«Ես պատերազմ էի մեկնել լուսանկարելու, ոչ թե կռվելու»

03.02.2017, Խաչմերուկ

Արցախյան պատերազմը վավերագրած լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի համար լուսանկարչական օբյեկտիվից այն կողմ պատերազմը թատրոն է: Իրական պատերազմում ես հայտնվում, երբ աչքը հեռացնում ես օբյեկտիվից:

«Լուսանկարչական սարքը դեմքիդ ես հպում, մի աչքդ փակում, հայտնվում օբյեկտիվում, չես տեսնում ինչ է կատարվում, կամ ով կա կողքիդ: Անգամ եթե վտանգը մեծ է, աշխատում ես ճիշտ գտնել նկարի դինամիկան: Այդ պահին պետք է անջատվես ամեն ինչից, կադրը ճիշտ որսաս, ինչի համար էլ նախ անհրաժեշտ է ընկալել միջավայրը: Դժվար է լուսանկարել պատերազմը, վավերագրել մնայուն կադրերը: Տեսանկարահանումը ուրիշ է, որսում են կադրն ու շարժումը, կարող են մի փակ տեղից էլ այդ ամենը նկարել: Անշուշտ վտանգը նույնն է, բայց ֆոտոյի դեպքում չես կարող մի տեղից կանգնած լուսանկարել»,- բացատրում է ֆրանսիահայ լուսանկարիչը:

Պատերազմի դեմքը, ցավն ու դաժանությունը Մաքսը որոշում է լուսանկարել, երբ 1992 թվականին իր ծննդավայր Մարսելում դիտում է Արցախյան գոյամարտի մասին պատմող Ցվետանա Պասկալևայի վավերագրական ֆիլմը: Երբևէ Հայաստանում չեղած Մաքս Սիվասլյանը միանգամից մեկնում է Լեռնային Ղարաբաղ` մարտական գործողությունների թատերաբեմ:

«Այդ ֆիլմից հետո լուսանկարչի իմ աշխարհում ինչ որ բան փոխվեց: Որոշեցի, որ պետք է մասնակցեմ այդ կռվին, բայց ոչ թե զենքով այլ իմ լուսանկարչական սարքով: Նպատակս էր` տեղի ունեցող ռազմական գործողությունները անցկացնել  ֆոտոխցիկովս: Մինչ այդ պատերազմ երբեք չէի լուսանկարել: Փոխարենը նկարում էի ու ցույց տալիս աղքատությունը Բանգլադեշում, Հնդկաստանում, Աֆրիկյան երկներում, Չինաստանում, Կենտրոնական Ամերիկայում… Իմ թեման էր աշխարհի հեռավոր անկյուններում ապրող մարդկային թշվառությունը, ծայրաստիճան աղքատությունը»,- պատմում է Սիվասլյանը:

1992-1994 թվականներին լինելով հակամարտության առաջին գոտում, Սիվասլյանն իր լուսանկարներում հավերժացնում է ռազմական գործողությունները, որպես պատմություն դրանք թողնելով հետագա սերունդների համար:

Հորադիզ, հունվար, 1994թ., լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի

Նրա լուսանկարները հրատարակվում են Nouvelle d’Armenie ամսագրում, ֆրանսիական ու միջազգային մամուլում: 2001 թվականին նրա լուսանկարները տեղ են գտնում «Սև այգի, պատմություն պատերազմի մասին» գրքի մեջ: Այսօր էլ Մաքս Սիվասլյանը Nouvelle d’Armenie ամսագրի ֆոտոթղթակիցն է:

Հիշում է, որ այն տարիներին լուսանկարում էր ժապավենով ու որպեսզի լուսանկարները տպագրվեին, պետք էր ժապավենները հասցնել Ֆրանսիա:

«Ամեն անգամ չէի կարող գնալ-գալ Փարիզ, բայց պարտադիր պետք է ուղարկեի: Գնում էի հյուրանոց կամ օդանավակայան, գտնում ֆրանսիա մեկնողների, խնդրում, որ ժապավենները տեղ հասցնեն: Այն ժամանակ Հայաստանում հնարավոր չէր երևակել գունավոր սլայդերը»,-պատմում է նա:

Մաքս Սիվասլյանի համար լուսանկարչության ոսկե կանոնը մեկն է`գնալ ու աշխատել այնտեղ, որտեղ չեն եղել այլ լուսանկարիչները, ցույց տալ նորը, չկրկնվել:

