածում է պոռնոգրաֆիկ տեսարաններ ու ոչ վայելուչ բառապաշար, որոնք վիրավորում են աղջիկների արժանապատվությունն ու հարվածում բանակի իմիջին:

Դրան զուգահեռ Ոստիկանությունը արգելք է դրել հայաստանյան մարմնավաճառաների գործը լեգիտիմացնող (մարմինը ժամով վաճառքի հանելու գնացուցակները հրապարակող ու լուսանկարները տեղադրող) կայքի վրա:

Կարելի է հիշել նաեւ անորոշ ապագա ունեցող կիսաքանդ Երեւանի Փակ շուկան, որը քանդվում է հենց պատմամշակութային շահերի պաշտպանության քողի ներքո (ՀՀ Մշակույթի նախարարը հիշատակել է սանիտարական նորմերը, որոնք երեւի թե առաջնային են այդ գերատեսչության համար):

Բոլոր երեք հիշատակված դեպքերը մեդիա դաշտը խիստ խտրականորեն է ներկայացնում: Հեռուստաէկրանին կարելի է տեսնել հիմնականում բարոյախրատական հռետորությունը որպես վահան օգտագործելու պրակտիկան (որն ի դեպ՝ ավելի բարձր է դասվում, քան օրենքի տառը): Ալիքները խիստ քննադատության են ենթարկում եւ պոռնոկայքը, եւ գեղարվեստական ստեղծագործությունը, միաժամանակ ողջունելով ունիկալ ճարտարապետական կառույց հանդիսացող Փակ շուկայի «մոդեռնացումը» (եվրոդռներով ու պատուհաններով սուպերմարկետ դառնալը):

Աբսուրդը սովորաբար ուժգնանում է, երբ մի ժանրում (ոլորտում) արված գործը քննադատում են մեկ այլ ժանրի (ոլորտի) կանոններով: Տեղի է ունենում իրավաբանական, մշակութային ու քրեական խառնաշփոթ, որի «մեղավորներից» մեկն էլ մեր հեռուստատեսությունն է: Այն շրջանառության մեջ է դնում դեպքերը՝ կարեւորելով ոչ թե դրանց ժանրը, տեղն ու իմաստը, այլ  իշխանական համակարգի մեկնաբանությունը: Դեպքը ի վերջո, մի փոքր ավելի է, քան արձանագրությունը: Այն նաեւ համատեքստ է:

Ոչ մի հեռուստալրագրող ինքն իրեն չի հարցնում՝ ինչո՞ւ է հենց Ոստիկանությունը պաշտպանում մեր բարոյական նկարագիրը, կրոնն ու մայրենի լեզուն, իսկ հենց այդ նույն վայրկյանին հեռուստաալիքները ոտնահարում են մայրենին՝ օտար պետության լեզվով ֆիլմեր ու հաղորդումներ հեռարձակելով:

Ուշագրավ է, որ Փակ շուկան քանդվում է գմբեթից (փոխանակ վերանորգվի կոյուղին), իսկ մարմնավաճառներին ներկայացնող կայքը մեծ աղմկով է փակի տակ է դրվում, մինչդեռ դա ընդամենը շուկայական հարաբերությունների դրսեւորում (պոռնոինդուստրիայի իննովացիոն տարբերակ) է, այլ ոչ թե եղած պրոբլեմի լուծում:

Հետաքրքիր է կստացվի՞ գեղարվեստական ստեղծագործությունը վերլուծել քրեական օրենքներով, իսկ պոռնոկայքը փակելով՝ վստահություն ունենալ, որ մարմինը վաճառելու ցանկություն այսուհետ չի լինելու: Թե կոյուղին էլ մշակութայի՞ն հարց է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?