Զարգացող իրադարձություն, որը չի զարգանում

03.10.2018, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Հոկտեմբերի 2-ին, երեկոյան Երևանում անսպասելի կերպով ծագեց թեժ ու զարգացող իրադարձություն. Ազգային ժողովը շուտափույթ ընդունեց ու քվեարկեց կանոնակարգում փոփոխությունների օգտին, իսկ Նիկոլ Փաշինյանը նույնքան շուտափույթ կանչեց ժողովրդին արտահերթ հանրահավաքի:

Տասնյակ հազարավոր մարդկանց մոբիլիզացիան տեղի ունեցավ արագ, գեղեցիկ ու անորոշ հեռանկարներով, քանի որ պարզ չէր, թե ինչպիսի ավարտ կունենա առճակատումը՝ խորհրդարանում գտնվող պատգամավորների ու ժողովրդական ալիքի շնորհիվ իշխանության եկած քաղաքական նոր ուժի միջև:

Ժողովուրդը, որը եկել էր Բաղրամյան պողոտա ու հետագայում մուտք գործեց նաև Ազգային ժողովի պուրակ, միևնույն ժամանակ պահանջատերն էր, լսարանն ու վկան: Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ամենահզոր ու միակ ռեսուրսը:

Այս արտահերթ հավաքը իրադարձություն էր, որը պետք է զարգանար, պարզապես անհասկանալի էր, թե այդ զարգացումները ինչպիսի ընթացք, ռիթմ, դիտարժանություն կունենան:

Իսկ դիտարժանությունը կարևոր էր, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո վերգետնյա սփռում ունեցող հեռուստաալիքներից մի քանիսը առաջին անգամ որոշեցին լուսաբանել զանգվածային հավաքները ուղիղ հեռարձակմամբ:

Հեռուստաալիքները օգտագործեցին առիթը ցուցադրելու համար, որ իրենք դեռ կան, որ հեռուստացույցը դեռևս լիակատար դիակ չէ, որին պետք է ուղարկել պատմության գիրկը, այլ միջոց՝ զանգվածային հավաքը զանգվածային կերպով արտացոլելու համար:

Ապրիլ-մայիս ամիսներից հետո ալիքները որոշակի հետևություններ են արել, հոգեպես պատրաստվել են փոխվելու և հիմա անսպասելի հավաքն այլևս չէին արհամարհում, այլ ջանասիրաբար փորձում հարմարեցնել հեռուստաեթերի ձևաչափերին: «Շանթը», «Արմենիան», Հանրային հեռուստաընկերությունը, «ԱրմՆյուզը» ներկայացրեցին հայտ (կամ շարունակեցին ներկայացնել), որ իրենք խաղից դուրս չեն:

Եվ առաջին անգամ է, որ լսարանը (առնվազն, որոշակի տոկոս) դիտեց հեռուստացույց՝ տեղեկություն, ոչ զուտ զվարճանքի չափաբաժին ստանալու համար:

Իհարկե, ուղիղ եթերում անորոշ ժամանակ ու ելք ունեցող իրադարձության լուսաբանումը պահանջում է ոչ միայն ցանկություն ու հոգեպես պատրաստակամություն, այլև հմտություն, որը կարելի է անվանել քչախոսություն:

Պարզ է, որ եթե ուղիղ եթերում ցույց ես տալիս համբերատար սպասող մարդկանց զանգված, առանձնապես ասելու բան չկա, քանի դեռ հայտարարություն կամ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Մանավանդ, որ համբերատար ու լուռ զանգվածը կարող է շատ երկար մնալ համբերատար ու լուռ: Ինչն, իհարկե, դիտարժան չէ ու ենթակա է լրացվել ընդհատումներով:

Ինտերնետում լայվ հեռարձակող կայքերը կարող են հաճախ չմիջամտել հանդարտ պատկերին՝ վավերացնելով կենդանի ու իր ուրույն մթնոլորտն ունեցող իրադարձությունը, բայց այլ ռիթմի ու թանկ եթերաժամանակի սովորած հեռուստացույցում չմիջնորդավորված կյանքը չի ընկալվի որպես ռեալիթի-շոու:

Եվ բնական է, որ լուռ լուրերի սպասող հավաքի մասնակիցների կադրերը պետք է լրացնել հավելյալ տեղեկությամբ: Ինչն էլ ալիքները անում էին՝ տաղավարներից միացումներով, դեպքի վայրից միացումներով, հավաքին նախորդած մանրամասներով, կրկին միացումներով տաղավարներից:

Բառերն ու նախապատմությունները զուգորդվում էին իլյուստրատիվ մեկնաբանություններով, երբ օրինակ լրագրողն ասում է, որ հիմա գտնվում է մարդկանց շարքում, մարդիկ շատ են, մարդիկ սպասում են, մարդիկ ավելի շատ են, հիմա ավելի շատ են, սպասում են, թե ինչ կլինի: Այսինքն, տեսանյութը վերածում էին բառերի, լուսագրերի պես մի բանի:

Իրականում, բառի ու պատկերի բալանսը բարդ է որոշելը, դա ավելի շատ կախված է տվյալ լրատվամիջոցի ընտրած տեսանկյունից:

Խնդիրն այն է, որ ալիքներն իրենք իրենց ընտելացրել էին ժամանցային բովանդակությանը, երբ հարկավոր է ոչ թե աշխատել ընդգծել դադարները, այլ ամեն գնով թաքցնել դրանք: Դա ավելի շատ ոչ թե լրագրողի, այլ կոնֆերանսյեի գործն է, որն էլ հիմա շատ է խանգարում ալիքներին:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?