«Այդ տարիներին լուսանկարիչները քիչ էին, ֆոտոլրագրողները գալիս էին դրսից, ընդամենը երեք օր անցկացնում Ղարաբաղում ու հեռանում: Առաջին օրը հանդիպում էին կառավարության անդմամներին, երկրորդ օրը` վիրավորներին  հիվանդանոցներում, երրորդ օրը բարձրանում դիրքեր: Ու վերջ, դա նրանց բավարարում էր, մինչդեռ պատերազմը նկարելը ժամանակ է ոպահանջում»,-ասում է նա:

Խոստովանում է. պատերազմ նկարելը ադրենալին է, իսկ պատերազմական գործությունների կենտրոնում լինելու համար նախևառաջ համարձակություն է անհրաժեշտ:

«Առանց դրա հնարավոր չի, ինչպես ապուրը հնարավոր չի առանց աղ: Երբ վիճակը շատ վատ էր, ուզում էի հեռու լինել, փախչել այն ամենից, ինչ տեսնում էի, վախ կար ներսումս, սթրես էի տանում, բայց ամենակարևորը` ինքդ քեզ հաղթահարելն է: Ու եթե անգամ հեռանում ես, ապա նորից ես վերադառնում: Հենց դա է ադրենալինը, որը քեզ նորից տանում է դեպի պատերազմ»,-ասում է լուսանկարիչը:

Նա կարծում է, որ լրագրողները, օպերատորները կամ լուսանկարիչները մեկնում են հակամարտության գոտիներ ոչ միայն իրավիճակը ցույց տալու համար, այլև այն պատճառով, որ նրանց ձգում է նույն այդ ադրենալինը:

«Պատերազմը լուսաբանողները շատ լավ գիտակցում են, որ իրենց կյանքը վտանգում են, միայն այնտեղ գնալը արդեն իսկ վտանգ է ու համարձակություն, ու երբեք չգիտես թե ինչ կլինի: Առաջին գծում, որտեղ մահը քո առջև է, ճակատագրի ձեռքերում ես հայտնվում: Գուցե տասն անգամ գնաս, և ոչինչ չպատահի, բայց մեկ անգամն էլ կարող է քեզ վտանգել, ու տեղի ունենա անխուսափելին»,-ասում է նա:

Մարտակերտի շրջանի գյուղերից մեկի մոտ ընթացող մարտերի ժամանակ Մաքս Սիվասլյանը երկու անգամ բեկորային վնասվածք է ստացել:

«Ականի պայթյունից շատ ծանր վիրավորվել էի` թոքս էր, բայց չգիտեի, որ վիրավոր եմ: Կողքիս մեկը մահացավ, ես ցավեր ունեի մեջքիս շրջանում, բայց կարծում էի քար է դիպչել: Կես ժամվա ընթացքում մի հատ էլ վիրավորվեցի, տեսա թե ինչպես բեկորը ծնկիս միջով անցավ, բայց դարձյալ չէի մտածում, որ կարող է այլևս չվերադառնամ կռվի դաշտ»,-պատմում է պատերազմի լուսանկարիչը, ավելացնելով, եթե հագին պաշտպանիչ բաճկոն լիներ, գուցե վտանգը այդքան շատ չլիներ:

Ապրիլ 2016թ., Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի

Պատերազմի տարիներին, երբ խաղաղ իրավիճակ էր, «տղերքը» իրենք էին խնդրում, որ Սիվասլյանն իրենց լուսանկարի, սակայն կռվի պահին լուսանկարվելուց խուսափում էին:

«Իհարկե, նկարում էի, երբ խնդրում էին, բայց ոչ միշտ, քանի որ ընդամենը ժապավենի 28 կադր ունեի ու պետք էր խնայել այդ կադրերը: Կռվի պահին, գոռում էին.«Մի նկարի, քանի անգամ ասացինք զենքը վերցրու ու մեզ օգնի»: Այս իրավիճակը կրկնվել է մի քանի անգամ: Ամենադժվարը հենց սա է. քո մեջ պետք է հաղթի լուսանկարիչը, որքան էլ ասեն՝ զենքը վերցրու: Միակ օգնությունս եղել է, երբ օգնել եմ զենքերը տեղափոխել: Ես պատերազմ էի մեկնել լուսանկարելու, ոչ թե կռվելու»,- անկեղծանում է Սիվասլյանը:

Նա Արցախում էր նաև ապրիլյան պատերազմի առաջին օրերին: Սիվասլյանը դարձյալ վավերացնում էր պատերազմի դաժան դեմքն իր լուսանկաներնում, որոնք այսօր արդեն պատմություն մասն են կազմում:

Գայանե Մկրտչյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?