2018.05.15,

Քննադատ

Հեռարձակման ոլորտն առաջնահերթ խնդիրներից է

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Ամենից առաջ փաստենք, որ նախորդ մոտ տասնութ տարիների ընթացքում իշխանությունների հետ մի քանի օրենքների վերաբերյալ համագործակցությունը դրական է եղել, և մենք ստացել ենք «Զանգվածային լրատվության մասին» ու «Տեղեկատվության ազատության մասին» բավականին հաջող օրենքներ, որոնք ընդունումից հետո չեն ենթարկվել փոփոխությունների, գործում են և կարծես թե երբևէ չեն խոչընդոտել լրագրողների և լրատվամիջոցների գործունեությունը։

Բավականին հաջող էր նաև համագործակցությունը զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ։

Թեպետ ապաքրեականացումից հետո մի տևական ժամանակաշրջան լրատվամիջոցների դեմ դատերի բում եղավ և բավականին մեծ փոխհատուցումներ էին վճռվում դատարաններում, այսուհանդերձ, վերջին տարիներին դատարաններն սկսել են ավելի համարժեք վճիռներ կայացնել։

Սակայն կա մի օրենք, որն ընդունվելուց հետո փոփոխվել է քսանից ավելի անգամ, խմբագրվել և վերախմբագրվել է ամբողջությամբ, սակայն դրական փոփոխությունները քիչ են եղել և իշխանություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը չի ստացվել, առավելապես իշխանության դիրքորոշման պատճառով։

Խոսքը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին է վերաբերում։

Այստեղ որևէ սկզբունքային առաջարկ, որն իշխանությունները համարել են վտանգավոր, քանի որ իրենց պատկերացմամբ դրա շնորհիվ հեռարձակվող լրատվամիջոցները դուրս կգան վերահսկողությունից, չի ընդունվել և մերժվել է։

Արդ, թեպետ 2018 թվականի ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխության ժամանակ լրատվամիջոցների գործունեությունն ուղղակիորեն ապացուցեց, որ ավադական եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները մեծապես կորցրել են իրենց ազդեցությունը, այսուհանդերձ առաջիկայում դեռևս տևական ժամանակ նրանք մնալու են հասարակական կարծիքի վրա ազդելու կարևորագույն միջոց։

Այդ իսկ պատճառով լրատվության ոլորտում առաջնահերթ է մնում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» (մենք կառաջարկեինք «Հեռուստառադիոհեռարձակման մասին» անվանումը) նոր օրենքի ընդունումը, որը պետք է մի քանի սկզբունքային խնդիր լուծի։

Դա նախ և առաջ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի (2015 թվականի սահմանադարական փոփոխություններով այս կարգավորող մարմնի անվանումից հանվել է ազգային բառը) և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմավորման այնպիսի կարգերի սահմանումն է, որոնք կապահովեն այս մարմինների իրական անկախությունը։

Թեպետ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 197-րդ հոդվածն արդեն իսկ սահմանել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, այդպիսով սահմանափակելով օրենքով կարգավորումներ անելու հնարավորությունը, այսուհանդերձ, անդամների ընտրության մրցույթների կազմակերպման կարգ սահմանեով կարելի է հասնել որոշակի փոփոխությունների։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հարցում, բարեբախտաբար, Սահմանադրությունը կարգավորումներ չունի, և այստեղ օրենքի նախագիծը մշակողները շատ անելիքներ ունեն։

Ժամանակին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ աշխատանքային խումբը այս մարմինների կազմավորման հիրավի հեղափոխական առաջարկներ է ներկայացրել, որոնք չեն ընդունվել։

Հիմա, կարծում ենք, ժամանակն է նորից քննարկել դրանք։

Եթերային հեռարձակման դաշտի ազատականացման ուղղությամբ կարևորագույն խնդիրներ են մնում թվային հեռարձակման ցանցով հեռուստահեռարձակում իրականացնելու լիցենզավորման մրցույթների կազմակերպումը (մանավանդ, որ առաջիկա մրցույթները նախատեսված են արդեն 2020 թվականին) եւ հեռարձակման ոլորտ մասնավոր մուլտիպլեքսորների մուտքի ապահովումը։

Այս կարգավորումների վերաբերյալ նույնպես վերոհիշյալ աշխատանքային խումբն ունի իր առաջարկությունները։ Խոսքը, մասնավորապես, տեղական փոքր մուլտիպլեքսների ստեղծման հնարավորություններ ընձեռելուն, ինչպես նաեւ՝ հեռուստառադիոընկերությունների պարզ լիցենզավորում սահմանելուն է վերաբերում։

Թվարկածները հիմնական, սկզբունքային եւ հնարավորինս արագ օրենսդրական կարգավորում պահանջող հարցեր են: Մնացած խնդիրները ածանցյալ են սրանցից:

Մեսրոպ Հարությունյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *