2018.09.18,

Նյուսրում

Արվեստի և հումանիտար բացառիկ գրականություն՝ մեկ ցանցում

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Արվեստի և հումանիտար ոլորտներում գործող յոթ կազմակերպություններ ստեղծել են անկախ գրադարանների ցանց, որում մի քանի հազար կտոր գրքեր են, այդ թվում՝ բացառիկ նմուշներ:

Libraries.am կայքում գրանցվելով, հնարավոր է փնտրել անհրաժեշտ գիրքը, պատվիրել և ընթերցել: Ցանցի կազմակերպություններից ոմանք արդեն շատ հայտնի են որպես արվեստի կամ հումանիտար գրադարաններ:

4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը ցանցի բաժանորդներին առաջարկում է գեղարվեստական և վավերագրական լուսանկարչության գրքեր ու ալբոմներ:

Ֆոկուս արվեստի գրադարանը ունի արվեստի, փիլիսոփայության, ճարտարապետության և գեղարվեստական գրականություն:

Հովհաննիսյան ինստիտուտը հրատարակությունների, թարգմանությունների, հանրային նախաձեռնությունների, գրադարանի և արխիվի միջոցով քաջալերում է պատմագիտակից և տեսաբանական հիմնավորվածություն ունեցող հետազոտություններ: Հովհաննիսյան գրադարանը ցանցում ներկայացրել է բացառիկ գրականություն, այդ թվում՝ հնատիպ:

Արվեստ Հայաստան հիմնադրամի առաջարկած գրականությունը հիմնականում վերաբերում է ժամանակակից արվեստին։ Կան նաև վավերագրական նյութեր, լուսանկարներ ու պաստառներ, արխիվներ։

Ժամանակակից արվեստի ինստիտուտի գրադարանը նույնպես libraries.am-ում ներկայացված է արվեստի գրքերով։

Ֆեմ գրադարանը ներկայացնում է ֆեմինիստական գրականություն և նախատեսում տարածք՝ ֆեմինիստական կրթության համար: Իսկ ավելի քան 600 անուն գրքեր ունեցող Միրզոյան գրադարանը շարունակվում է համալրվել աշխարհի տարբեր անկյուններից նվիրաբերված գրքերով, դրանք առաջարկելով Libraries.am-ի բաժանորդներին։

Անկախ գրադարանների ցանցի նպատակն է հասանելի դարձնել ժամանակակից արվեստի, հումանիտար հետազոտությունների եւ հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների գրապահոցները։ Հետազատողները, ուսանողներն ու հումանիտար ոլորտի մասնագետները հնարավարություն ունեն իրենց ուսումնասիրություններն իրականացնելիս օգտվել վերջին տասնամյակներին հրատարակված բազմալեզու գրականությունից։

Ցանցի համահիմնադիր Նորա Գալֆայանն ասում է, որ յոթ կազմակերպություններն էլ մայրաքաղաքային են, բայց հիմքեր կան պնդելու, որ մարզերում նույնպես գործում են կազմակերպություններ հարուստ գրադարաններով, որոնք կարող են միանալ ցանցին։ Անհատները նույնպես կարող են միանալ ցանցին, եթե ունեն հարուստ մասնագիտական գրադարան։  

Առայժմ ընթերցողներին հասանելի են միայն ֆիզիկական գրքերը։ Դրանք չեն թվայնացվի, քանի որ աշխարհում խիստ է դրված հեղինակային իրավունքի հարցը։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *