Քաղաքացիական մասնակցության նոր մոդելները տեղեկատվական նոր միջավայրում

18.01.2017, vox populi

ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ հրապարակված զարմացնող վիճակագրության ողջ հոսքի մեջ առանձնանում է մեկ ուշագրավ տվյալ. քվեարկության իրավունք ունեցող գրեթե 100 միլիոն ընտրողներ (ընտրազանգվածի 47%-ը) չեն քվեարկել:

Դա ամենացածր ցուցանիշն է վերջին 20 տարիների ընթացքում: Երկիրը պատրաստվում է անցում կատարելու արմատապես տարբեր քաղաքական կուրսի, իսկ քվեարկող հանրության գրեթե կեսը անհաղորդ է գործընթացներին:

Անշուշտ, պատճառները մտորելու առիթներ են տալիս:

Հնարավոր է մարդիկ հուսախաբ են եղել համակարգից կամ այլևս չեն հավատում, որ պետական նշանակության հարցերում իրենց ձայնը կշիռ ունի: Բայց երբ այդքան մեծ քանակությամբ մարդիկ որոշում են չկիրառել ժողովրդավարության ամենակարևոր իրավունքներից մեկը, դա արդեն ավելի մեծ խնդրի ախտանիշ է:

«Թվապատում» կոնֆերանսը հետաքննական լրագրության մասին է, այն պահպանիչ-հսկողական դերի, որը կատարում է ազատ մեդիան՝ ասելով ճշմարտությունն իշխանություններին: Սակայն որպեսզի հետաքննող լրագրողների կրած անհավանական ռիսկերն իմաստ ունենան ու ավելի հաշվետու դարձնեն կառավարությունների ու ընկերությունների աշխատանքը, անհրաժեշտ է, որ հասարակությունը վստահի լրագրողների հայթայթած տեղեկությանն ու գիտակցի, որ կարելի է դիմել գործողությունների՝ օգտագործելով այդ տեղեկությունը:

Այսօր իմ երկրում (հավանաբար նաև ձեր) ավելի քիչ են վստահում մեդիայի հաղորդած լուրերին, քան նախորդ տասնամյակներում էր:

Վերջին ընտրությունները բացահայտեցին ԱՄՆ-ում մեդիայի մութ կամ թերի կողմերը և նախանշեցին այն աշխատանքը, որը պետք է կատարենք: Նաև ի ցույց դրեցին կառուցվածքային թերությունները: Այս ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի մեդիայի մասնակցության և առաջիկա մարտահրավերների լավագույն վերլուծություններից մեկը պատկանում է Ջոշուա Բենթոնին, որը գլխավորում է Հարվարդի համալսարանի Նիման լաբորատորիան (նա նաև Միջազգային լրատվության նախագծի նախկին անդամ է):

Ըստ Բենթոնի կանխատեսումների՝ այն ուժերը, որոնք անցյալ նոյեմբերին ԱՄՆ-ի մեդիային մղել էին ձախողումների, ամենայն հավանականությամբ կսաստկանան: Նրա նշած բազմաթիվ գործոնների շարքում (ներառյալ կեղծ լուրերի թվի աճը և լրատվամիջոցներին արձագանքող սոցիալական հարթակների սահմանափակ հեռանկարային հնարավորությունները) էական է տեղական լրատվական կազմակերպությունների նվազումը՝ այն ինչ նա անվանում է «համայնքի ողնաշար»:

Թվանշանային դարաշրջանի տնտեսությունը մասամբ պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի մեդիան կենտրոնացել է Նյու Յորքում, Լոս Անջելեսում և մայրաքաղաք Վաշինգտոնում՝ նվազելով կամ գրեթե վերանալով երկրի կենտրոնական հատվածից:

Լուիս Լիֆը «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսին

Տեղեկատվական այս նոր լանդշաֆտը պահանջում է նոր մոտեցումներ: Լրագրողներին անհրաժեշտ է գտնել նոր ուղիներ բազմազան համայնքների հետ հարաբերություններ կառուցելու համար՝ օգտագործելով ցանցային աշխարհի հնարավորությունները: Աջակցել քաղաքացիներին, ակտիվացնել քաղաքացիական կյանքը, քաջալերել վարելու ավելի արդյունավետ դիսկուրս, որը չի սահմանափակվի սոցիալական մեդիայի «Share» և «Like» կոճակների սեղմումով:

Ես ուսումնասիրում եմ լրագրողական աշխարհի ներսում և դրանից դուրս գործող քաղաքացիական ներգրավվածության նոր մոդելները, որոնք վերաձևում և նորովի են ներկայացնում լրագրողի դերը քաղաքացիական կյանքում: Լսարանը՝ անհաղորդ դիտողից վերածվում է տեղեկատվություն հայթայթող ակտիվ մասնակցի:

Բերենք մի քանի օրինակ.

ԱՄՆ-ի շահույթ չհետապնդող հետաքննական լրագրության առաջատար կազմակերպություններից մեկը՝ ProPublica-ն, մի քանի դեպքերում օգտագործել է նման բաց մեթոդը: Նրանք հանրությանը խնդրեցին պատմել, թե ինչ դրամական օգնություն են ստացել Կարմիր Խաչից որպես փոթորիկի ավերվածությունների փոխհատուցում: Եվ դա այն դեպքում, երբ կազմակերպությունն ինքը հրաժարվել էր բացահայտել այդ տեղեկությունը: ProPublica-ն ստեղծեց  թվային մի ապահով ֆայլ-փոստարկղ այդ փաստաթղթերի համար:

Մեկ այլ հետաքրքրաշարժ մոդել ծնվել է Չիկագոյի հանրային ռադիոկայանում՝ WBEZ-ում: Նրանց ստեղծած «Հարցասեր քաղաքը» թվային հարթակում կուտակվում ու քննարկում են հանրության կողմից բարձրացված տարբեր հարցեր: Լրագրողները տեղեկանում են խնդիրների մասին, հետո դրանց հիման վրա պատմություններ ստեղծում և փորձում պատասխաններ գտնել՝  ներգրավելով նաև իրենց ունկնդիրներին:

«Հարցասեր քաղաքի» հեղինակներից մեկը հիմնադրեց «Hearken» ընկերությունը, որը համանման գործիքներ է առաջարկում այլ խմբագրություններին արդեն գլոբալ մասշտաբով՝ օգնելով ունկնդիր հասարակությանը մասնակից դառնալ լրատվական պատմությունների ստեղծմանը: Նրանք կիրառում են գնային սահող սանդղակ, այնպես որ նույնիսկ ամենափոքր խմբագրությունները կարող են դրա մասը դառնալ:

Կենդանի ֆորումների ու իրադարձությունների հովանավորումը թույլ է տալիս լրատվական կազմակերպություններին հասարակության հետ խորը, բազմամակարդակ հարաբերություններ կառուցել և խթանել արդյունավետ քաղաքացիական երկխոսությունը: Մյուս կողմից դա նաև շահութաբեր գործ է:

Փոքր, շահույթ չհետապնդող «Տեխաս Թրիբյուն» լրատվական կազմակերպությունը որպես բիզնես մոդել ստեղծեց մի դինամիկ համագործակցություն ուղիղ եթերով հեռարձակումների և առցանց լրագրության միջև: «Թրիբյուն»-ը նահանգով մեկ ցրված քաղաքական գործիչներին հրավիրում է մասնակցելու տեղական լուրեր քննարկող կենդանի ֆորումներին և պատասխանելու լսարանի հարցերին: Դա օգնում է ձեռք է բերել նոր լսարան, որը ծանոթանում է առցանց բովանդակությանը, կուտակում է տեղեկությունը և ստեղծում արդյունավետ հետադարձ կապի հնարավորություն:

Այս մոտեցումները թույլ են տալիս լսարանին փորձարկել փաստերի ուժը և կառուցել դեպքերը՝ հիմնվելով նաև լսարանին մտահոգող և լսարանի կողմից հավաքագրված վկայությունների վրա:

Մարդիկ, որոնք կիրառում են այս նոր մոդելները, ամենևին էլ չեն ակնկալում, թե մասնակիցները կսկսեն զբաղվել ամբողջ աշխարհի գործերով: Նրանք մասնակիցներին խնդրում են անել ընդամենը մեկ փոքրիկ բան և բարձր են գնահատում ցանկացած ներդրում (քննարկումները ֆորումներում, մեկնաբանությունները, սեփական հետազոտությունները, փաստերի ստուգումը):

Այնուամենայնիվ, այս տրանսֆորմատիվ մոդելները բախվում են որոշակի բարդությունների: Այն պարագայում, երբ Ֆեյսբուքը և Գուգլը կլանում են գովազդային շահույթների առյուծի բաժինը, ԱՄՆ-ի տեղական լրատվական կազմակեպությունների մեծ մասը կրճատման ուղի է բռնել: Ըստ Ամերիկյան լրատվության ինստիտուտի տնօրեն Թոմ Ռոզենշտեյլի՝ վերջին տարիներին թերթերի խմբագրություններում աշխատող լրագրողների թիվը 35%-ով կրճատվել է՝ առանց (որպես հավասարակշռում) ապահովելու տեղական այլ լրատվամիջոցների աճը:

Իսկ ավելի փոքր համայնքներում ոլորտը կաթվածահար անող այս գործընթացը շարունակվում է: Շատ խմբագրություններ պարզապես չունեն մասնագիտական այն ներուժը, որը ընդունակ է պատասխանելու այնպիսի բարդ հարցերի, որոնք պահանջում է մեծ քանակի տվյալների հավաքագրում կամ ստեղծում: Դա հատկապես բարդ է այն դեպքերում, երբ չկա հուսալի տվյալների պաշտոնական բազա:

Համագործակցության նոր մոդելները նաև խթանում են մասնակիցների համարձակությունն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, դրդում դիմելու քաղաքացիական ակտիվ քայլերի:

Մարդիկ հարաբերություններ են կառուցում ոչ միայն մեդիայի, այլև միմյանց հետ:

Տարբեր ուսումնասիրություններ փաստում են՝ տեղական քաղաքացիական կյանքի մեջ ներգրավված մարդիկ ավելի հակված են մասնակցել ընտրություններին և քվեարկել:

Նոր տեղեկատվական էկոհամակարգում մեդիայի պահապանի դերը փոխվում է: Եթե լրագրողներին հաջողվի գտնել իրենց համայնքների հետ հարաբերությունները հաստատող և զարգացնող նոր և ավելի արդյունավետ ուղիներ, ապա նրանք ձեռք կբերեն հանրության վստահություն, իսկ հետաքննական լրագրությունը կդառնա շատ ավելի կարող ուժ:

Լուիս Լիֆ
Վաշինգթոնի Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցի Հետաքննական լրագրության արհեստանոցի հրավիրյալ մասնագետ

Հ.Գ. Լուսի Լիֆի ամբողջական հոդվածը՝ համայնքների ու մեդիայի համատեղ աշխատանքի հաջող օրինակներով հնարավոր կլինի կարդալ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից տպագրվող «Թվապատում Հետաքննություն» ժողովածուում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?