«Լրագրողի ձերբակալումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ»

23.04.2014, Խաչմերուկ

Հայ-ադրբեջանական հակամարտությունն իր հայելային արտացոլումն է ստանում մեդիա դաշտում, որտեղ Ադրբեջանի կողմից սկսել են կիրառվել պատժիչ մեխանիզմներ: 

Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ կալանավորվել է ադրբեջանական «Զերկալո» պարբերականի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պետությունը դավաճանելու, հօգուտ Հայաստանի լրտեսելու մեղադրանքով: Նրան ներկայացված մեղադրականում նշվում է, որ Միրկադիրովը Հայաստան կատարած իր երեք այցերի ժամանակ հայկական կողմին տեղեկություն է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի ներուժի եւ տեղեկայման մասին:

Որպես ադրբեջանցի լրագրողի ռեզիդենտ՝ հիշատակվում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, ով այս մեղեդրանքը լիակատար անհեթեթություն է որակում:

Իր Ֆեյսբուքյան էջում նա այսպես է մեկնաբանել տեղի ունեցածը. «Նման մեղադրանքները ստորացուցիչ են հենց Ադրբեջանի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների համար, որովհետեւ իրենք գրոշի արժեք ունեն, եթե նման տեղեկություն կարող է ունենալ «Զերկալո» թերթի հասարակ, բայց տաղանդավոր եւ կոռեկտ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը»

«Ռեգիոն» կենտրոնը 2001 թվականից սկսած զբաղվում է տարածաշրջանային կոնֆլիկտների ու քաղաքական իրավիճակի վերլուծությամբ: Լաուրա Բաղդասարյանը բնական է համարում, որ այս տարիների ընթացքում հայ եւ ադրբեջանցի լրագրողները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել եւ գործնական ծրագրեր իրականացրել:

Միրկադիրովի եւ Բաղդասարյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ Երեւանում` «Նորավանք» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովում: 

Լաուրա, ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ այս նախադեպը: Առաջին հայացքից լրագրողին ներկայացված մեղադրանքը նույնիսկ ծիծաղելի է թվում:

Իրականում հետեւանքները կարող են շատ լուրջ լինել եւ հաստատ ոչ ծիծաղելի: Իհարկե, նախորդ տարիներին նույնպես տարբեր մարդիկ մեղադրվում էին «ծախված» լինելու համար, բայց, որպես կանոն, նման մեղադրանքները լուրջ չէին ընկալվում (էմոցիոնալ խոսքերը անցնում-գնում էին), իսկ հիմա սա ավելի քան լուրջ է, որովհետեւ Ռաուֆ Միրկադիրովին ծանրագույն մեղադրանք է առաջադրված`Ադրբերջանի պետական անվտանգության դավաճանություն: Իսկ դա 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում է ենթադրում:

Շատ ցավալի է, որ հարցականի տակ է դրվել իմ լավ կոլեգայի ճակատագիրը: Ռաուֆ Միրկադիրովը շատ հայտնի լրագրող է, ում խոսքը ազդեցիկ է ոչ միայն ադրբեջանական, այլեւ միջազգային մեդիայում: Եվ հիմա այս անհեթեթ մեղադրանքի պատճառով նրա կյանքն է խեղվում:

Նաեւ վախենում եմ, որ այս դեպքից հետո հայ-ադրբեջանական շատ ծրագրեր կարգելակեն, եւ այլեւս ոչ մի ադրբեջանցի լրագրող չի համարձակվի համագործակցել հայ գործընկերների հետ: Երկու տարի առաջ մենք համատեղ կայք էինք ստեղծել, եւ հիմա անհայտ է՝ կշարունակի՞ այն գործել, թե՞ ոչ:

Ադրբեջանը ձեզ ռեզիդենտ է անվանում, ով պետական գաղտնիքներ է կորզել ադրբեջանցի լրագրողից: 

Որպես ռեզիդենտ՝ նշում են ինձ ու նաեւ մեկ այլ` դեռեւս անանուն անձնավորության: Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաղորդել են, որ ավելի ուշ կբացահայտեն նրան:

Փաստորեն ստացվում է, որ ես «վերբովկա» եմ արել Ռաուֆ Միրկադիրովին ու հոնորար վճարել ինֆորմացիայի համար (հետաքրքիր է՝ ի՞նչ փողերով): Սա այնքան անհիմն ու անհեթեթ հայտարարություն է, որ անգամ մեկնաբանելն է անիմաստ:

Եվ հետո էլ հարց է ծագում. ինչու՞ այս մեղադրանքը ներկայացվեց հենց հիմա: Չէ՞ որ Միրկադիրովին մեղադրում են 2008-2009 թթ. կատարված լրտեսություն համար, բայց ձերբակալեցին միայն հինգ տարի անց:

Այդ իրավիճակը ինչպե՞ս պիտի մեկնաբանի հայկական կողմը: Եվ արդյո՞ք դա պետք է անել, թե՞ ոչ:

Հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում (իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հենց այդպիսի վիճակում են) համատեղ իրականացվող աշխատանքն ու այդ աշխատանքի հանդեպ վերաբերմունքը միանշնական լինել չեն կարող: Բնական է, որ այդ երկրների հատուկ ծառայությունները պետք է աշխատեն միմյանց դեմ: 

Պարզապես Հայաստանում վերաբերմունքն ավելի հանգիստ է: Օրինակ՝ մեզ մոտ չեն կշտամբում նրանց, ով արձակուրդն անցկացնում է Թուրքիայում կամ շփումներ է ունենում հակամարտող կողմի ներկայացուցիչների հետ: Իսկ Ադրբեջանում այդպես չէ:

Չեմ կարծում, թե Հայաստանը պիտի արձագանքի այս կեղծ մեղադրանքին:

Ձեր կարծիքով` ինչու՞ է պատժվում հատկապես լրագրողը:

Լրագրողները շատ են շփվում, ինֆորմացիա են փոխանակում:
Եթե թշնամական երկրի հետ ցանկացած կոնտակտ չի ողջունվում, ապա այդ կարգը խախտած ցանկացած մարդուն էլ անհրաժեշտ պահին կարող են մեղադրանք ներկայացնել:

Ինչպես ասում են, մարդ լինի, իսկ նրան դատելու հոդված միշտ էլ կգտնվի:

Չի բացառվում նաեւ, որ ձերբակալման դրդապատճառները բոլորովին այլ են, քանի որ Ռաուֆը երեք տարի աշխատում էր Թուրքիայում ու իր հստակ դիրքորոշումն ուներ Սիրիայի հարցում: Բայց դա միայն իմ ենթադրություններն են: 

Կարծում եմ`այս ձերբակալումը ոչ միայն լրագրողական դաշտի, այլեւ ավելի գլոբալ ախտորոշման մասին է վկայում: Պարբերաբար տեղեկատվական նետումներ են իրականացվում՝ տեսնելու համար, թե ինչ կլինի: 

Հիշում եմ` տարիներ առաջ, երբ աշխատում էի «Հայաստանի Հանրապետություն» թերթում, հանգիստ կարող էի զանգահարել ադրբեջանցի լրագրողներին ու վերլուծաբաններին, խոսել նրանց հետ, հարցազրույց վերցնել, տպագրել: Նույնն էլ իրենք էին անում:

Բայց հիմա Ադրբեջանի բանաձեւը փոխվել է, եւ հայերի հետ համագործակցությունն այդ բանաձեւի մեջ չի մտնում: Հայրենասիրության նրանց եւ մեր ընկալումները տարբեր են:

Ռուսաստանի մեդիան նույնպես խստորեն գրաքննվում է եւ հենց հայրենասիրության տեսակետից: Արդյոք մե՞նք էլ պիտի պատրաստ լինենք նման շրջադարձի:

Ընդհանրապես խոսքի ազատությունն այն չափանիշն է, որով ախտորոշվում է երկրի վիճակը: Եվ երբ սկսում են խոսքի ազատության ամրակները ձգել ու տարբեր օրինագծերով ու մեղադրանքներով սահմանափակել այն, դա լավ բանի մասին չի վկայում: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

Զրուցեց՝ Նունե Հախվերդյանը

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?