Լուիզա Վարդանյան. «Մեդիան՝ փոփոխությունների գործիք»

15.09.2017, vox populi

Ձմեռային սառը առավոտ, երեքշաբթի, ժամը ինը։ Հայաստանի ամերիկյան համալսարանի առջև բազում աստիճաններից կազմված երկար գորգն արագ հաղթահարած, շնչակտուր, բայց ժամանակին ժամանած, նստած էի առաջին շարքի ծայրում։ Աչքերս հառած էին դեպի գրատախտակը, ուր մեծ տառերով գրված էր “Intro to Journalism”, այսինքն` Ժուռնալիստիկա։ Նայում էի գրվածին և սուզվում կասկածանքներիս սառը օվկիանոսը։ «Արդյո՞ք հմուտ ինժեներների ընտանիքից լավ ժուռնալիստ–մեդիագետ դուրս կգա»: Եվ այդպես նստած էի առաջին շարքի ծայրում, լսում էի և մոլորվում դասի բուռն քննարկումների մեջ։ Դասն արծվի թռիչքի պես արագ ճախրեց, անցավ։ Մտամոլոր դուրս եկա լսարանից, և ոտքերս ինձ տարան լսարանի դիմացը գտնվող փափուկ «բեժ» բազմոցների մոտ, որոնք նայում էին դեպի հսկայական թափանցիկ պատուհանները։ Փռվեցի բազմոցներից մեկին։ Աչքերս սառեցին Արարատի ճերմակ պատկերին, որը բացվել էր արթնացած Երևանից վեր։ Այդ ժամ ես հասկացա, որ սխալ ճանապարհ եմ ընտրել։

Իմ ջերմ օջախում հաճախ լսում էի ինժեներական տերմիններ, որոնք չնայած որ ականջիս կարծես հարյուր տարվա ծանոթ էին դարձել, մեկ է մնում էին անհասկանալի։ Ընդունում էի, որ դա «իմ խելքի բանը չէ» և փորձում էի բազմատեսակ մասնագիտությունների դաշտից գտնել իմը։ Ես էի մանկաբույժը և ուսուցիչը։ Ես էի թարգմանիչը և լեզվաբանը։ Բայց, հաստատ ես մեդիան չէի։ Մտորում էի. «Ո՞վ է մեդիան, ժուռնալիստը։ Մի սև կատու, ում ճանապարհին հանդիպելիս` պետք է շրջանցել կամ փոխել ճանապարհը»: Ի վերջո, որոշեցի, դիմեցի և դարձա Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի և Հաղորդակցության» ֆակուլտետի ուսանողուհի այն պայծառ մտքով, որ գնալու եմ թարգմանչության բաժին, այլ ոչ հաղորդակցությանը։ Բայց իհարկե հարյուր տոկոս չգիտես, թե վաղը ճակատագիրը ինչ կմատուցի իր սկուտեղով։

Օրինակ, ինձ մատուցեց պարտադիր մեդիայի և ժուռնալիստիկայի դասեր։ Որքան էլ փորձում էի հեռու մնալ սև կատվից, ահա, ժամանեց այն օրը երբ ես ստիպված եղա չշրջանցել և չփոխել ճանապարհս, այլ շարունակել քայլերս հստակորեն դեպի առաջ։ Ռիսկով չէի։ Վախկոտ էի և կարծրատիպերով լի։ Սակայն, երբ ձեռքերիդ նյարդերը վայելում են սև կատվի փափուկ մորթին և նայում ես նրա մեծ կանաչ աչքերի մեջ, քնքշությամբ ես լցվում։

Դարձա մեդիայի երկրպագու։ Ինքս չհասկացա թե ինչպես և ինչու։ Բայց հիշում եմ, թե երբ։ Երբ համակարգչիս Գուգլ Քռոմի կայքերի ցանկի մեջ սկսեցին ավելանալ Ֆոքս Նյուզը (Fox News), Բիբիսին (BBC), Հետքը, Սիվիլնեթը (Civilnet) և մի շարք այլ լրատվամիջոցներ։ Երբ հետաքրքրությունս ինձ ստիպեց հետազոտել տարբեր ժամանակների ֆոտոժուռնալիստիկայի օրինակները։ Երբ սկսեցի ուշադրություն դարձնել գրելաոճին։ Կարդում էի, հետազոտում, գրում, զայրանում, պատռում, հուզվում, կրկին գրում և վերջապես ուրախանում։

Ինֆորմացված դարձա։ Ուրիշը դարձա։ Հասկացա, որ այսօրվա մեդիայի և ժուռնալիստիկայի բերքերը վաղը կլինեն երեկվա մի պատմություն։ Հասկացա նաև, որ երկրորդ հոդվածիս մեջ կատարած ոճաբանական սխալները կուղղի, կների և կբացատրի միայն դասախոսս, բայց ոչ հարյուրավոր ընթերցողները։ Հասկացա, որ մեդիա լինելը ռիսկային պատասխանատվություն է։

Ես եմ մեդիան, երբ ես հմուտ գրող եմ, լավ հոգեբան, իրազեկված քաղաքացի, վաղվա համար պատասխանատու ուսուցիչ, հետաքրքրասեր գիտաշխատող, բոլորը միասին։ Ես եմ մեդիան, երբ ես գժվելու աստիճան սիրում եմ լինել այս բոլորը և ինձ զգալ մեդիա։

Ձմեռային սառը առավոտ, երեքշաբթի, ժամը տասն անց քսանյոթ։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսսեան մասնաշենքի երրորդ հարկի բազմոցներին փռված` հասկացա, որ գժվելու աստիճան սիրում եմ մեդիան։ Հասկացա, որ հմուտ ինժեներների ընտանիքից կարող է լավ ժուռնալիստ–մեդիագետ դուրս գալ։ Հասկացա, որ մեդիան կարող է լինել անհավատալի փոփոխությունների գործիք։  

Լուիզա Վարդանյան,
ՀԱՀ, «Անգլերենի և Հաղորդակցության» ֆակուլտետի, երրորդ կուրսի ուսանող:
Այս աշխատանքն արժանացել է 2017թ. «Ես եմ մեդիան» մրցույթի երրորդ տեղի մրցանակին

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?