Նամակը՝ թավշյա հեղափոխության «փամփուշտ»

11.05.2018, Նյուսրում

Լրագրող

Հեղափոխությունը նաև գաղափարախոսությունների կռիվ է։ Եվ գաղափարախոսությունները ճակատամարտում են թե ուժի միջոցով, թե տեղեկատվական դաշտում։

Թավշյա հեղափոխության օրերին տեղեկատվական կամ քարոզչական պայքարն ընթացավ նաև նամակներով։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դուստրը՝ Նարեն, մայիսի 2-ին  հանդես եկավ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով։ Նամակի հիմնական ուղերձը՝ ուղղված Փաշինյանին ու մյուս հեղափոխականներին, հետևյալն էր՝ ձեր սիրո հեղափոխությունն իմ կյանք ատելություն է բերել։ Հեղափոխության գալով՝ հեռացել են Նարեի ընկերները։

Այս նամակը կրակը բորբոքող հրավտանգ նյութի ազդեցություն ունեցավ։

Նա ապագա վարչապետին խնդրում էր անչափահասներին սովորեցնել, որ ատելությունը լավ չէ։  

Այդ նամակը հանրության մի մասին մոտ առաջացրեց կարեկցանք, մի մասի կողմից առաջ եկավ դիմադրություն։ Սոցիալական ցանցերում քննադատում էին ՀՀԿ-ական քաղաքական գործչի դստերը, հակադարձելով, որ նրա հոր և այլ քաղաքական գործիչների կայացրած որոշումները տարիներ շարունակ թանկ են նստել հազարավոր երեխաների վրա։ Անգամ վարկածներ առաջ քաշվեցին, թե իբր նամակը գրել է ոչ թե 17-ամյա Նարեն, այլ՝ հայրը։

Ամեն ինչ դրանով չավարտվեց։ Մի քանի օր շարունակ գրվեցին պատասխան բաց նամակներ։

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը բաց նամակով Նարեին հուշում է, որ նամակի հասցեատերը չպետք է Փաշինյանը լիներ․ «Նամակդ սխալ հասցեով ես ուղարկել․ այն պիտի ուղարկեիր հայրիկիդ։ Սա բնավ հեգնանքով չեմ ասում, այլ՝ սիրով։ Խոսիր հայրիկիդ հետ, բացատրություն պահանջիր, թե ժողովուրդն ինչու է իրեն ու իր կուսակիցներին այդքան ատում»։

Երեք օր անց բաց նամակով հանդես եկավ արցախյան պատերազմի մասնակցի դուստր Անին։ «Քո դժգոհությունը տեղին է, արդարացված ու ճիշտ, սակայն այդտեղ կա լոկ մի սխալ՝ հասցեատերը»,- գրում է 17-ամյա Անին, նկարագրելով, թե ինչպիսի դժվար կյանքով են ապրում իր ընկերները, իր հոր ազատամարտիկ ընկերները, նրանց ընտանիքները։

17-ամյա Մինաս Մարտիրոսյանը պատասխանել է Նարե Շարմազանովային, նրան «քույր» անվանելով և նշելով, որ երբ Էդուարդ Շարմազանովը խնամք է տանում Նարեի նկատմամբ, վերջինս չի նկատում, որ իր նման բազմաթիվ երեխաներ քաղցած են․ «Երկու տարի առաջ մի աղջկա էի սիրահարվել, բայց ես գումար չունեի, որպեսզի նրան պաղպաղակ հյուրասիրեի, թվում է թե պաղպաղակը հասարակ բան է...»։

Նարե Շարմազանովայի նամակն անգամ հումորային արձագանքի առիթ տվեց։ Կայքերում տարածվեց իբր թե Գալուստ Սահակյանի կողմից գրված նամակը։ Այնուհետև հայտնվեց հայ պաշտոնյայի նամակը՝ ուղղված դստերը։ Հիմնական ուղերձը հետևյալն է՝ ես ամեն բան արել եմ, որպեսզի դու ոչ մի բանի կարիք չունենաս:

Յաշա Սոլոմոնյանը էլ նամակ է գրել, բայց ոչ թե Նարե Շարմազանովային, այլ՝ Էդուարդ Շարմազանովին։ «Այն պահից սկսած, ինչ ձեր չարի կուսակցությունը ներխուժեց ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ, ես և իմ ուսանող ընկերները հայտնվեցինք սահմանագծից այն կողմ՝ որպես ընդդիմադիրներ, որպես «2֊րդ սորտի» մարդիկ: Ցանկանում եմ, որ մեր ու ձեր երեխաներն ապրեն ու մեծանան հավասար հնարավորությունների Հայաստանում, որ երբեք էլ չիմանան, թե ինչ է անարդարությունը»,- գրում է Յաշան։

Ոմանք որպես պատասխան՝ հիշեցրել են վաղեմի տեսանյութը, երբ Նիկոլ Փաշինյանի զավակները Արթիկ ՔԿՀ-ի դիմաց սպասում են իրենց հոր ազատ արձակվելուն։

Բաց նամակների պայքարն ավարտվեց այն ժամանակ, երբ հանգուցալուծվեց բաց ձեռքերի պայքարը։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?