Օլիմպիադան Հայաստանյան մեդիայում

Օլիմպիադան Հայաստանյան մեդիայում
Լուսանկարը Հ1-ի Facebook-ի էջից
« Երիտասարդ հեռուստամեկնաբաններից շատերն առաջին անգամ էին լուսաբանում այնպիսի խոշոր սպորտային հավաք, ինչպիսին Օլիմպիադան է »

Ամառային Օլիմպիադան Լոնդոնում ավարտվեց: Արդյունքները թողնենք մի կողմ: Մի փոքր խոսենք դրանց լուսաբանումից:

Հայաստանի համար Օլիմպիադայի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը Հանրային հեռուստաընկերությունն էր: Լոնդոնում աշխատում էր Հանրայինի  սպորտային հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը: Բնական է, որ  սեփական թղթակցի ներկայությունը մեծ առավելություն է: Մենք ծանոթ էինք Լոնդոնում հանդես եկող մեր սպորտսեմենների մարզավիճակի վերաբերյալ բոլոր մանրամասներին:

Այլ խոսակցություն է, թե ինչ ռեպորտաժներ էին հեռարձակվում Հանրայինով:  Հայաստանի մարզիկները առաջին 8 օրը չկարողացան մեդալ նվաճել: Այդ օրերին, երբ մրցում էին մեր սպորտսմենները, հեռուստամեկնաբանները, հատկապես ծանրամարտիկների դեպքում, հույս էին տալիս  հեռուտադիտողներին, թե մեդալի հավանականություն կա: Այնինչ, բավական էր ներկայացնել մարզիկի վերջին ելույթների համեստ ցուցանիշները եւ պարզ կլիներ, որ տվյալ օրը Լոնդոնում Հայաստանի հավաքականի համար մեդալ շահելու հնարավորությունները մոտ են զրոյի: 

Երիտասարդ հեռուստամեկնաբաններից շատերն առաջին անգամ էին լուսաբանում այնպիսի խոշոր սպորտային հավաք, ինչպիսին Օլիմպիադան է: Բացառությամբ Գիլոյանի, գրեթե բոլոր սպորտային մեկնաբանները հիմնականում ֆուտբոլային խաղերի հեռարձակմանն են մասնակցել: Ճիշտ կլիներ ուղիղի եթերներին ներգրավել տարբեր սպորտաձեւերի մարզիկների, մարզիչների: Այդպիսի հաջողված փորձ եղավ օգոստոսի 11-ին, երբ Ազատ ոճի ըմբշամարտը Կարեն Գիլոյանի հետ մեկնաբանում էր Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Մի քիչ տարօրինակ էր Հ1-ով հեռարձակվող սպորտաձեւերի ընտրությունը: Պարզ է, որ առաջին հերթին պիտի հեռարձակվեին մեր մարզիկների ելույթները, հասկանալի է, որ ցուցադրման նախապատվությունը տրվել էր ըմբշամարտին, քանի որ հենց այդ մարզաձեւի ֆեդերացիան էր հեռարձակման հովանավորը: Սակայն այլ օրերին ցուցադրվում էին այնպիսի մարզաձեւեր, որոնք այնքան էլ հետաքրքիր չէին Հայաստանի հեռուստադիտողին: Օրինակ, ձիասպորտը: Մենք չտեսանք բադմինտոնի, մեծ եւ սեղանի թենիսի, դինամիկ մարզաձեւերի հեռարձակում: 

Հանրայինի համար նշեմ նաեւ Facebook-ով Լոնդոնի օլիմպիադայի դինամիկ եւ օպերատիվ լուսաբանումը:

Ցանցային լրատվամիջոցներով Օլիմպիադայի լուսաբանումը աղքատիկ էր: Հայաստանյան մեդիայի քիչ ներկայացուցիչներ էին ներկա Լոնդոնում: Նյութերի մեծ մասը արտատպում էր՝ մի կայքը վերցնում էր մյուսից`առանց համապատասխան հղում անելու:

Օրինակ, նյութը այն մասին, թե ինչպես է Իլհամ Ալիեւը Ադրբեջանի ներկայացուցչի հետ Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտից առաջ հեռացել մարզադահլիճից: Ասում են՝ ենթադրել է, որ Հայաստանի ներկայացուցիչը հաղթելու է: Լուրը տարածել էին armsport.am, slaq.am, yerkir.am, xsport.am, haynews.am եւ այլ ուրիշ կայքեր: Բայց այդպես էլ պարզ չեղավ, թե որ կայքն էր առաջինը այս տեղեկատվությունը վերցրել Ջուլֆալակյանի Facebook-ի էջից եւ դրանից նորություն կազմել:

Տիգրան Հովհաննիսյան

Հեղինակի մասին

Լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License